Ծննդոց

3

ՄԱՐԴՈՒ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆԸ

1Օձը երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազաններից աւելի էր։ Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»։ 2Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել։ 3Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. “Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք”»։ 4Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, 5որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ’իմանաք բարին ու չարը»։

6Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու ։ Նա առաւ նրա պտղից, կերաւ եւ տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, եւ նրանք կերան։ 7Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են։ Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին։ 8Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ։ 9Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։ 10Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնուեցի»։ 11Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես։ Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»։ 12Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»։ 13Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։ Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ»։

ԱՍՏԾՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԸ

14Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ։ Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես։ 15Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։ 16Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները։ Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»։ 17Աստուած Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով։ Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին։ 18Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես։ 19Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս»։

20Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց Կեանք, որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրը։ 21Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց։

ԱԴԱՄՆ ՈՒ ԵՒԱՆ ԱՐՏԱՔՍՒՈՒՄ ԵՆ ԴՐԱԽՏԻՑ

22Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը։ Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»։ 23Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր։ 24Աստուած դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց եւ հրամայեց քերովբէներին ու բոցեղէն սրին շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն