Ծննդոց
8
ՋՐՀԵՂԵՂԻ ՎԵՐՋԸ
1Աստուած յիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնուող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին։ Աստուած հողմ բարձրացրեց երկրի վրայ, եւ անձրեւը դադարեց։ 2Փակուեցին ստորգետնեայ աղբիւրներն ու երկնքի սահանքները, դադարեց նաեւ երկնքից թափուող անձրեւը։ 3Ջուրը գնալով իջնում, քաշւում էր երկրի վրայից, եւ հարիւր յիսուն օր անց այն նուազեց։ 4Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ։ 5Ջուրը մինչեւ տասներորդ ամիսը քաշւում էր, նուազում։ Տասնմէկերորդ ամսի առաջին օրը երեւացին լեռների գագաթները։
6Քառասուն օր յետոյ Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը։ 7Նա արձակեց մի ագռաւ, որը գնաց, բայց չվերադարձաւ, մինչեւ որ ջուրը ցամաքէր երկրի վրայից։ 8Յետոյ նա արձակեց մի աղաւնի՝ տեսնելու, թէ ջրերը քաշուե՞լ են երկրի երեսից։ 9Աղաւնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձաւ նրա մօտ՝ տապան, որովհետեւ ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը։ Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան եւ բերեց իր մօտ՝ տապան։ 10Նա սպասեց եւս եօթը օր ու տապանից դարձեալ արձակեց աղաւնուն։ 11Աղաւնին նրա մօտ վերադարձաւ երեկոյեան։ Նրա կտուցին ձիթենու մի շիւղ կար։ Նոյը դրանից հասկացաւ, որ ջրերը քաշուել են երկրի վրայից։ 12Նոյն սպասեց եւս եօթը օր ու նորից արձակեց աղաւնուն, որն այլեւս նրա մօտ չվերադարձաւ։
13Նոյի կեանքի վեցհարիւրմէկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշուեցին երկրի վրայից։ Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը եւ տեսաւ, որ ջուրը քաշուել է երկրի երեսից։ 14Երկրորդ ամսի քսանեօթներորդ օրը երկիրը ցամաքեց։
15Տէր Աստուած Նոյին ասաց. 16«Դո՛ւրս եկէք այդ տապանից դու, քո կինը, քո որդիները եւ քո որդիների կանայք, 17նաեւ քեզ հետ եղող բոլոր գազանները, բոլոր էակները՝ թռչուններից մինչեւ անասունները։ Դո՛ւրս հանիր քեզ հետ նաեւ երկրի վրայ սողացող բոլոր սողուններին, նրանք թող սողան երկրի վրայ։ Աճեցէ՛ք եւ բազմացէ՛ք երկրի վրայ»։ 18Դուրս ելան Նոյը, նրա հետ նաեւ իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք։ 19Երկրի բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ իրենց տեսակներով, դուրս ելան տապանից։
ՆՈՅԸ ԶՈՀ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ
20Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա առաւ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից եւ ողջակիզեց զոհասեղանի վրայ։ 21Եւ Տէր Աստուած հոտոտեց անուշ բոյրը։ Տէր Աստուած իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլեւս չեմ անիծի, որովհետեւ մարդկանց միտքը մանկուց չարի ծառայութեան մէջ է։ Ես այլեւս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպէս արեցի։ 22Այսուհետեւ, քանի դեռ կայ երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տօթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»։