Եզեկիէլ մարգարեյի գիրք

5

ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏԺԵԼՈՒ Է ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻՆ

1«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, յեսանով սրուած սուսեր ա՛ռ՝ վարսավիրների ածելուց աւելի սուր, ձե՛ռքդ առ այն, քաշի՛ր գլխիդ ու մօրուքիդ վրայով, ապա կշեռքն ա՛ռ ու կշռի՛ր այդ մազերը։ 2Մազի մէկ մասը հրով կ’այրես քաղաքի մէջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մէկ չորրորդ մասն էլ սրով կը կտրատես կը փռես քաղաքի շուրջը, իսկ մէկ չորրորդ մասն էլ քամուն կը տաս. ես սուր կը քաշեմ դրանց յետեւից։ 3Դրանցից մի փոքր մաս կ’առնես, կը ծրարես ու կը դնես թիկնոցիդ մէջ։ 4Դրանցից էլի կը վերցնես կը գցես կրակի մէջ, կ’այրես դրանք կրակի մէջ, եւ այնտեղից կրակ դուրս կը գայ։

5Ու կ’ասես բոլոր իսրայէլացիներին. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այս այն Երուսաղէմն է, որ դրել եմ հեթանոսների եւ նրանց շուրջը գտնուող երկրների մէջ։ 6Քանի որ իմ դրած կանոնները փոխեցին հեթանոսների անիրաւութեան հետ, իմ հրամանները՝ իրենց շուրջը գտնուող երկրների օրէնքների հետ, մերժեցին իմ օրէնքներն ու իմ օրէնքներով չշարժուեցին, - 7դրա համար այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Քանի որ պատճառները գալիս են այն ազգերից, որոնք ձեր շուրջն են, եւ դուք իմ օրէնքներով չշարժուեցիք, իմ դրած կանոնները չկատարեցիք, չգործեցիք նաեւ ըստ ձեր շուրջը գտնուող հեթանոսների օրէնքների, - 8ուստի Ամենակալ Տէրն այսպէս է ասում. ահա ես ձեզ դէմ եմ ու ձեր դատաստանը պիտի անեմ ազգերի առաջ 9եւ ձեր պղծութիւնների պատճառով ձեզ պիտի անեմ այն, ինչ երբեք չեմ արել ու այլեւս դրա պէս ոչինչ չեմ անելու։ 10Դրա համար, Երուսաղէ՛մ, քո մէջ հայրերը պիտի ուտեն որդիներին, որդիներն էլ՝ հայրերին։ Քո դատաստանն եմ անելու եւ չորս հողմերին եմ ցրելու քո բոլոր մնացորդներին։ 11Քանի ես կենդանի եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ նրա համար, որ իմ սրբութիւնները պղծեցիք ձեր բոլոր գարշելի կուռքերով ու պիղծ պաշտամունքներով, - ես մերժելու եմ ձեզ, աչքս էլ ձեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ ձեզ։ 12Ձեր մէկ չորրորդ մասը համաճարակից է սպառուելու, քո մէջ մէկ չորրորդ մասը սովից է մեռնելու, միւս չորրորդ մասը չորս հողմերին եմ ցրելու, իսկ մէկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից է ընկնելու. սուր եմ քաշելու նրանց յետեւից։ 13Եւ այսպէս նրանց վրայ իմ բարկութիւնը յագուրդ է ստանալու, ու ես մխիթարուելու եմ։ Եւ պէտք է իմանան, որ ես՝ Տէրս, խօսեցի իմ վրէժխնդրութեամբ՝ յագուրդ տալու համար իրենց վրայ իմ բարկութեան։ 14Երուսաղէ՛մ, ես քեզ անապատի եմ վերածելու, քեզ դարձնելու եմ քո շուրջը գտնուող հեթանոսների նախատինքի առարկան, քո շուրջը եղող գիւղերն էլ աւերակների եմ վերածելու բոլոր անցորդների աչքերի առաջ, 15եւ դուք ողբալի ու եղկելի էք լինելու, ծաղր ու ցուցանք՝ ձեր շուրջը եղող ազգերի մէջ, երբ ես սրտմտութեամբ ու վրէժխնդրութեան ցասումով ձեզ հետ տեսնեմ։ 16Ես՝ Տէրս եմ ասում սա. երբ ես սովի չար նետերս արձակեմ ձեզ վրայ՝ կ’ոչնչանաք։ Դրանք կ’արձակեմ ձեզ վրայ, սով կը բերեմ ձեր գլխին, կը վերացնեմ ձեր հացի պաշարը, 17ձեր դէմ սով ու վայրի գազաններ կ’ուղարկեմ եւ կը պատժեմ ձեզ. մահն ու արիւնը կ’անցնեն ձեր վրայով, ձեր շուրջն էլ սրածութիւն կ’անեմ, որովհետեւ ես՝ Տէրս եմ ասում դա”»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն