Ծննդոց
30
1Երբ Ռաքէլը տեսաւ, որ ինքը Յակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը եւ Յակոբին ասաց. «Ինձ զաւակներ պարգեւի՛ր, այլապէս կը մեռնեմ»։ 2Բարկացաւ Յակոբը Ռաքէլի վրայ ու ասաց նրան. «Մի՞թէ Աստծու փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց»։ 3Ռաքէլն ասաց Յակոբին. «Ահա իմ աղախին Բալլան։ Մտի՛ր նրա ծոցը, նա թող ծննդաբերի իմ ծնկների վրայ, որ ես նրա միջոցով որդիներ ունենամ»։ 4Եւ նա իր աղախին Բալլային տուեց նրան կնութեան։ Յակոբը մտաւ նրա ծոցը։ 5Յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ որդի ծնեց Յակոբի համար։ 6Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ արդար դատեց, լսեց իմ ձայնը եւ ինձ որդի պարգեւեց»։ Դրա համար էլ նրա անունը դրեց Դան։ 7Դարձեալ յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ երկրորդ որդի ծնեց Յակոբի համար։ 8Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ օգնեց, որովհետեւ ընդհարուեցի քրոջս հետ եւ յաղթեցի»։ Եւ որդու անունը դրեց Նեփթաղիմ։ 9Երբ Լիան տեսաւ, որ ինքը դադարել է ծնելուց, իր նաժիշտ Զելփային տուեց Յակոբին կնութեան։ 10Լիայի նաժիշտ Զելփան յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի։ 11Նա ասաց. «Ես երջանիկ եմ»։ Եւ նրա անունը դրեց Գադ։ 12Յղիացաւ Լիայի նաժիշտ Զելփան եւ երկրորդ որդի էլ ծնեց Յակոբի համար։ 13Լիան ասաց. «Ես բախտաւոր եմ, որովհետեւ կանայք ինձ երանի են տալու»։ Եւ որդու անունը դրեց Ասեր՝ Մեծութիւն։ 14Ռուբէնը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորի խնձոր գտաւ եւ այն բերեց իր մայր Լիային։ Ռաքէլը դիմելով իր քոյր Լիային՝ ասաց. «Քո որդու մանրագորներից մի քիչ տո՛ւր ինձ»։ 15Լիան պատասխանեց. «Բաւական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու մանրագո՞րն ես ուզում առնել»։ Ռաքէլն ասաց. «Այդպէս չէ։ Քո որդու մանրագորների փոխարէն թող նա այս գիշեր պառկի քեզ հետ»։ 16Երբ երեկոյեան Յակոբը դաշտից վերադարձաւ տուն, նրան ընդառաջ գնաց Լիան ու ասաց. «Այսօր իմ ծոցը պիտի մտնես, որովհետեւ իմ որդու մանրագորների փոխարէն վարձել եմ քեզ»։ Եւ նա գիշերը պառկեց նրա հետ։ Աստուած անսաց Լիային։ 17Սա յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց հինգերորդ որդի։ 18Լիան ասաց. «Աստուած տուեց իմ վարձը այն բանի համար, որ իմ աղախնին տուեցի իմ ամուսնուն»։ Եւ նա նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է վարձ։ 19Մի անգամ էլ յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց վեցերորդ որդի։ 20Լիան ասաց. «Աստուած ինձ լաւ նուէր պարգեւեց. սրանից յետոյ ամուսինս ինձ կը սիրի, որովհետեւ նրա համար վեց որդի ծնեցի։ Եւ նա նրա անունը դրեց Զաբուղոն։ 21Դրանից յետոյ նա աղջիկ ծնեց եւ նրա անունը դրեց Դինա։ 22Աստուած յիշեց Ռաքէլին, անսաց նրան եւ բեղմնաւոր դարձրեց նրա արգանդը։ 23Սա յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի։ Ռաքէլն ասաց. «Աստուած ինձնից վերացրեց իմ ամլութեան նախատինքը»։ 24Եւ նրա անունը դրեց Յովսէփ։ Նա ասաց. «Աստուած թող ինձ պարգեւի մի որդի եւս»։
ՅԱԿՈԲԸ ՍԱԿԱՐԿՈՒՄ Է ԼԱԲԱՆԻ ՀԵՏ
25Երբ Ռաքէլը ծնեց Յովսէփին, Յակոբն ասաց Լաբանին. «Ինձ թո՛յլ տուր, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։ 26Տո՛ւր կանանց, որոնց համար ծառայեցի քեզ, ու իմ որդիներին, որպէսզի գնամ։ Դու ինքդ էլ գիտես, թէ ինչ ծառայութիւն մատուցեցի քեզ»։ 27Լաբանը պատասխանեց նրան. «Քանի որ արժանացայ քո բարեհաճութեանը, փորձով համոզուեցի, որ Աստուած ինձ օրհնեց իմ տուն քո ոտք դնելու առթիւ»։ 28Լաբանն աւելացրեց. «Ասա՛ ինձ քո վարձը, եւ ես կը տամ»։ 29Յակոբն ասաց նրան. «Դու գիտես, թէ որքան ծառայեցի քեզ, եւ թէ որքան ոչխար էիր յանձնել ինձ։ Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիւ էին, 30իսկ այժմ դրանք անչափ աճել են։ Տէր Աստուած քեզ օրհնեց քո տուն իմ ոտք դնելու առթիւ։ Արդ, ե՞րբ եմ ես տուն-տեղ ունենալու»։ 31Լաբանը հարցրեց նրան. «Ի՞նչ տամ քեզ»։ Յակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր, բայց միայն հետեւեալն արա՛. ես դարձեալ արածեցնեմ ու պահպանեմ քո ոչխարները։ 32Այսօր թող քո առաջով անցնի քո ամբողջ հօտը, եւ դու ջոկի՛ր իրարից բոլոր խատուտիկ ու գորշ ոչխարները եւ արածող բոլոր թուխ ոչխարները։ Բոլոր խատուտիկ ոչխարներն ու պտաւոր այծերը թող լինեն իմ վարձը։ 33Իմ արդար լինելը կ’երեւայ վաղը, որ ես վարձ ունեմ քեզնից ստանալիք։ Այն բոլոր այծերը, որոնք բծաւոր ու պտաւոր չեն, եւ ոչխարները, որոնք խայտաճամուկ չեն, թող ինձ գողօն համարուեն»։ 34Լաբանն ասաց նրան. «Թող քո ասածը լինի»։ 35Լաբանն այդ օրը առանձնացրեց մոխրագոյն ու պտաւոր նոխազները, բոլոր մոխրագոյն ու պտաւոր այծերը, սպիտակ ու թուխ ոչխարները, 36տուեց իր որդիներին եւ նրանց ուղարկեց Յակոբից հեռու երեք օրուայ ճանապարհ։ Յակոբն արածեցնում էր Լաբանի մնացած հօտերը։ 37Յակոբն առաւ խնկենու, ընկուզենու եւ սօսու դալար ճիւղեր, հանեց դրանց կեղեւը, եւ երեւաց սպիտակը։ Գաւազաններից կանաչ մասը քերծելուց յետոյ գաւազանների քերծուած սպիտակը գունագեղ էր երեւում։ 38Քերծած գաւազանները նա դրեց ջրի գուռերի մէջ, որ երբ հօտերը գան ջուր խմելու, այդ գաւազանների մօտ բեղմնաւորուեն։ 39Մաքիները գաւազանների մօտ բեղմնաւորւում էին եւ ծնում խայտաճամուկ, պտաւոր ու խատուտիկ գառներ։ 40Յակոբը էգ գառներն առանձնացնում էր ու դնում մաքիների դիմաց, նաեւ՝ մոխրագոյն խոյերը եւ բոլոր խայտաճամուկ ոչխարները։ Նա իր հօտն առանձնացնում էր, չէր խառնում Լաբանի հօտերին։ 41Երբ գալիս էր մաքիների զուգաւորուելով յղիանալու ժամանակը, Յակոբը գաւազանները դնում էր մաքիների դիմաց, գուռերի մէջ, որպէսզի նրանք բեղմնաւորուեն գաւազանների մօտ, 42իսկ երբ մաքիները ծնում էին, այլեւս չէր դնում։ Նշան չունեցողները լինում էին Լաբանի սեփականութիւնը, իսկ նշան ունեցողները՝ Յակոբի։ 43Այսպիսով Յակոբը չափազանց շատ հարստացաւ. նա ունեցաւ շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։