Եզեկիէլ մարգարեյի գիրք
46
ՅԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԱՄԱՐ
1Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ներքին գաւթի դուռը, որ արեւելք է նայում, վեց լուր օրերին փակ կը լինի, իսկ շաբաթ օրը կը բացուի։ Ամսագլխի օրն էլ կը բացուի։ 2Առաջնորդը կը մտնի արտաքին կամարի դռնով ու կը կանգնի դռան սեմին։ Քահանաները նրա համար ողջակիզում կը կատարեն, զոհ կը մատուցեն նրա փրկութեան համար։ Ինքը կ’երկրպագի դռան սեմին ու դուրս կը գայ։ 3Մինչեւ երեկոյ դուռը չի փակուի։ Երկրի ժողովուրդն էլ շաբաթ օրերն ու ամսագլուխներին կ’երկրպագի դռան մուտքի առաջ, Տիրոջ առաջ։ 4Եւ այն ողջակէզները, որ շաբաթ օրերը առաջնորդը կը մատուցի Տիրոջը, կը լինեն՝ առանց արատի վեց գառ, 5եփուած մաննա՝ խոյի ու գառների հետ, զոհեր ու նուէրներ՝ ըստ իր սրտի ուզածի, եւ մէկ քսեստ իւղ՝ հացի հետ։ 6Իսկ ամսամտի օրը կը մատուցի առանց արատի մի զուարակ, որ լինի հորթեր ծնած կովի ձագ (վեց գառներն ու խոյն էլ պէտք է լինեն առանց արատի)։ 7Կը մատուցի նաեւ ազնիւ ալիւր՝ զուարակի հետ, ազնիւ ալիւր ու մաննա՝ խոյի ու գառների հետ, ինչպէս որ ինքը կը կամենար տալ, ազնիւ ալիւրի հետ էլ՝ իւղ։ 8Առաջնորդը մտնելիս՝ կամարի դռնով կը մտնի, նոյն դռնով էլ դուրս կը գայ։ 9Իսկ երբ երկրի ժողովուրդը տօներին մտնի Տիրոջ առաջ երկրպագելու, ով հիւսիսային դռնով մտնի, հարաւային դռնով դուրս կը գայ, իսկ ով հարաւային դռնով մտնի, հիւսիսային դռնով դուրս կը գայ։ Չի վերադառնայ այն դռնով, որով մտել էր, այլ հակառակ դռնով դուրս կը գայ։ 10Առաջնորդն էլ, նրանց մէջ, մտնելիս՝ նրանց հետ կը մտնի, ելնելիս էլ նրանց հետ դուրս կը գայ։ 11Տօներին ու հաւաքոյթներին կը լինի՝ եփուած մաննա զուարակի հետ, մաննա՝ խոյի ու գառների հետ, ինչպէս ինքը կը կամենար տալ. մէկ քսեստ իւղ էլ՝ հացի հետ։ 12Ապա առաջնորդը Տիրոջը կը մատուցի խոստովանութեան ու կամաւոր փրկութեան ողջակէզները, իր համար բաց կ’անի արեւելք նայող դուռը եւ կը մատուցի փրկութեան համար իր ողջակէզները նոյն ձեւով, ինչպէս կատարում էր շաբաթ օրերին։ Ապա դուրս կը գայ եւ իր ելնելուց յետոյ կը փակի դռները։
13Նա Տիրոջը, որպէս ողջակէզ, կը մատուցի մէկ տարեկան առանց արատի մի ամլիկ գառ, եւ դա կ’անի ամէն օր վաղ առաւօտեան։ 14Դրա հետ, վաղ առաւօտեան, կը մատուցի նաեւ մաննա արդուի չափի մէկ վեցերորդ մասով եւ քսեստի մէկ երրորդի չափով իւղ՝ ազնիւ ալիւրին խառնելու համար։ Մաննայի ընծայումը Տիրոջը յաւիտենական հրահանգ է. 15ամէն օր վաղ առաւօտեան պէտք է մատուցուի գառը, մաննան ու իւղը, որպէս մշտնջենական ողջակէզ»։
ԱՌԱՋՆՈՐԴԻ ՈՐԴԻՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ
16Այսպէս է ասում Տէր Աստուած. «Եթէ իշխանն իր որդիներից որեւէ մէկին պարգեւ տայ իր ժառանգութիւնից, դա նրա որդիների ժառանգական կալուածքը կը լինի։ 17Իսկ եթէ իր ժառանգութիւնից պարգեւ տայ իր ծառաներից մէկին, դա նրանը կը լինի մինչեւ թողութեան տարին, ապա նորից կը վերադարձուի իշխանին։ Բայց նրա որդիների ժառանգութիւնը նրանցը կը լինի։ 18Առաջնորդը չպէտք է իր ժողովրդի ժառանգութիւնից վերցնի՝ նրան բռնադատելով, այլ իր կալուածքներից ու իր ժառանգութիւնից պէտք է աւանդ թողնի իր որդիներին, որպէսզի իմ ժողովուրդը չցրուի՝ իւրաքանչիւրն իր բնակավայրից»։
ՏԱՃԱՐԻ ԽՈՀԱՆՈՑՆԵՐԸ
19Նա ինձ հարաւային դռնով տարաւ դէպի քահանաների սուրբ պատշգամբը, որ հիւսիս է նայում։ Եւ ահա մի առանձնացուա ծ տեղ կար։ 20Նա ասաց ինձ. «Սա է այն տեղը, ուր քահանաները եփելու են զոհերի միսը՝ յանցանքների ու մեղքերի թողութեան համար։ Այնտեղ են եփելու նաեւ մաննան՝ ամենեւին դուրս չգալով արտաքին գաւիթը ժողովրդին սրբագործելու համար»։ 21Նա ինձ դուրս բերեց արտաքին գաւիթը, պտտեցրեց գաւթի չորս բոլորը։ Ահա տեսայ գաւիթներ ու գաւիթներ՝ սրահի չորս կողմերին։ 22Փոքր գաւիթը քառասուն կանգուն երկարութիւն եւ երեսուն կանգուն լայնութիւն ունէր։ Չորսն էլ մի չափի էին, չորսի շուրջն էլ պատշգամբներ կային։ 23Խոհանոցներ էլ կային պատշգամբի տակ, չորս կողմերին։ 24Նա ինձ ասաց. «Սրանք խոհանոցներ են, ուր տաճարի սպասաւորները ժողովրդի մատուցած զոհերի միսն են եփում»։