Ծննդոց

33

ՅԱԿՈԲԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԵՍԱՒԻՆ

1Յակոբն աչքերը բարձրացրեց ու տեսաւ իր Եսաւին, որ գալիս էր չորս հարիւր հոգով։ Յակոբն իր երեխաներին բաժանեց Լիայի, Ռաքէլի եւ երկու աղախինների միջեւ։ 2Նա երկու աղախիններին ու նրանց որդիներին ուղարկեց առջեւից, Լիային ու նրա որդիներին՝ նրանցից յետոյ, իսկ Ռաքէլին ու Յովսէփին՝ ամենավերջում։ 3Ինքն անցաւ նրանցից առաջ եւ եօթն անգամ գետին խոնարհուեց մինչեւ իր եղբօրը մօտենալը։ 4Եսաւն ընդառաջ գնաց նրան, գրկեց եւ համբուրեց, փաթաթուեց վզին եւ համբուրեց նրան։ Նրանք երկուսով լաց եղան։ 5Եսաւը վեր նայելով տեսաւ կանանց ու երեխաներին եւ հարց տուեց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով ողորմեց ինձ՝ քո ծառային»։ 6Աղախիններն ու նրանց որդիները մօտեցան ու խոնարհուեցին նրա առաջ։ 7Մօտեցան նաեւ Լիան ու իր որդիները եւ խոնարհուեցին նրա առաջ։ Յետոյ մօտեցան Յովսէփն ու Ռաքէլը եւ խոնարհուեցին նրա առաջ։ 8Եսաւը հարց տուեց. «Ի՞նչ է այս մեծ շարանը, որ ինձ հանդիպեց»։ Նա պատասխանեց. «Որպէսզի քո ծառան գտնի քո առաջ»։ 9Եսաւն ասաց. «Ես էլ շատ ունեմ, եղբա՛յր, քոնը քեզ թող մնայ»։ 10Յակոբն ասաց. «Այդպէս չի լինի։ Եթէ շնորհ եմ գտել քո առաջ, ուրեմն ընդունի՛ր ինձնից ընծաները. Որովհետեւ քո դէմքը տեսայ այնպէս, ինչպէս մարդ Աստծու դէմքը տեսնի։ Ուրախացի՛ր ինձ հետ 11եւ ընդունի՛ր իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետեւ ողորմեց ինձ Աստուած, եւ ես ամէն ինչ ունեմ»։ Յակոբն ստիպեց նրան, եւ սա ընդունեց։ 12Եսաւն ասաց. «Ելնենք գնանք ուղիղ ճանապարհով»։ 13Յակոբն ասաց նրան. «Իմ տէրն ինքը գիտի, որ երեխաներս փոքր են, իսկ ոչխարն ու արջառը արդէն ծնել են։ Եթէ դրանց ստիպեմ մի օրուայ ճանապարհ գնալ, ապա բոլոր անասունները կը սատկեն։ 14Ուրեմն իմ տէրն իր ծառայի առջեւից թող գնայ, իսկ ես ըստ իմ կարողութեան ու անասունների ընթացքի, ըստ իմ երեխաների զօրութեան կը շարժուեմ, մինչեւ որ Սէիրում հասնեմ իմ տիրոջը»։ 15Եսաւը հարցրեց. «Քեզ մօտ թողնե՞մ ինձ հետ եղած մարդկանց մի մասին»։ Սա պատասխանեց. «Ի՞նչ կարիք կայ։ Բաւական է, որ շնորհ գտայ քո առաջ, տէ՛ր»։ 16Այդ օրը Եսաւը իր ճանապարհով վերադարձաւ Սէիր, 17իսկ Յակոբը գնաց դէպի վրանը, այնտեղ իր համար տներ կառուցեց, իսկ իր հօտերի համար փարախ շինեց։ Դրա համար էլ այդ վայրը կոչեց Վրան։

18Վերադառնալով Ասորիների Միջագետքից՝ Յակոբն եկաւ սիկիմացիների Սաղէմ քաղաքը, որը գտնւում էր Քանանացիների երկրում, եւ բնակուեց քաղաքի դիմաց։ 19Նա Սիւքեմի Եմորից հարիւր ոչխարով մի կալուածք գնեց, ուր եւ խփեց իր վրանը։ 20Նա այնտեղ զոհասեղան կառուցեց եւ երկրպագեց Իսրայէլի Աստծուն։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն