Եզեկիէլ մարգարեյի գիրք
37
1Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մէջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։ 2Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը։ Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին։ 3Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդեօք կը կենդանանա՞ն այդ ոսկորները»։ Ես ասացի. «Տէ՛ր Աստուած, այդ դու գիտես»։ 4Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր այդ ոսկորների վրայ եւ ասա՛ դրանց. «Չորացա՛ծ ոսկորներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները։ 5Այսպէս է ասում Տէր Աստուած այդ ոսկորներիդ. ՚ Ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ ե մ բերելու, 6ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրայ միս եմ բերելու եւ մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, եւ դուք կենդանանալու էք։ Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը»։ 7Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը։ Ու երբ մարգարէացայ, մի ձայն լսեցի. յետոյ շարժում եղաւ. եւ ոսկորը ոսկորի հետ մօտեցաւ բոլոր յօդերին։ 8Տեսայ, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրայ մաշկ էր ձգւում, բայց դրանց մէջ դեռ շունչ չկար։ 9Նա ասաց ինձ. «Մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր շնչի վրայ եւ ասա՛ շնչին. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ՚ Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրայ, եւ նրանք կը կենդանանան՚«»։ 10Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը։ Ու շունչ մտաւ նրանց մէջ, եւ կենդանացան։ Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրայ. դա բազմախուռն մի ժողովուրդ էր։ 11Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայէլի ամբողջ տունն են։ Դրանք ասում են. «Չորացան մեր ոսկորները, մեր յոյսը կտրուեց, ու մենք մեռանք»։ 12Ուստի մարգարէացի՛ր ու ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ՚ Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները եւ հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Տանելու եմ ձեզ Իսրայէլի երկիրը։ 13Ու պիտի իմանաք, որ ես եմ Տէրը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ 14Իմ հոգին տալու եմ ձեզ, եւ դուք կենդանանալու էք։ Ձեզ դնելու եմ ձեր երկրում, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։ Ասացի ու կատարելու եմ՚«», - ասում է Տէր Աստուած։ 15Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 16«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ համար մի գաւազա՛ն վերցրու եւ դրա վրայ գրի՛ր՝ Յուդային, Իսրայէլի զաւակներին ու նրանց մերձաւորներին։ Մի երկրորդ գաւազան էլ կը վերցնես ու վրան կը գրես՝ Յովսէփին, մի գաւազանի վրայ էլ՝ Եփրեմին եւ Իսրայէլի բոլոր զաւակներին, որ աւելացել են նրանց վրայ։ 17Եւ կը կցես դրանք, իրար հետ կապելով, այնպէս որ լինեն մէկ գաւազան, որը քո ձեռքին կը լինի։ 18Եւ եթէ այնպէս լինի, որ քո ժողովրդի զաւակները քեզ ասեն. «Չե՞ս ասի մեզ, թէ այդ ի՛նչ է քո ձեռքին», - 19կ՚ասես նրանց, թէ այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես վերցնելու եմ Յովսէփի այդ ազգին, որ Եփրեմի ձեռքին է, նաեւ Իսրայէլի ազգին ու նրա մերձաւորներին եւ նրանց տալու եմ Յուդայի ազգին։ Եւ նրանք լինելու են, ու դա լինելու է մէկ գաւազան Յուդայի ձեռքին»։ 20Իսկ այն գաւազանները, որոնց վրայ դու գրեցիր, լինելու են քո ձեռքին, նրանց աչքի առաջ։ 21Կ՚ասես նրանց, թէ այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես վերցնում եմ Իսրայէլի այդ տան զաւակներին ժողովուրդների միջից, որոնց մէջ մտել էին, հաւաքելու եմ նրանց իրենց շուրջը գտնուող բոլոր ազգերի միջից ու տանելու եմ Իսրայէլի երկիրը։ 22Նրանց դարձնելու եմ մէկ ազգ՝ իմ երկրում, Իսրայէլի լեռների վրայ. որպէս թագաւոր՝ մէկ իշխան է լինելու նրանց վրայ։ Այլեւս երկու ազգերի բաժանուած չեն լինելու, ոչ էլ երկու թագաւորութիւնների են բաժանուելու, 23որպէսզի այլեւս չպղծուեն իրենց կուռքերով, իրենց գարշելի արարքներով, իրենց ամէն տեսակ ամբարշտութիւններով։ Նրանց փրկելու եմ իրենց բոլոր անօրէնութիւններից, որոնց մէջ մեղանչեցին, մաքրելու եմ նրանց, եւ նրանք ինձ համար ժողովուրդ են լինելու, եւ ես իրենց համար՝ Աստուած։ 24Եւ իմ ծառայ Դաւիթն իշխելու է նրանց վրայ, լինելու է մէկ հովիւ նրանց բոլորի համար, որպէսզի նրանք իմ պատուիրաններով ընթանան, օրէնքներս պահեն ու դրանք գործադրեն։ 25Ապրելու են իրենց երկրում, որ ես եմ տուել իմ ծառայ Յակոբին, եւ ուր բնակուել են նրանց հայրերը։ Նրանք էլ են բնակուելու այնտեղ, նրանց որդիներն ու որդոց որդիներն էլ՝ յաւիտեան։ Իմ ծառայ Դաւիթն էլ իշխելու է նրանց վրայ՝ յաւիտեան։ 26Խաղաղութեան դաշինք եմ կնքելու նրանց հետ, եւ այդ ուխտը յաւիտենական է լինելու նրանց հետ։ Հաստատելու եմ նրանց ու բազմացնելու, սրբարանս էլ դնելու եմ նրանց մէջ՝ յաւիտենապէս։ 27Բնակութեանս տեղն էլ է իրենց մէջ լինելու. ես նրանց համար Աստուած եմ լինելու, եւ նրանք ինձ համար՝ ժողովուրդ։ 28Ազգերն էլ պիտի իմանան, որ ես՝ Տէրս, կը մաքրեմ նրանց, երբ սրբարանս յաւիտենապէս լինի նրանց մէջ»։ 29Գոգի ու Մագոգի մասին