Ամբակում մարգարեյի գիրք
1
ԱՄԲԱԿՒՈՄԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
1Պատում, որ տեսաւ Ամբակում մարգարէն։
ԱՄԲԱԿՈՒՄԻ ԳԱՆԳԱՏԸ ԱՆԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԴԷՄ
2Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես։
3Ինչո՞ւ ինձ ջանք ու յոգնութիւն պատճառեցիր՝ թշուառութիւն եւ ամբարշտութիւն տեսնելու։ Իմ առաջ եղաւ դատաստանը, եւ դատաւորը կաշառք էր առնում։
4Այդ պատճառով օրէնքը խափանուեց, եւ արդարութիւնը գլուխ չի գալիս. քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին, դրա համար էլ սխալ դատաստան էր լինում։
ԱՍՏԾՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ. ԲԱԲԵԼԱՑԻՆԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ
5Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, նայեցէ՛ք, մեծապէ՛ս զարմացէք եւ չքուեցէ՛ք, որովհետեւ մի բան պիտի անեմ ես ձեր օրերին, որին չէք հաւատայ, նոյնիսկ եթէ մէկը պատմի ձեզ։
6Ահա ես կ’արթնացնեմ քաղդէացիներին՝ դաժան եւ արագընթաց մի ազգ, որ արշաւում է երկրի լայնքով մէկ՝ ժառանգելու այն բնակավայրերը, որոնք իրը չեն։
7Նա ահեղ է ու սարսափելի, եւ նրա դատաստանը իր կողմից կը լինի, ինքն է վճռում իր դատաստանը, եւ իր իշխանութիւնը իրեն է պատկանում։
8Ընձառիւծներից առաւել արագ կը վազեն նրանց ձիերը. աւելի արագ, քան արաբական գայլերը, նրանց զինեալները կ’ասպատակեն, կը գան հեռուներից եւ կը սլանան, ինչպէս արծիւն է հաճոյքով սլանում դէպի կերակուրը։
9Նրանց դէմ կանգնող ամբարիշտների վերջը կը գայ։ Գերիներ կը կուտակի աւազի չափ։
10Նա թագաւորների հետ զեխութիւն կ’անի, բռնակալները նրան խաղալիք կը դառնան, բոլոր ամրոցների հետ խաղ կ’անի, հող կը կուտակի եւ կը գրաւի դրանք։
11Այն ժամանակ կը փոխուի նրա միտքը, նա անց կը կենայ եւ կը դառնայ բարեհաճ. սա է իմ Աստծու զօրութիւնը։
ԱՄԲԱԿՈՒՄԸ ՆՈՐԻՑ Է ԳԱՆԳԱՏՒՈՒՄ
12Արդարեւ, դու չե՞ս մեր Տէր Աստուածը սկզբից, ուրեմն չենք մեռնի. Տէ՛ր, նրան դատաստանի ենթարկեցիր եւ ստեղծեցիր ինձ, որ յանդիմանեմ նրա խաղը։
13Մաքուր է քո աչքը՝ չարիք տեսնելուց հեռու. կատարուածին նայել չես կարող. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին եւ չնկատեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
14Մարդկանց ծովի ձկների՞ պէս ես դարձնում եւ սողունների՞ պէս, որոնք առաջնորդ չունեն։
15Բաբելոնը նրանց կարթով հանեց, ձգեց իր ցանցով եւ հաւաքեց իր ուռկաններով։
16Այդ պատճառով կ’ուրախանայ եւ կը ցնծայ նրա սիրտը, դրա համար զոհ կը մատուցի իր ուռկանին եւ խունկ կը ծխի իր ցանցին, քանի որ նա նրանցով ուռճացրեց իր բաժինը, եւ իր կերակուրը ընտիր եղաւ։
17Այդ պատճառով նա կը տարածի իր ցանցը եւ երբեք չի խնայի կոտորելու ազգերին։
Էջմիածին · HYEJB1994