Եզեկիէլ մարգարեյի գիրք

6

ԸՆԴԴԷՄ ԿՌԱՊԱՇՏՆԵՐԻ

1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, դէմքդ ուղղի՛ր դէպի Իսրայէլի այդ լեռները, մարգարէութի՛ւն արա դրանց վրայ եւ ասա՛. 3“Իսրայէլի՛ լեռներ, լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Այսպէս է ասում Ամենակալ Տէրը լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. ‘ Ահա սուր եմ քաշում ձեզ վրայ, ու ոչնչանալու են ձեր բարձրադիր սրբավայրերը, 4կործանուելու են ձեր խորանները, խորտակուելու են ձեր մեհեանները. Ու գետին եմ փռելու ձեր սպանուածներին ձեր կուռքերի առաջ։ 5Ձեր կուռքերի առաջ վիրաւոր դիաթաւալ եմ անելու իսրայէլացիներիդ ու ձեր ոսկորները փռելու եմ ձեր խորանների շուրջը, 6ձեր բոլոր բնակավայրերում։ Քաղաքներն աւերուելու են, բարձրադիր սրբավայրերը՝ ոչնչանալու, որպէսզի ջնջուեն ու պակասեն ձեր խորանները, խորտակուեն ու վերջ գտնեն ձեր կուռքերը, վերանան ձեր մեհեանները, ջնջուեն ձեր ձեռքերի գործերը, 7ու ձեր մէջ սպանուածներ ընկնեն։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը։

8Սակայն ազգերի մէջ ձեզանից սրից ազատուածներ եմ թողնելու՝ օտար երկրներում ցիր ու ցան։ 9Ու ազգերի մէջ, ո՛ւր էլ որ գերուած լինեն նրանք, ձեր ազատուածները պիտի յիշեն ինձ, որ երդուեցի վրէժխնդիր լինել շնացած ու իմ դէմ ապստամբած նրանց սրտին, պոռնկացած աչքերին՝ նրանց չար վարքի համար։ Նրանք պիտի ծեծեն իրենց երեսները այն չարիքների համար, որ արել են իրենց բոլոր կռատներում, իրենց ողջ կեանքի ընթացքում։ 10Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, եւ իզուր չէ որ ասել եմ, թէ այս բոլոր չարիքները նրանց հատուցելո՛ւ եմ”։ 11Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Ձեռքերով ծա՛փ զարկ, ոտքերով դոփի՛ր ու վա՜շ-վա՜շ ասա Իսրայէլի տան գարշելի գործերի ու չարիքների համար, որովհետեւ սրից, համաճարակից ու սովից են ընկնելու։ 12Ով որ հեռու է՝ համաճարակից է մեռնելու, իսկ ով մօտ է՝ սրից է ընկնելու. մնացածն ու պաշարուածը սովից են մեռնելու։ Այսպիսով ես յագուրդ եմ տալու բարկութեանս։ 13Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ ձեր սպանուածներն ընկնեն ձեր կուռքերի առաջ, ձեր խորանների շուրջը, բոլոր բլուրների ու լեռների գագաթների վրայ, ինչպէս նաեւ բոլոր սաղարթախիտ ծառերի, հաստատուն կաղնիների տակ գտնուող կռատներում, ուր էիք ծխում ձեր բոլոր կուռքերին։ 14Ես ձեռքս իջեցնելու եմ բոլորի վրայ եւ երկիրը մատնելու եմ կործանման ու ոչնչացման, Դեբլաթի անապատից մինչեւ ձեր բոլոր բնակավայրերը։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը”»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն