Եզեկիէլ մարգարեյի գիրք
8
1Վեցերորդ տարում, հինգերորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես նստած էի իմ տանը, Յուդայի երկրի տան աւագներն էլ նստած էին իմ առաջ։ Ամենակալ Տիրոջ ձեռքը հանգչեց վրաս, 2ու տեսնում էի մարդու նման մի կերպարանք, մէջքից ներքեւ՝ կրակ, մէջքից վեր՝ ասես օդի մէջ տեսիլք, ասես երփներանգ ակ։ 3Ձեռքի պէս մի բան պարզեց գցեց իմ գլխի գագաթին. Հոգին բարձրացրեց ինձ երկնքի ու երկրի միջեւ, տարաւ ինձ Երուսաղէմ՝ Աստծու տեսութեան, ու կանգնեցրեց Տիրոջ տան ներքին նախադռան մօտ, որ դէպի հիւսիս է նայում, եւ ուր գտնւում էր նախանձ գրգռող կուռքը։ 4Այնտեղ էր եւ Իսրայէլի Աստծու փառքը, ճիշտ այն տեսիլքի պէս, որ տեսել էի դաշտում։
5Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, նայի՛ր աչքերովդ դէպի հիւսիս»։ Աչքերս բարձրացրի դէպի հիւսիս, եւ ահա հիւսիսային կողմում, խորանի դռան վերեւում, մուտքի մօտ, որ դէպի արեւելք էր նայում, կար նախանձի կուռքը։ 6Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թէ ի՛նչ մեծ անօրէնութիւններ է գործում այստեղ Իսրայէլի այդ տունը, որպէսզի հեռանամ իմ սրբավայրերից։ Սրանցից է՛լ աւելի մեծ անօրէնութիւններ դարձեալ կը տեսնես»։
7Եւ ինձ տարաւ գաւթի դռների առաջ. ահա պատի մէջ մի ծակ տեսայ։ 8Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, փորի՛ր այդ պատը»։ Փորեցի պատը։ Եւ ահա մի դուռ։ 9Ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մտի՛ր, տե՛ս անօրէնութիւններն ու չարիքները, որ դրանք այստեղ գործում են»։ 10Մտայ ու տեսայ ամէն տեսակ սողուն ու անասուն, սնոտի գարշանքներ։ Տեսայ եւ դրանց շուրջը քանդակուած՝ Իսրայէլի տան բոլոր կուռքերը։ 11Իսրայէլի տան նախնիներից եօթանասուն տղամարդիկ, որոնց մէջ էր նաեւ Սափանի որդի Յեզոնիան, որ կանգնած էր նրանց առջեւ։ Իւրաքանչիւրի ձեռքում՝ բուրվառ։ Խնկի ծուխն էլ ամպի պէս բարձրանում դիզւում էր։ 12Եւ Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թէ Իսրայէլի այդ տան նախնիներն ինչե՛ր են անում այստեղ, խաւարի մէջ, իւրաքանչիւրն իր ծածուկ սենեակում։ Նրանք ասում են, թէ Տէրը լքել է երկիրը, չի նայում երկրին»։ 13Եւ ասաց ինձ. «Էլի ուրիշ աւելի մեծ անօրէնութիւններ կը տեսնես, որ գործում են դրանք»։
14Ու ինձ տարաւ Տիրոջ տան դռան առաջ, որ դէպի հիւսիս է նայում։ Ահա այնտեղ նստած էին կանայք ու ողբում էին Թամուզին։ 15Եւ ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես այդ, մարդո՛ւ որդի. բայց դեռ սրանից է՛լ աւելի մեծ չարագործութիւններ կը տեսնես»։ 16Եւ ինձ մտցրեց Տիրոջ տան ներքնասրահը։ Ահա Տիրոջ տաճարի դռների վերեւում, խորանի ու պատշգամբի միջեւ, կային մօտաւորապէս քսանհինգ մարդիկ, որոնք թիկունքները շուռ էին տուել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դէպի արեւելք ու երկրպագում էին արեւին։ 17Նա ասաց ինձ. «Տեսա՞ր այդ, մարդո՛ւ որդի։ Մի՞թէ փոքր բան է Իսրայէլի այդ տան անօրէնութիւնը, որ դրանք այստեղ գործում են, որպէսզի այդ երկիրը լցուի անօրէնութիւններով, ու դրանք բարկացնեն ինձ։ Ահա որթատունկի ճիւղն էլ քաշում են որպէս արհամարհանքի նշան։ 18Ես էլ դրանց հետ բարկութեամբ եմ վարուելու. գթասիրտ աչքով չեմ նայելու, ոչ էլ ողորմելու եմ։ Ականջիս գոռան էլ, չեմ լսելու դրանց»։