Եբրայեցիս
6
1Ուստի, Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով՝ գանք չափահասներին սահմանուած ուսուցման՝ առանց վերստին հիմք դնելու մեռած գործերից ապաշխարելու, դէպի Աստուած հաւատի, 2մկրտութիւնների վարդապետութեան, ձեռնադրութեան, մեռելների յարութեան եւ յաւիտենական դատաստանի վրայ։ 3Եւ արդ, այս բանը պիտի անենք, եթէ Աստուած թոյլ տայ. 4որովհետեւ մէկ անգամ մկրտուածների համար, - որ ճաշակեցին երկնաւոր պարգեւներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, 5Աստծու գեղեցիկ խօսքի վայելքն ունեցան եւ գալիք աշխարհի զօրութիւնները ճանաչեցին, - 6եթէ սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարութեամբ նորոգուել, որովհետեւ նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն եւ դարձեալ խաղք ու խայտառակ դարձնում. 7քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրայ թափուած անձրեւը եւ օգտակար արդիւնքներ է տալիս նրանց, որոնց համար մշակւում է, Աստծուց օրհնութիւն է ստանում։ 8Իսկ եթէ փուշ եւ տատասկ է տալիս, նա անպէտք է եւ արժանի է անէծքի. եւ նրա վախճանը այրուելն է։
9Սիրելինե՛ր, թէպէտեւ այսպէս եմ խօսում, բայց վստահ եմ ձեր վրայ, որ լաւագոյն ուղու վրայ էք, մանաւանդ որ այն առաջնորդում է փրկութեանը։ 10Անարդար չէ Աստուած, որ մոռանայ ձեր գործերը եւ սէրը, որ ցոյց տուեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին եւ ծառայում էք մինչեւ այժմ։ 11Եւ մենք ցանկանում ենք, որ ձեզնից իւրաքանչիւրը նոյն փութաջանութիւնը ցուցաբերի, որպէսզի հաստատ մնայ ձեր յոյսը մինչեւ վերջ։ 12Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանուէք նրանց, որ հաւատով եւ համբերութեամբ ժառանգեցին խոստումները։
ԱՍՏԾՈՒ ՀԱՍՏԱՏ ԽՈՍՏՈՒՄԸ
13Երբ Աստուած Աբրահամին իր խոստումը տուեց, - քանի որ չկար աւելի մեծ մէկը, որ նրանով երդուէր, - 14նա ինքն իր վրայ երդուեց եւ ասաց. «Այո՛, օրհնելով պիտի օրհնեմ քեզ եւ բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ»։
15Եւ այսպէս, համբերատար լինելով, Աբրահամը հասաւ խոստմանը։ 16Արդարեւ, մարդիկ երդւում են նրանով, ով մեծ է իրենցից. եւ նրանց մէջ եղած ամէն հակառակութեան վերջնական վճիռը երդումն է։
17Ահա թէ ինչու Աստուած, կամենալով առաւել եւս ցոյց տալ իր նպատակի անփոփոխ լինելը խոստման ժառանգորդներին, օգտագործեց երդումը, 18որպէսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցոյց են տալիս, թէ անհնար է, որ Աստուած սուտ խօսած լինի, մենք հաստատուն մխիթարութիւն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու հանդերձեալ յոյսից, 19որը հաստատուն եւ անշարժ խարիսխ է մեզ համար. յոյս, որ թափանցում է վարագոյրից այն կողմ, 20ուր մեր նախակարապետը՝ Յիսուս, մտաւ մեզ համար՝ լինելով յաւիտենական Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։