Եբրայեցիս
1
ԱՍՏԾՈՒ ԽՕՍՔԸ ԻՐ ՈՐԴՈՒ ՄԻՋՈՑՈՎ
1Աստուած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. 2այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի, եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ 3Նա, որ լոյսն է նրա փառքի եւ բուն պատկերը նրա էութեան, որ իր խօսքի զօրութեամբ հաստատ է պահում տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց յետոյ, նստեց Աստծու մեծութեան աջ կողմում՝ բարձունքներում։
ՈՐԴԻՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԾ Է
4Նա այնչափ գերազանց եղաւ հրեշտակներից, որ նրանցից շատ աւելի անուն ժառանգեց։ 5Արդարեւ, հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ»։ Եւ դարձեալ. «Ես նրան հայր կը լինեմ, իսկ նա ինձ որդի կը լինի»։
6Եւ դարձեալ, երբ անդրանկին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագեն նրան Աստծու բոլոր հրեշտակները»։
7Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց եւ իր ծառաներին՝ կրակի բոց»։
8Իսկ Որդու մասին ասում է. «Աստուա՛ծ, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից է. քո արքայութեան գաւազանը՝ ուղղութեան գաւազան։
9Դու սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. դրա համար, Աստուա՛ծ, քո Աստուածը քեզ օծեց ուրախութեան իւղով՝ աւելի քան քո ընկերներին»։
10Նաեւ՝ «Դո՛ւ, Տէ՛ր, սկզբից երկիրը հիմնեցիր, եւ քո ձեռքերի գործն են երկինքները։
11Նրանք կորստեան պիտի մատնուեն, բայց դու կաս եւ մնում ես։ Բոլորը պիտի մաշուեն որպէս ձորձեր եւ որպէս վերարկու.
12պիտի ոլորես դրանք հագուստի պէս. եւ նրանք պիտի ոլորուեն։ Բայց դու միշտ նոյնն ես, եւ քո տարիները չեն պակասելու»։
13Հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերին պատուանդան դարձնեմ»։
14Չէ՞ որ բոլորն էլ սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը։
Էջմիածին · HYEJB1994