Ծննդոց
16
ԱԳԱՐԸ ԵՒ ԻՍՄԱՅէԼԸ
1Աբրամի կին Սարան նրան երեխայ չէր պարգեւում։ Սարան ունէր մի եգիպտացի աղախին, որի անունն Ագար էր։ 2Սարան Քանանացւոց երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տէրն ինձ զրկել է երեխայ ունենալուց, պառկի՛ր իմ աղախնի հետ, որպէսզի նրա միջոցով որդի ունենամ»։ Եւ Աբրամն անսաց Սարայի ասածին։ 3Սարան՝ Աբրամի կինը, եգիպտացի աղախին Ագարին կնութեան տուեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանացիների երկրում տասը տարի նրա ապրելուց յետոյ։ 4Աբրամը պառկեց Ագարի հետ, եւ սա յղիացաւ։ Երբ Ագարը տեսաւ, որ ինքը յղի է, տիրուհին ընկաւ նրա աչքից։ 5Այն ժամանակ Սարան ասաց Աբրամին. «Անիրաւ ես դու իմ նկատմամբ. Ե՛ս իմ աղախնուն յանձնեցի քո գիրկը. Իսկ նա տեսնելով, որ ինքը յղիացել է, արհամարհում է ինձ։ Աստուած թող իմ ու քո դատաստանը տեսնի»։ 6Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է, վարուի՛ր նրա հետ այնպէս, ինչպէս հաճոյ է քեզ»։ Սարան չարչարեց նրան, եւ աղախինը փախաւ նրա մօտից։ 7Տիրոջ հրեշտակը նրան գտաւ անապատում, ջրի աղբիւրի մօտ, այն աղբիւրի, որ Սուր տանող ճանապարհի վրայ է։ 8Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախին, որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայի մօտից եմ փախչում ես»։ 9Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մօտ եւ հնազա՛նդ եղիր նրան»։ 10Տիրոջ հրեշտակն աւելացրեց. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշուել հնարաւոր չլինի»։ 11Տիրոջ հրեշտակը ասաց նաեւ. «Դու արդէն յղի ես, որդի պիտի ունենաս եւ նրա անունը Իսմայէլ պիտի դնես, որովհետեւ Տէրը իմացաւ քո տառապանքները։ 12Նա վայրագ մարդ է լինելու։ Նա ձեռք է բարձրացնելու բոլորի դէմ, եւ բոլորը ձեռք են բարձրացնելու նրա դէմ։ Նա բնակուելու է իր բոլոր եղբայրների դիմաց»։ 13Ագարն իր հետ խօսող Տիրոջը դիմելով՝ ասաց. «Դու այն Աստուածն ես, որ ինձ զօրավիգ եղաւ. - քանզի ասաց, - ես իմ առաջ տեսայ նրան, ով երեւացել է ինձ»։ 14Այդ իսկ պատճառով ջրհորը կոչուեց Ջրհոր, այսինքն՝ «որի դիմաց տեսայ Աստծուն»։ Այն գտնւում է Կադէսի ու Բարադի միջեւ։ 15Ագարը Աբրամի համար ծնեց մի որդի, եւ Աբրամը Ագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայէլ։ 16Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Ագարը նրա համար ծնեց Իսմայէլին։
Էջմիածին · HYEJB1994