Եզեկիէլ մարգարեյի գիրք

41

ՏԱՃԱՐԻ ՄՈՒՏՔԸ

1Նա ինձ տարաւ եւ չափեց նրա կամարը. լայնութիւնը մի կողմից վեց կանգուն էր, երկարութիւնը միւս կողմից՝ վեց կանգուն, 2դռան լայնութիւնը՝ տասը կանգուն, իսկ դռան խոյակներն այս ու այն կողմերից՝ հինգական կանգուն։ Չափեց նաեւ դռան երկարութիւնը. քառասուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսան կանգուն։ 3Մտաւ ներքին գաւիթը։ Չափեց մուտքի կամարը. երկու կանգուն էր, մուտքը՝ վեց կանգուն, իսկ մուտքի գլխի խոյակներն այս ու այն կողմերից՝ եօթնական կանգուն։ 4Չափեց դռան երկարութիւնը. քառասուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եւ ասաց ինձ. «Սա է սրբութիւն սրբոցը»։

ՏԱՃԱՐԻՆ ԿԻՑ ՇԻՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

5Նա չափեց տաճարի պատը. վեց կանգուն էր, տան կողքի տարածութիւնը, շուրջբոլորը՝ չորս կանգուն, 6մի կողմից միւսը՝ երեսուներեք կանգուն։ Տաճարի որմերի եւ բոլորաձեւ կից շինութիւնների միջեւ կար մի անջրպետ, որպէսզի նրանք, ովքեր ուզենային նայել ցած, ընկնէին ու երբեք չմօտենային տաճարի որմին։ 7Վերին դռան կողմերին, պատերի կողքերի միջեւ, տան շուրջը, վերին կողմում, մի լայն տարածութիւն կար, որպէսզի տան մէջ, վերեւից ու ներքեւից ընդարձակ տեղ լինէր, որտեղով ներքին յարկերից բարձրանային միջնայարկերը, այնտեղից էլ՝ վերնայարկերը։ 8Տեսայ նաեւ տան ձեղունի բարձրութիւնը. բոլորաձեւ մի անջրպետ կար, ձողին հաւասար, որը վեց կանգուն էր։ 9Արտաքին կողմի որմի հաստութիւնը հինգ կանգուն էր, 10ամբողջ տաճարի եւ կից շինութիւնների պատշգամբների միջեւ ընկած բաց տարածութիւնը՝ քսան կանգուն։ 11Պատշգամբների մի դուռը հիւսիսային մի դռան միջանցքում էր, մի դուռն էլ՝ հարաւային կողմում։ Ընդարձակ տեղի լայնութիւնը, միջանցքը լուսաւորելու համար, շուրջանակի հինգ կանգուն էր։

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇԷՆՔԸ

12Բակի դիմաց գտնուող կից շինութիւնը, որ նայում էր դէպի ծովակողմ ճանապարհը, ունէր եօթանասուն կանգուն երկարութիւն. նրա պատի հաստութիւնը հինգ կանգուն էր, երկարութիւնը՝ իննսուն կանգուն։

ՏԱՃԱՐԻ ՇԷՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԸ

13Նա չափեց տաճարի առաջը. երկարութիւնը հարիւր կանգուն էր։ Խորշերը, անջրպետները եւ պատերը հարիւր կանգուն երկարութիւն ունէին։ 14Տաճարի առջեւի տարածութեան լայնութիւնը, նրա դիմացի խորշերը հարիւր կանգուն էին։

ՏԱՃԱՐԻ ՇԷՆՔԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

15Չափեց նաեւ խորշերի դիմաց, տաճարի յետեւում գտնուող բաց տարածութեան երկարութիւնը. այդ տարածութիւնը եւ այս ու այն կողմերի խորշերը հարիւր կանգուն երկարութիւն ունէին։ 16Արտաքին տաճարը, անկիւններն ու կամարները, առաստաղները, երեք կողմերից, վանդակապատ լուսամուտներ ու լուսանցոյցներ ունէին՝ նայելու համար։ Թէ՛ տաճարը եւ թէ՛ առհասարակ նրա առաստաղները, յատակից մինչեւ լուսամուտները, տախտակապատ էին։ Լուսամուտները երեքտակ էին՝ նայելու համար, 17ինչպէս ներսից, այնպէս էլ դրսից։ Ամբողջ տաճարի վրայ, շուրջբոլորը, ներսից ու դրսից, 18քերովբէներ էին քանդակուած ու արմաւենիներ. մի արմաւենին քերովբէների արանքում էր, երկու քերովբէները՝ իրար դիմաց։ 19Արմաւենիների մի կողմում քերովբէներից մէկի դէմքը մարդու դէմք էր, միւս կողմում երկրորդինը՝ առիւծի։ Եւ այդպէս էր քանդակուած ամբողջ տաճարը, բոլոր կողմերից։ 20Յատակից մինչեւ առաստաղները քերովբէներ ու արմաւենիներ էին քանդակուած։ 21Սրբերն ու տաճարը թեւատարած էին ու քառանկիւնաձեւ բացուած։

ՓԱՅՏԷ ՍԵՂԱՆԸ

22Սրբերի դէմ-յանդիման մի կար՝ փայտէ խորանի նմանութեամբ, երեք կանգուն բարձրութեամբ, երկու կանգուն երկարութեամբ եւ երկու կանգուն լայնութեամբ, վրան՝ եղջիւրաձեւ զարդեր։ Նրա թէ՛ յատակն ու թէ՛ պատերը փայտեայ էին։ Նա ասաց ինձ. «Սա է Տիրոջ առջեւ եղած սեղանը»։

ԴՌՆԵՐԸ

23Տաճարն ունէր երկու դուռ, սրբարանն էլ՝ երկու մուտք։ Երկու դռներն էլ երկուական փեղկ ունէին. 24երկու փեղկ՝ մէկ դուռը, երկու փեղկ՝ միւսը։ 25Նրանց վրայ, տաճարի մուտքերի վերեւում, քանդակուած էին քերովբէներ ու արմաւենիներ՝ ըստ սրբարանի քանդակների։ Ազնիւ փայտէ մի կերտուածք կար կամարի դէմ-յանդիման, արտաքին կողմից։ Նաեւ նեղ լուսամուտներ։ 26Այս ու այն կողմերից նա չափեց կամարի առաստաղները, տան կողմերն էլ՝ իրար հետ վերցրած։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն