Եզեկիէլ մարգարեյի գիրք

7

ԻՍՐԱՅԷԼԻ ՄՕՏԱԼՈՒՏ ՎԱԽՃԱՆԸ

1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, կ’ասես. 2այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Իսրայէլացիների երկրիդ վախճանը հասել է, վախճան է հասել երկրիդ չորս կողմերին էլ. 3ահա հասել է քո վախճանը։ Բարկութիւնս ուղարկելու եմ քեզ վրայ ու քո բռնած ճանապարհին համապատասխան՝ վրէժ եմ լուծելու քեզնից, հատուցել եմ տալու քեզ՝ քո բոլոր գարշելի արարքների համար։ 4Աչքս չի խնայելու քեզ, ոչ էլ ողորմելու եմ, որովհետեւ քո վարքին համապատասխան հատուցել եմ տալու քեզ, եւ քո գարշելի գործերը երեւալու են քո մէջ։ Պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը”։ 5Այսպէս է ասում Տէր . “Ահա մի չարիք, մի չարիք է վրայ հասել. 6եկել է վախճանը, թեւածում է քեզ վրայ։ 7Ահա տագնապն է համակել քեզ, դու որ բնակուել ես այդ երկրում։ Հասել է ժամանակը, մօտեցել՝ օրը, սակայն ոչ իրարանցումով, ոչ երկունքով։ 8Այլ այժմ, շուտով թափելու եմ քեզ վրայ զայրոյթս, ի կատար եմ ածելու սրտմտութիւնս, եմ տեսնելու քեզ հետ՝ ըստ քո բռնած ճանապարհի, հաշիւ եմ պահանջելու քո բոլոր պիղծ պաշտամունքների համար։ 9Աչքս չի խնայելու քեզ, ոչ էլ ողորմելու եմ, որովհետեւ ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, ու քո գարշելի գործերը երեւալու են քո մէջ։ Պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը, որ հարուածում եմ քեզ։ 10Ահա եւ Տիրոջ օրը. ահա հասել է վերջը։ Եկել է տագնապը, դալարել է գաւազանը. գլուխ է բարձրացրել ամբարտաւանութիւնը։ 11Խորտակելու եմ անօրէնի չարութիւնը, սակայն ոչ իրարանցումով ու փութով։ Նրանց խելքը գլուխներին չէ, ոչ էլ գեղեցկութիւն կայ նրանց մէջ։ 12Հասել է ժամանակը, ահա եկել է օրը։ Գնողը թող չուրախանայ, ոչ էլ վաճառողը ողբայ, որովհետեւ Իսրայէլի ամբողջ բազմութեան վրայ բարկութիւնն է տիրում։ 13Ով որ գնելու է, վաճառողին այլեւս չի դառնալու, ոչ էլ նրանք կենդանի կեանքով են ապրելու, որովհետեւ այս տեսիլքը նրանց ողջ բազմութեանը չի վերադառնալու, եւ ոչ մի մարդ իր կեանքի յոյսի մէջ չի հաստատուելու։ 14Փող զարկեցիք ու ամէն ինչ պատրաստեցիք։ Սակայն ոչ ոք չի լինելու, որ պատերազմի գնայ, որովհետեւ բարկութիւնս իջել է Իսրայէլի բազմութեան վրայ”։

ՈՉ ՈՔ ՉԻ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՊԱՏԺԻՑ

15“Սրով պատերազմը՝ դրսից, սովն ու համաճարակը՝ ներսից։ Ովքեր դրսում են լինելու՝ սրով են վերջ գտնելու, իսկ ովքեր քաղաքում՝ սովից ու համաճարակից են մեռնելու։ 16Բայց դրանցից փրկուելու են միայն նրանք, որ փրկուելու էին, ու լեռների վրայ աղաւնիների պէս անձանձրոյթ պիտի մնչեն-հեծեծեն։ Բոլորին էլ կոտորելու եմ, իւրաքանչիւրին՝ ըստ իր անիրաւութեան։

17Ամէն ձեռք թուլանալու է, ամէն երանք՝ խոնաւութեամբ ։

18Քուրձեր են առնելու իրենց վրայ. մղձաւանջներ են համակելու նրանց։ Ամէն երեսի վրայ ամօթ պիտի լինի, ամէն գլուխ՝ ։

19Նրանց արծաթն ընկած է մնալու հրապարակներում, իսկ ոսկին արհամարհուելու է։ Տիրոջ բարկութեան օրը նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանալու փրկել նրանց։ Նրանց հոգիները չեն յագենալու, ոչ էլ որովայնները՝ լցուելու են, որովհետեւ տանջանքները նրանց են տրուել անիրաւութիւնների պատճառով։

20Ընտիր-ընտիր զարդեր են դրել՝ գոռոզութեամբ, եւ դրանցից սարքել են գարշելի պաշտամունքի կուռքեր։ Դրա համար էլ պղծութեան առարկայ եմ դարձնելու դրանք

21ու մատնելու եմ դրանք օտարների ձեռքը՝ յափշտակելու, չարագործների ձեռքը՝ աւարի ենթարկելու։

22Եւ պղծելու են դրանք։ Երեսս շուռ եմ տալու նրանցից։ Պղծելու են իմ սրբարանը, անխտիր մտնելու են այնտեղ, պղծելու են այն, խառնակութիւն են անելու,

23որովհետեւ երկիրը լցուել է նրանց արիւնալի դատաստաններով, քաղաքներն էլ լի են անօրէնութիւններով։

24Չար ազգեր եմ բերելու, եւ սրանք ժառանգելու են նրանց տները։ Ջախջախելու եմ բռնութիւն գործած նրանց ամբարտաւանութիւնը։ Պղծուելու են նրանց սրբավայրերը։

25Քաւութեան ՝ խաղաղութիւն են փնտռելու, բայց չեն գտնելու։

26Դժբախտութիւնը դժբախտութեան վրայ է գումարուելու, գոյժը՝ գոյժի։ Մարգարէների մօտ տեսիլքներ են փնտռելու, քահանայի մօտ՝ ցանկալի օրէնքներ, ծերերի մօտ՝ խորհուրդներ, բայց չեն գտնելու։

27Սգալու է թագաւորը, վիշտ է կրելու իշխանը, թուլանալու են երկրի ժողովրդի ձեռքերը. ըստ նրանց բռնած ճանապարհի վարուելու եմ նրանց հետ եւ ըստ նրանց չարիքների պատժելու եմ նրանց։ Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը”»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն