Եբրայեցիս
2
ՄԵԾ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ
1Ահա թէ ինչու մենք պէտք է աւելի եւս ուշադիր լինենք ասուած խօսքերին, որպէսզի երբեք դրանցից չտարուենք դէպի կորուստ, 2որովհետեւ, եթէ այն խօսքը, որ հրեշտակների միջոցով ասուեց, հաստատուն մնաց, եւ ամէն յանցանք ու անհնազանդութիւն արդար պատիժ ստացան, 3մենք ինչպէ՞ս պիտի ազատուենք, եթէ անհոգ գտնուենք այնպիսի փրկութեան հանդէպ, որ նախ հռչակուեց Տիրոջ կողմից եւ ապա հաստատուեց մեզ համար նրանց միջոցով, որ լսել էին այն. 4Աստուած էլ այն վկայեց նշաններով, զօրաւոր գործերով, ամէն տեսակ զօրութիւններով եւ Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրուեցին իր կամքի համաձայն։
ՓՐԿՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍՈՎ ԵՒ ՈՉ ԹԷ ՀՐԵՇՏԱԿՆԵՐՈՎ
5Քանզի հրեշտակներին չէ, որ հնազանդեցրեց գալիք աշխարհը, որի մասին մենք խօսում ենք։ 6Մէկը վկայում է մի տեղ եւ ասում է. «Մարդն ի՞նչ է, որ յիշես նրան, կամ՝ մարդու որդին ի՞նչ է, որ հոգածութիւն ցոյց տաս նրա հանդէպ։
7Նրան հրեշտակներից մի փոքր ցած իջեցրիր. եւ քո ձեռաց գործերի վրայ կարգեցիր նրան.
Փառքով եւ պատուով պսակեցիր նրան
8ամէն ինչ հնազանդեցրիր նրա ոտքերի ներքեւ»։ Արդ, ամէն ինչ հնազանդեցնելով՝ նրան չհնազանդող ոչինչ չթողեց. սակայն այժմ դեռ ամէն ինչ նրան հնազանդուած չենք տեսնում։ 9Բայց տեսնում ենք փառքով եւ պատուով պսակուած Յիսուսին, որ մի փոքր հրեշտակներից աւելի ցածր էր դասուել մահուան չարչարանքները յանձն առնելու պատճառով, որպէսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի. 10որովհետեւ վայել էր, որ Աստուած (նրա համար եւ նրանով է ամէն բան) կատարեալ դարձնի Յիսուսին չարչարանքների միջոցով, որպէսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Յիսուս է նրանց դէպի փրկութիւն առաջնորդողը։ 11Քանզի նա, որ սրբացնում է, եւ նրանք, որ սրբացւում են, բոլորն էլ մէկի՛ց են. ահա թէ ինչու ամօթ չի համարում եղբայրներ անուանել նրանց եւ ասել.
12«Քո անուան մասին պիտի պատմեմ իմ եղբայրներին, քո ժողովրդի հաւաքոյթի մէջ պիտի գովաբանեմ քեզ»։
13Եւ դարձեալ. «Ես յոյսս պիտի դնեմ նրա վրայ»։ Եւ դարձեալ. «Ահա՛ւասիկ ես եւ իմ զաւակները, որոնց Աստուած ինձ տուեց»։
14Արդ, որովհետեւ զաւակները հաղորդակից եղան արեան եւ մարմնին, ինքն էլ մարդկային բնութեամբ մասնակից եղաւ նրանց, որպէսզի իր մահով կործանի նրան, որ մահուան իշխանութիւն ունէր, այսինքն՝ Սատանային, 15եւ ազատի նրանց, որ, մահուան երկիւղով, միշտ գերութեան վիճակում էին։ 16Ահա թէ ինչու նա օգնելու համար երբեք հրեշտակներին ձեռք չերկարեց, այլ՝ Աբրահամի սերնդին։ 17Ուստի, պէտք էր, որ նա ամէն ինչով եղբայրներին նմանուէր, որպէսզի ողորմած լինէր եւ հաւատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայութեան մէջ՝ քաւելու համար ժողովրդի մեղքերը. 18որովհետեւ, ինչպէս որ ինքն իսկ չարչարուեց՝ փորձութեան մատնուելով, այնպէս էլ կարո՛ղ է օգնել փորձութեան ենթարկուածներին։
Էջմիածին · HYEJB1994