Ծննդոց

49

ՅԱԿՈԲԻ ՎԵՐՋԻՆ ԽՕՍՔԵՐԸ

1Յակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հաւաքուեցէ՛ք, որ ձեզ յայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ հետագայում։

2Հաւաքուեցէ՛ք եւ լսեցէ՛ք, Յակոբի որդիներ, լսեցէ՛ք ձեր Իսրայէլին։

3Ռուբէ՛ն, իմ անդրանիկ որդի, իմ զօրութիւն ու իմ որդիների սկիզբ. դու ինձ հետ խիստ վարուեցիր եւ մեծ յանդգնութեամբ կշտամբեցիր ինձ։

4Ջրի նման մի՛ եռա, քանզի մտել ես մահիճը քո հօր ու պղծել այնժամ մահիճը նրա։

5Եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին անիրաւութիւն գործեցին կամովին։ 6Խորհրդին նրանց մասնակից չի լինի անձն իմ. նրանց դաւին յօժար չէ սիրտն իմ. Ցասումով իրենց մարդ սպանեցին հաճոյքի համար ջլակոտոր արեցին ցուլեր։ 7Անիծեալ լինի ցասումը նրանց, քանզի յանդուգն էր. անիծուի նրանց ոխն ու մոլուցքը, քանզի սաստիկ էր։ Կը բաժանեմ ես նրանց Յակոբի մէջ, կը ցրեմ նրանց Իսրայէլի մէջ։

8Յուդա՛, քեզ կ’օրհնեն եղբայրները քո. ձեռքը քո կ’իջնի թիկունքի վրայ թշնամիներիդ։ Հօրդ որդիներն գլուխ խոնարհեն պիտի քո առաջ։

9Յուդա՛, կորի՛ւն առիւծի, իմ շառաւիղից ելար, որդեա՛կ իմ, Ելար, բազմեցիր, ննջեցիր դու որպէս առիւծ, որպէս կորիւն առիւծի։ Ո՞վ պիտի արդեօք արթնացնի նրան։

10Յուդայից չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից, մինչեւ որ գայ նա, ում պատկանում են հանդերձեալները։ Նրա՛ն են սպասում ժողովուրդները։

11Իր աւանակին կը կապի որթից, իսկ որթի ոստից՝ էշի քուռակին։ Իր պատմուճանը կը լուայ գինով եւ իր հագուստը՝ խաղողի արեամբ։

12Գինուց զուարթ են աչքերը նրա, իսկ ատամներն սպիտակ՝ կաթից աւելի։

13Զաբուղոնը կը բնակուի ծովի եզերքին, որպէս նաւերի նա նաւահանգիստ ու կը տարածուի նա մինչեւ Սիդոն։

14Իսաքարը բարուն ցանկացաւ եւ հանգիստ ապրեց իր տարածքներում։

15Տեսնելով, որ հանգիստը լաւ է, հողը՝ բարեբեր, ուսերը դրեց աշխատանքի տակ ու դարձաւ բարիք ստեղծող մի մարդ։

16Դանը կը դատի իր ժողովրդին Իսրայէլի մէջ մէկ մարդու նման.

17Դանը թող լինի դարանակալ ճանապարհի վրայ՝ խայթելու համար ձիու գարշապարն ու ցած գցելու հեծեալին նրա։

18Մնա՜լ, սպասե՜լ Տիրոջ փրկութեան։

19Գադն աւազակների ծուղակը կ’ընկնի եւ ինքն էլ, սակայն, կը հետապնդի աւազակներին։

20Ասերի հացը առատ կը լինի, իշխաններին էլ նա պարէն կը տայ։

21Նեփթաղիմը բարձրուղէշ ծառ է, որ իր բազում ճիւղերով գեղեցկութիւն է սփռում։

22Փառքի բարձրացած որդեա՛կ իմ Յովսէփ, որդեա՛կ իմ՝ դարձած դու նախանձելի, դարձի՛ր դու ինձ մօտ, որդեա՛կ իմ մատաղ, բանսարկուները բամբասում էին, դատափետում քեզ։

23Նրա դէմ ոխով բորբոքւում էին աղեղնաւորներ։

24Փշրուեցին զօրութեամբ աղեղները նրանց, ու թուլացան ջլերը նրանց բազուկների Յակոբի հզօր Աստծու ձեռքով,

25նրա՛ կողմից, ով զօրացրեց Իսրայէլին՝ Աստծուց քո հօր։ Եւ քեզ օգնեց Աստուածն իմ, նա օրհնեց քեզ ի վերուստ օրհնութեամբ մի երկնային, ամէն ինչով լի երկրի օրհնութեամբ եւ օրհնեց նաեւ ստինք ու արգանդ։

26Քո հօր օրհնութիւնն ու մօր օրհնութիւնն առաւել ուժեղ, քան օրհնանքը յաւերժական լեռների, քան օրհնանքը յաւիտենական բլուրների, իջնի թող գլխի վրայ Յովսէփի ու գլխին նրա եղբայրների, որոնց առաջնորդեց նա։

27Բենիամի՛ն՝ յափշտակող գա՛յլ, առաւօտեան իր որսն ուտող, երեկոյեան պատառ բաշխող»։

28Այս բոլորը՝ Յակոբի որդիները, տասներկու ցեղերն են։ Սա է ահա, ինչ որ խօսեց նրանց հայրը իրենց հետ։ Նա իւրաքանչիւրին օրհնեց իրեն արժանի օրհնութեամբ։ 29Նա պատուիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ իմ նախնիների գիրկը։ Ինձ թաղեցէ՛ք իմ նախնիների մօտ, այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է, այն զոյգ քարայրում, որ այդ դաշտում է, 30Մամբրէի կաղնու դիմաց, Քանանացիների երկրում։ Այդ քարայրը Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր։ 31Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային։ Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային։ Այնտեղ են թաղել Լիային. Սա ագարակի եւ նրա մէջ գտնուող քարայրի այն կալուածքն է, որ գնուեց Քետի որդիներից։

32Յակոբը դադարեց իր որդիներին պատուիրան տալուց, ոտքերը յետ բերեց մահիճի մէջ, մեռաւ եւ գնաց իր նախնիների գիրկը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն