Եզեկիէլ մարգարեյի գիրք
4
1«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ համար մի աղի՛ւս առ, այն դի՛ր քո առաջ։ Դրա վրայ կը նկարես Երուսաղէմ քաղաքը, 2շուրջը կը հաստատես նրա պաշարումը։ Նրա շուրջը մարտական աշտարակներ կը շինես, կը շրջապատես պատնէշներով, շուրջը բանակներ կը կանգնեցնես ու նետաձիգներ կը դնես չորս կողմը։ 3Քեզ համար երկաթէ մի վահան կ’առնես եւ այն, իբրեւ երկաթէ պարիսպ, կը կանգնեցնես քո ու քաղաքի միջեւ։ Դէմքդ էլ կ’ուղղես դէպի այն, կը պաշարես այն, ու սա պաշարման մէջ կը լինի։ Իսրայէլի զաւակների նշանն է դա։
4Դու կը ննջես քո ձախ կողքի վրայ ու Իսրայէլի տան անիրաւութիւններն էլ կը դնես վրադ, ըստ այն օրերի թուի, որ ննջելու ես դրա վրայ. հարիւր իննսուն օր կը կրես նրանց անիրաւութիւնները։ 5Ես քեզ եմ տուել նրանց երկու անիրաւութիւնները, օրերի թուով՝ հարիւր իննսուն օր։ Եւ դու կը կրես Իսրայէլի տան անիրաւութիւնները, 6կ’ամբողջացնես բոլորը միասին։ Դարձեալ կը ննջես, աջ կողքիդ վրայ, եւ Յուդայի տան անիրաւութիւնները կը կրես քառասուն օր. իւրաքանչիւր տարուայ դիմաց մէկ օր եմ սահմանել քեզ։
7Դէմքդ կ’ուղղես դէպի Երուսաղէմի պաշարումը, կը զօրացնես բազուկներդ եւ նրա վրայ մարգարէութիւններ կ’անես։ 8Իսկ ես ահա քեզ վրայ կապանքներ եմ դրել, ու դու մի կողքիցդ միւսին չես դառնալու, մինչեւ չվերջանան արգելափակմանդ օրերը։
9Իսկ դու քեզ համար ցորեն ու գարի ա՛ռ, ոսպ ու ոլոռ, կորեկ ու հաճար, դրանք դի՛ր խեցէ մի ամանի մէջ եւ քեզ համար հա՛ց պատրաստիր։ Ու ըստ կողքիդ վրայ քո քնելու օրերի թուի՝ հարիւր իննսուն օր կ’ուտես այն։ 10Կերակուրդ կշռով կ’ուտես. օրը քսան սիկղ որոշուած ժամերին կ’ուտես դրանից։ 11Ջուրն էլ չափով կը խմես. մի փարչի վեցերորդ մասը որոշուած ժամերին կը խմես։ 12Կերակուրդ գարուց պատրաստուած նկանակի ձեւով կ’ուտես. մարդկանց կղկղանքի վրայ կ’եփես այն, նրանց աչքի առաջ։ 13Ու կ’ասես. “Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. իսրայէլացիներն այսպէս են ուտելու իրենց հացը՝ իրենց պղծութեամբ, այն այլազգիների մէջ, ուր ցրելու եմ նրանց”։ 14Եւ ես ասում եմ. «Քա՛ւ լիցի, Իսրայէլի Տէ՛ր Աստուած, եթէ հոգիս երբեւէ ապականուի պղծութիւնների մէջ. ես մեռելոտի կամ գազանից յօշոտուած անասունի միս ծննդիցս ի վեր մինչեւ այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որեւէ պիղծ միս չի մտել»։ 15Եւ ասաց ինձ. «Ահա քեզ մարդու կղկղանքի փոխարէն արջառի քակոր եմ տուել. դրա վրայ կ’եփես հացդ»։
16Եւ Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա ես վերացնում եմ Երուսաղէմում հացի պաշարը. թող հացը կշռով ու կարօտով ուտեն, ջուրն էլ չափով ու կարօտութեամբ խմեն, 17որպէսզի կարօտ մնան հացի ու ջրի։ Ու թող կործանուեն մարդն ու իր եղբայրը, հալումաշ լինեն իրենց անիրաւութիւնների մէջ»։