Եբրայեցիս

12

ԱՍՏՈՒԱԾ՝ ՄԵՐ ՀԱՅՐԸ

1Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն եւ ծանր , համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. 2նայենք Յիսուսին՝ հաւատի զօրագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ , արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում։

3Ապա ուրեմն՝ մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք, 4դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին 5եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ իբրեւ որդիների. «Որդեա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր եւ մի՛ վհատուիր, երբ յանդիմանուես նրանից,

6

7Թէ խրատին համբերող էք, ձեզ կը մօտենայ իբրեւ որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում. 8որովհետեւ, եթէ մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ էք եւ ոչ թէ հարազատ որդի. 9յիրաւի, եթէ պատկառում ենք մեր մարմնաւոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ եւս առաւել պէտք է հնազանդուենք հոգիների Հօրը, որ ապրենք. 10քանի որ սրանք մի փոքր ժամանակ եւ ըստ իրենց կամեցողութեան են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպէսզի հաղորդակից լինենք նրա սրբութեանը։ 11Ամէն խրատ տուեալ պահին ուրախութիւն չի թւում, այլ՝ տրտմութիւն, բայց յետոյ արդարութեան խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակուածներին։

12Ուստի ամրացրէ՛ք թուլացած ձեռքերը եւ կթոտած ծնկները. 13քայլեցէ՛ք ուղիղ արահետներով, որպէսզի, ով կաղ է, չգլորուի, այլ մանաւանդ՝ բժշկուի։

ՊԱՏԻԺ ԱՆՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

14Բոլորի հետ ջանացէ՛ք ապրել խաղաղութեամբ եւ սրբութեամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի. 15զգո՛յշ եղէք, չլինի, թէ որեւէ մէկը զրկուի Աստծու շնորհից. դառնութեան արմատը, աճելով, թող ոչ ոքի նեղութիւն չտայ, եւ նրանով շատերը չպղծուեն. 16եւ չլինի, թէ որեւէ մէկը լինի պոռնիկ եւ պիղծ, ինչպէս Եսաւը, որը մի աման կերակրի դիմաց անդրանկութիւնը վաճառեց։ 17Գիտէք, որ, թէեւ նա յետոյ ուզեց ժառանգել օրհնութիւնները, բայց մերժուեց, քանի որ ապաշխարութեան հնարաւորութիւն չգտաւ, հակառակ նրան, որ արտասուքներով փնտռեց այն։

18Դուք չէք մօտեցել շօշափելի լերանը, որ կրակով էր այրւում եւ պատած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ, 19ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար, 20քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լերանը, կը քարկոծուի։ 21Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»։ 22Բայց դուք մօտեցել էք լերանը եւ կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, 23երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին 24եւ Յիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի։

25Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք Նրանից, ով խօսում է. որովհետեւ, եթէ նրանք երկրի վրայ Աստծու պատգամները տուող Մովսէսին մերժելով չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից խօսողին, 26որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»։ 27Եւ «մի անգամ էլ» -ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն։ 28Դրա համար, քանի որ անշարժ թագաւորութիւն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով, 29քանզի մեր Աստուածը ոչնչացնող կրակէ։

Էջմիածին · HYEJB1994