Եբրայեցիս

4

1Զգո՛յշ լինենք ուրեմն, որ նրա հանգստի մէջ մտնելու խոստումից, որ տրուած է մեզ, ձեզնից որեւէ մէկը չզրկուի. 2քանզի աւետուած է, ինչպէս եւ նրանց։ Բայց խօսքը լսելը չօգնեց անապատում եղողներին, որոնք հաւատով չլսեցին այն։ 3Իսկ մենք, որ հաւատացինք, մտնելու ենք այդ հանգստի մէջ, ինչպէս որ նա ասաց. «Ինչպէս երդուեցի իմ բարկութեան մէջ ասելով, թէ չպիտի մտնեն իմ հանգստի մէջ», թէեւ նրա գործերը աշխարհի սկզբից կատարուած էին։ 4Քանզի մի տեղ եօթներորդ օրուայ մասին այսպէս է ասուած. «Եւ հանգստացաւ եօթներորդ օրը իր բոլոր գործերից»։

5Եւ այստեղ դարձեալ ասում է, թէ՝ չպիտի մտնեն իմ հանգստի մէջ։ 6Եւ արդ, քանի որ ոմանց արգելուել էր մտնել նրա մէջ, եւ նրանք էլ, որոնց նախապէս աւետուել էր, չմտան անհնազանդութեան պատճառով, 7դարձեալ նա մի ուրիշ օր է սահմանում, Այսօրը. երկար ժամանակ յետոյ ասում է, ինչ որ Դաւթի բերանով ասուել է աւելի առաջ. «Այսօր եթէ նրա ձայնը լսէք, մի՛ կարծրացրէք ձեր սրտերը»։

8Որովհետեւ, եթէ Յեսուն դրանց հանգիստ տուած լինէր, ապա դրանից յետոյ Աստուած ուրիշ օրուայ մասին չէր խօսի։ 9Արդ, ուրեմն, Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր. 10որովհետեւ, ով մտնում է նրա հանգստի մէջ, նա հանգստանում է իր գործերից, ինչպէս Աստուած էլ հանգստացաւ իր գործերից։

11Ջանանք, ուրեմն, մտնել այդ հանգստի մէջ, որպէսզի որեւէ մէկը նոյնօրինակ անհնազանդութեան մէջ չընկնի։

ՔՐԻՍՏՈՍ՝ ՄԵԾ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ

12Կենդանի է Աստծու խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները։ 13Եւ նրա առաջ չկայ անտեսանելի արարած, այլ ամէն ինչ պարզ ու յստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խօսքերը։ 14Ուրեմն, ունենք երկինքներով անցած մի մեծ ՝ Յիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դաւանած հաւատը. 15քանզի ոչ թէ ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարութեանը, այլ՝ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձուած է ամէն ինչում, բայց առանց մեղքի է։ 16Ուրեմն, համարձակութեամբ մօտենանք նրա շնորհի աթոռին, որպէսզի ողորմութիւն ստանանք եւ գտնենք այն ժամանակ, երբ օգնութեան կարիք ունենք։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն