Ամբակում մարգարեյի գիրք

2

ԱՍՏԾՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՄԲԱԿՈՒՄԻՆ

1Իմ պահակակէտում կը կանգնեմ, կը բարձրանամ ժայռի վրայ եւ կը տեսնեմ, թէ ինչ կը խօսի ինձ հետ եւ ինչ պատասխան կը տայ իմ յանդիմանութեան։

2Պատասխանեց ինձ Տէրը եւ ասաց. «Պարզորոշ գրի՛ր այդ տեսիլքդ տախտակի վրայ, որպէսզի ով որ կարդայ, համարձակ կարդայ.

3որովհետեւ տեսիլքիդ կատարման համար տակաւին ժամանակ կայ, այն կը ծագի անպայման եւ ոչ իզուր տեղը։ Բայց եթէ ուշանայ, համբերի՛ր, որովհետեւ ինչ որ պիտի գայ, կը գայ եւ չի ուշանայ։

4Եւ եթէ որեւէ մէկը երկմտի, իմ անձը բարեհաճ չի լինի նրա նկատմամբ»։

ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՎՃԻՌ

5Արդարեւ արդարը հաւատքով կ’ապրի, իսկ կասկածողն ու արհամարհողը ամբարտաւան մարդ է եւ ոչինչ աւարտին չի հասցնի։ Ով իր հոգին ընդարձակում է ինչպէս գերեզման եւ անյագ է ինչպէս մահը, իր շուրջը կը հաւաքի բոլոր հեթանոսներին եւ իր մէջ կ’ամփոփի բոլոր ազգերին։

6Արդարեւ, սրանք, այս բոլորը նրա մասին պատմութիւններ չե՞ն յօրինի. նրան կը մտցնեն երգերի մէջ եւ կ’ասեն. “ Վա՜յ նրան, ով իւրացնում է այն, ինչ իրենը չէ. մինչեւ ե՞րբ նա այդքան շատ պիտի ծանրացնի իր տանջօղակները,

7որովհետեւ յանկարծ կ’ելնեն նրան ուտողները, կը զարթնեն նրա դաւաճանները, եւ դու աւար կը դառնաս նրանց համար։

8Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, ժողովուրդների ամբողջ մնացորդացը քե՛զ կը կողոպտի մարդկանց արեան, երկրի, քաղաքի եւ նրա բոլոր բնակիչների ամբարշտութեան համար։

9Վա՜յ նրան, ով իր տան համար ագահութիւն կ’անի, իր բոյնը բարձր տեղ կը դնի չար ձեռքերից ազատելու համար։

10Քո տան ամօթը հաստատեցիր. ոչնչացրիր բազում ազգերի եւ դու յանցանք գործեցիր.

11քանի որ քարը հիմքից կ’աղաղակի, եւ որդը փայտի միջից այդ մասին ձայն կը տայ։

12Վա՜յ նրան, ով քաղաքը արեան վրայ է կառուցում եւ է հաստատում անիրաւութեամբ։

13Այդ բոլորը Ամենակալ Տիրոջ կողմից չի՞ լինում. շատ ժողովուրդներ պակասեցին կրակի պատճառով, եւ շատ ազգեր նուազեցին,

14որպէսզի երկիրը լցուի Տիրոջ փառքի գիտութեամբ, ինչպէս ծովերը ծածկող բազում ջրերն են։

15Վա՜յ նրան, ով ընկերոջը պղտոր հրապոյրներով է արբեցնում, արբեցնում է, որպէսզի նայի նրանց մերկութեանը։

16Փառքի փոխարէն անարգանքով լիացար. դու էլ խմի՛ր, շարժուի՛ր եւ դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, եւ անարգութիւն կուտակուեց քո փառքի վրայ.

17քանի որ Լիբանանի ամբարշտութիւնը կը ծածկի քեզ, գազանների թշուառութիւնը կը զարհուրեցնի քեզ՝ մարդկանց արեան, երկրի, քաղաքի ու նրա բոլոր բնակիչների ամբարշտութեան պատճառով։

18Ինչ օգուտ ունի քանդակուած արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն. սուտ երեւոյթ. իսկ ստեղծողը յոյսը դրեց իր ստեղծածի վրայ՝ իր համար անօգուտ կուռքեր շինելով։

19Վա՜յ նրան, ով փայտին ասում է՝ սթափուի՛ր եւ զարթնի՛ր, իսկ քարին՝ բարձրացի՛ր, մինչ դրանք աչքի առաջ գտնուող երեւոյթ են՝ արծաթից ու ոսկուց կռած, եւ բոլորովին շունչ չկայ դրանց մէջ։

20Սակայն Տէրը իր սուրբ տաճարի մէջ է, եւ ամբողջ երկիրը թող վախենայ նրանից։

Էջմիածին · HYEJB1994