Եզրասի գիրք

10

ԵԶՐԱՍԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԽԱՌՆ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ

ՀՐԵԱՆԵՐԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՅԼԱԶԳԻ ԿԱՆԱՆՑ

1Երբ Եզրասը, երեսի վրայ ընկած գետնին, այս խոստովանութիւնն էր անում եւ ողբով աղօթում Տիրոջ առաջ, նրա մօտ հաւաքուեց շատ մեծ բազմութիւն՝ տղամարդիկ եւ կանայք, երիտասարդներ եւ կոյսեր, որ բնակւում էին Երուսաղէմում. ժողովուրդը ողբում էր եւ բարձրաձայն լաց լինում։ 2Ելամի որդիներից Եղիայի որդի Յեքոնիան պատասխան տուեց Եզրասին եւ ասաց. «Մենք ենք գործել մեր Տէր Աստծու դէմ. մենք ենք առել այս երկրի այլազգիներից, եւ այսօր դա անօրէնութիւն է Իսրայէլի մէջ։ 3Արդ, ուխտ անենք մեր Տէր Աստծու առաջ, դուրս անենք այս երկրի այլազգիներից բերած բոլոր կանանց եւ նրանցից ծնուած զաւակներին։ Հիմա վե՛ր կաց եւ, ինչպէս կը կամենաս, նրանց կանգնեցրո՛ւ Տէր Աստծու Օրէնքի առաջ. թող քո բերանից լսենք, թէ ինչ պիտի անենք ըստ պատուիրանների, եւ մենք այդպէս էլ կ’անենք։ 4Մենք քեզ հետ ենք, պի՛նդ կաց եւ արա՛ այնպէս, ինչպէս հրամայել է մեր Տէր Աստուածը»։

5Եզրասը ելաւ, երդուել տուեց ցեղերի տոհմապետներին, քահանաներին, ղեւտացիներին եւ ամբողջ Իսրայէլին, որ նրանք վարուեն ըստ իրենց երդման։ 6Դրանից յետոյ Եզրասը վեր կացաւ Աստծու տան առջեւից, գնաց գանձապետ Ելիսուբի որդի Յոհանի սենեակը, բայց ո՛չ կերաւ եւ ո՛չ էլ խմեց, այլ ողբում էր բազմութեան անօրէնութեան եւ նրա մեծ մեղքերի համար։

7Այդ ժամանակ էլ մունետիկները յայտարարում էին Հրէաստանում եւ Երուսաղէմում, թէ՝ 8«Ամէն մարդ, իշխաններից լինի թէ աւագներից, եթէ մինչեւ երեք օր չգայ , նա եւ իր ամբողջ ունեցուածքը կ’ենթարկուի նզովքի, եւ ինքն էլ կը վտարուի Իսրայէլի ժողովրդից»։

9Եւ Յուդայի ու Բենիամինի երկրի ամբողջ ժողովուրդը երեք օրում հաւաքուեց Երուսաղէմում։ Դա իններորդ ամիսն էր, ամսի քսաներորդ օրը։ Ամբողջ ժողովուրդը նստել էր Տիրոջ տան առաջ, հրապարակում եւ, վախեցած, դողում էր թէ՛ Եզրասի խօսքերից եւ թէ՛ ձմրան ցրտից։ 10Եզրասը վեր կացաւ եւ ասաց նրանց. «Դուք էք, ահա, որ մեղքեր էք գործել, կանայք էք առել այլազգիների աղջիկներից եւ Իսրայէլի վրայ աւելացրել մեղքեր ու անօրէնութիւններ։ 11Հիմա դուք օրհնութի՛ւն տուէք մեր հայրերի Տէր Աստծուն եւ նրա համար արէ՛ք հաճելին. զատուեցէ՛ք ու բաժանուեցէ՛ք երկրի բոլոր հեթանոսներից եւ այլազգիներից ձեր կանանցից»։

12Բոլոր ժողովականները պատասխան տուին եւ ասացին. «Ծանր է այդ խօսքը, որ ասում ես մեր մասին. 13չէ՞ որ մենք շատ ենք, ժամանակն էլ ձմեռ է, չենք կարող դրսում մնալ, այս գործն էլ մէկ-երկու օրուայ բան չէ, մենք էլ խիստ մեղքեր ունենք այդ գործում։ 14Բոլոր տեղերի եւ քաղաքների իշխանները թողէ՛ք մնան, իսկ նրանք, ովքեր այլազգի կանայք են առել, իրենց քաղաքների աւագների եւ տոհմապետների հետ որոշուած ժամանակին թող գան այստեղ՝ դատուելու եւ մեզնից քաւելու այս մեղքերը, որպէսզի Աստծու բարկութիւնը հեռացնեն մեզնից՝ մեր արած այս գործերի համար»։

16Եւ այդպէս էլ արեցին գերութիւնից վերադարձածները։ Եզրասն, ըստ տոհմերի, ընտրեց անուանի մարդիկ՝ իշխաններ եւ տոհմապետներ, եւ նրանք հաւաքուեցին տասներորդ ամսի ամսամտին՝ քննելու համար այս գործը։ Տասներորդ ամսի ամսամտին աւարտեցին այն։ 17Նրանք մինչեւ առաջին ամսի ամսամուտը ճշտեցին ու ջոկեցին այն բոլոր տղամարդկանց, որոնք այլազգի կանայք ունէին։

18Նրանք գտան, որ քահանաների որդիներից այլազգի կանայք ունէին Յոսեդեկի որդի Յեսուի որդիներից եւ եղբայրներից Մանասէն, Եղիազարը, Յարիբն ու Գադալիան։ 19Այնուհետեւ սրանք սկսեցին արձակել այլազգի կանանց, եւ իւրաքանչիւրը, անգիտութեամբ գործած իր մեղքերի թողութեան համար, մատուցեց մի խոյ։ 20Երամի որդիներից՝ Մասիասը, Եղիան, Սամայիան եւ Ելոզիասը. 22Փասուրի որդիներից՝ Ելիանասը, Մասիէլը, Միսայէլը, Նաթանայէլը, Յոզաբաթը եւ Ելասան. 23ղեւտացիների որդիներից՝ Յեւզաբաթը, Սամութը, Կոլիան, այսինքն՝ Կոլիտոսը, Ափեթիասը, Յուդասը եւ Եղիազարը. 24սաղմոս երգողներից՝ Ելիսափը, դռնապաններից՝ Կոլէմը, Էտէլէսը եւ Ուրին. 25իսրայէլացիներից՝ Փորոսի որդիներից՝ Ռամայիան, Յազիան, Մելքիան, Էակիմը, Եղիազարը, Ասաբիան, Նիբանիան. 26Ելամի որդիներից՝ Մատթանիան, Զաքարիան, Յաւէլը, Աբդիան, Երիմոթը եւ Եղիան. 27Զաթուի որդիներից՝ Ելիոնէն, Ելիսաբը, Մատթանիան, Յարմոթը, Զաբադը, Զազիան. 28Բաբէի որդիներից՝ Յոհանան, Անանիան, Զաբուն եւ Թալին, 29Բանիի որդիներից՝ Մոսոլամը, Մալաքը, Ադայիասը, Իասուբը, Սաալ Ռեմոթը. 30Փաաթ-Մովաբի որդիներից՝ Ադնէն, Քալէլը, Բանայիան, Մասեան, Մաաթան, Բեսեէլը, Մանասէն. 31Երամի որդիներից՝ Ելիեզին, Եսիան, Մելքիան, Սամերասը, Սիմէոնը, 32Բենիամինը, Մալուքը, Սամարիան. 33Ասէմի որդիներից՝ Մատթանիան, Մատաթիան, Զարաթը, Ելիփալէթը, Յերեմին, Մաասէն, Սամէին. 34Բանիի որդիներից՝ Մովադիան, Ամրամը, Ուէլը, 35Բանեան, Բադայիան, Քելիան, 36Ուանիան, Մարիմոթը, Ելիասիբը, 37Մաթանիան, Մաթանան. 38Բանիի որդիներից եւ Սեմէիի որդիներից՝ 39Սելեմիասը, Նաթանը, Ադալիասը, Մաքնան, Գայագուն, Սէսէն, Արուն, 40Եզրիէլը, Սալամիասը, Սամարիասը, Սելումը, Ատարիասը, Յովսէփը. 41Աբուբէի որդիներից՝ Իէուէլը, Մատաթիասը, Զաբաթը, 42Զեբիննասը, Յադային, Յադէն, 43Յովեդը, Բանայիան։

44Սրանք էին այն բոլոր տղամարդիկ, որոնք այլազգի կանայք էին առել եւ նրանցից ունեցել տղաներ ու աղջիկներ։

Էջմիածին · HYEJB1994