Եզեկիէլ մարգարեյի գիրք

39

ԳՈԳԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ

1«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր Գոգի մասին ու ասա՛. “Այսպէս է ասում Տէր . ահա ես քեզ դէմ եմ, Գո՛գ, իշխա՛նդ Ռոսմեսոքի ու Թոբէլի։ 2Հաւաքելու եմ քեզ եւ առաջնորդելու եմ, հանելու եմ քեզ հիւսիսի կողմերից ու բերելու եմ քեզ Իսրայէլի լեռները։ 3Դէն եմ գցելու աղեղդ քո ձախ ձեռքից, նետերդ էլ՝ քո աջ ձեռքից։ 4Կործանելու եմ քեզ Իսրայէլի լեռների վրայ, եւ դու ու քո շուրջը բոլոր գտնուողներն էլ ընկնելու էք։ Քեզ հետ եղած բոլոր ժողովուրդներն էլ կեր են դառնալու բոլոր գիշատիչ թռչուններին, կեր են դառնալու անապատի բոլոր գազաններին, 5եւ դու ընկնելու ես դաշտերի երեսին, որովհետեւ ես եմ խօսել, - ասում է Տէր Աստուած։ - 6Հուր եմ ուղարկելու Մագոգի վրայ, եւ կղզիներն ապրելու են խաղաղութեամբ։ Պիտի իմանան, որ ես եմ Տէր Աստուածը։ 7Անունս էլ սուրբ է ճանաչուելու Իսրայէլի իմ ժողովրդի մէջ ու այլեւս չի պղծուելու իմ սուրբ անունը։ Երկրի բոլոր ազգերը պէտք է իմանան, որ ես եմ Իսրայէլի սուրբ Տէրը։ 8Ահա հասել է օրը, ու պիտի իմանաս, որ դա լինելու է, - ասում է Տէր Աստուած. - այս է այն օրը, որի մասին խօսել էի։ 9Եւ պիտի ելնեն Իսրայէլի քաղաքների բնակիչները, պիտի այրեն իրենց զէնքերը, նիզակներն ու ասպարները, նետերն ու աղեղների բեկորները, տէգերի բներն ու սուինների կոթերը. 10եօթը տարի վառելու են իրենց կրակը. փայտ չեն վերցնելու դաշտերից, փայտ չեն կտրելու անտառներից, այլ զէնքերն են այրելու կրակի մէջ։ Աւարելու են իրենց աւարառուներին, կողոպտելու՝ իրենց կողոպտիչներին”, - ասում է Տէր Աստուած։

ԳՈԳԻ ԹԱՂՈՒՄԸ

11«Այն օրը Գոգին ես Իսրայէլում տալու եմ գերեզմանի յայտնի տեղ, ծովի կողմերից եկածների շիրիմը. ձորափերի շուրջը գերեզման են շինելու ու այնտեղ թաղելու են Գոգին ու նրա բոլոր բազմութիւններին։ Եւ շիրիմը կոչուելու է ‘ Գոգի հօտի գերեզման”։ 12Իսրայէլի տան զաւակներն են թաղելու նրանց, որպէսզի մաքրուի երկիրը։ 13Եօթը ամիս շարունակ թաղելու են նրանց երկրի բոլոր ժողովուրդները։ Եւ նրանց համար նշանաւոր է լինելու այն օրը, երբ ես փառաւորուելու եմ, - ասում է Տէր Աստուած։ - 14Եւ նոյն գործով զբաղուող մարդիկ հաւաքուելու են, որ գնան շրջեն երկրով մէկ, թաղեն երկրի երեսին մնացածներին եւ եօթը ամիս յետոյ երկիրը մաքրեն։ 15Ամէն ոք, ով անցնի երկրով, երբ մարդու ոսկոր տեսնի, նրա մօտ մի նշան է անելու, մինչեւ որ նրանք, ովքեր են, թաղեն այն ‘ Գոգի հօտի գերեզմանի” մէջ։ 16Քաղաքի անունն էլ Գերեզման է կոչուելու. ու երկիրը մաքրուելու է։ 17Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, այսպէս է ասում Տէր Աստուած. “Ասա՛ բոլոր գիշատիչ թռչուններին, դաշտի բոլոր գազաններին. ‘ Հաւաքուեցէ՛ք ու եկէ՛ք, հաւաքուեցէ՛ք երկրի բոլո՛ր կողմերից իմ ողջակէզի համար, որ ես եմ զոհել, մեծ ողջակէզի, որ կատարում եմ Իսրայէլի լեռների վրայ, մի՛ս կերէք ու արի՛ւն խմեցէք։ 18Կերէ՛ք միսը հսկաների, խմեցէ՛ք արիւնը երկրի իշխանների, կերէ՛ք խոյերը, եզներն ու նոխազները, որովհետեւ բոլոր եզներն էլ պարարտ են։ 19Իմ զոհած ողջակէզների ճարպը կերէ՛ք յագենալու եւ արիւնը խմեցէ՛ք հարբելո՛ւ աստիճան։ 20Դուք կը յագենաք իմ սեղանից, հեծեալներից, երիվարներից, հսկաներից ու պատերազմող բոլոր այրերից”, - ասում է Տէր Աստուած։

21“Ես փառքս տալու եմ ձեզ, ու բոլոր ժողովուրդները տեսնելու են իմ արած դատաստանը, ձեռքս, որ դնելու եմ իրենց վրայ։ 22Եւ Իսրայէլի տան զաւակները պիտի իմանան, որ ես եմ իրենց Տէր Աստուածը՝ սկսած այն օրից եւ յետագայում”։

ՅԱԿՈԲԻ ՏՈՀՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ

23“Բոլոր ժողովուրդներն էլ պէտք է իմանան, որ իրենց մեղքերի պատճառով գերեվարուեցին Իսրայէլի տան զաւակները։ Այն բանի համար, որ անարգեցին ինձ, ես երես դարձրի նրանցից, նրանց մատնեցի իրենց թշնամիների ձեռքը, ու բոլորն էլ սրից ընկան։ 24Նրանց պղծութիւնների ու անօրէնութիւնների համար արեցի այդ բոլորը եւ երես դարձրի նրանցից։ 25Դրա համար էլ այսպէս է ասում Տէր Աստուած. “Այժմ յետ եմ դարձնելու Յակոբի գերեվարուածներին, ողորմելու եմ Իսրայէլի տանը, նախանձախնդիր եմ լինելու իմ սուրբ անուան համար։ 26Եւ երբ նրանք անարգանք, անիրաւութիւն ստանան իրենց կատարած անիրաւութիւնների դիմաց, նրանց խաղաղութեամբ վերաբնակեցնելու եմ իրենց երկրում. ոչ ոք չի զարհուրեցնելու նրանց։ 27Երբ նրանց վերադարձնեմ ազգերի միջից, հաւաքեմ հեթանոսների երկրներից, սուրբ եմ լինելու նրանց մէջ, ազգերի առաջ։ 28Եւ պիտի իմանան, որ ես եմ իրենց Տէր Աստուածը, երբ նրանց յայտնուեմ ժողովուրդների մէջ։ Նրանց հաւաքելու եմ իրենց երկիրն ու այլեւս ոչ մի տեղ նրանցից մարդ չեմ թողնելու։ 29Ոչ էլ այլեւս երես եմ դարձնելու նրանցից, որ զայրոյթս թափեմ Իսրայէլի տան վրայ”», - ասում է Տէր Աստուած։ 30Տաճարի շինուածքի մասին

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն