Եբրայեցիս

9

ԵՐԿՐԱՅԻՆ ԵՒ ԵՐԿՆԱՅԻՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ

1Առաջին ուխտն էլ ունէր պաշտամունքի կանոններ եւ երկրային . 2քանզի առաջին խորանը պատրաստուեց այսպէս. նրա մէջ կային աշտանակը, սեղանը եւ առաջաւորութեան հացը. այս մասը կոչւում է Սրբութիւն։ 3Եւ երկրորդ վարագոյրի յետեւում էր այն խորանը, որ կոչւում էր Սրբութիւնների Սրբութիւն, 4որտեղ դրւում էր ոսկէ բուրվառը եւ ներսից ու դրսից ոսկով պատած կտակարանների արկղը, որի մէջ կար ոսկէ սափորը՝ լի մանանայով, եւ Ահարոնի գաւազանը, որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները. 5եւ նրա վրայ կանգնած էին փառքի քերովբէները, որ հովանի էին անում քաւութեան սեղանի վրայ. դրանց մասին այժմ մէկ առ մէկ խօսելու կարիք չկայ։

6Եւ այս ամէնը այսպէս էր դասաւորուած. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում՝ կատարելու. 7իսկ երկրորդ խորանը տարին մէկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, եւ այդ անում էր ոչ առանց զոհի արեան, 8որ մատուցում էր իր եւ ժողովրդի մեղքերի համար։ Սրանով Սուրբ Հոգին ցոյց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը յայտնուած չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը. 9դա խորհրդանշան է ներկայ ժամանակի համար, երբ ընծայւում էին պատարագներ եւ զոհեր, որոնք չէին կարող կատարեալ դարձնել զոհաբերողների խղճմտանքը, այլ դրանք կապուած էին միայն կերակուրների, ըմպելիների 10եւ պէսպէս լուացումների հետ, որոնք մարմնական ծիսակատարումներ էին՝ ի զօրու մինչեւ բարեփոխման ժամանակները։

11Իսկ Քրիստոս, որ եկաւ որպէս գալիք բարիքների , անցնելով մեծ, կատարեալ եւ անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից շինուած, 12ո՛չ էլ նոխազների եւ զուարակների արիւնով, մի անգամ ընդմիշտ իր իսկ արեամբ մտաւ սրբարան՝ յաւիտենական փրկութիւն ապահովելով. 13որովհետեւ, եթէ ցուլերի եւ նոխազների արիւնը եւ երինջների շաղ տրուած մոխիրը մաքրում են պղծուածներին մարմնի մաքրութեան համար, 14որչա՜փ եւս առաւել արիւնը Քրիստոսի, - որ յաւիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպէս անարատ մատուցեց Աստծուն, - կը մաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպէսզի ծառայէք կենդանի Աստծուն։

15Ահա թէ ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործուած յանցանքների քաւութեան համար եղաւ, որպէսզի կանչուածները յաւիտենական ժառանգութեան խոստումն ստանան. 16որովհետեւ, ուր որ կտակ կայ, կտակարարի մահը պէտք է հաստատուի, 17քանի որ կտակը յետ մահու է ուժի մէջ. ապա թէ ոչ ինչպէ՞ս ուժի մէջ կը լինի այն, քանի դեռ կտակարարը կենդանի է։ 18Ուստի եւ առաջին ուխտը առանց արեան չէր նուիրագործուի. 19երբ բոլոր պատուիրանները Մովսէսի կողմից ծանուցուեցին ժողովրդին, նա, վերցնելով ցուլերի եւ նոխազների արիւնը ջրի եւ կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հէնց օրէնքի գրքի եւ ամբողջ ժողովրդի վրայ 20եւ ասաց. «Սա է արիւնը կտակի, որն ձեզ պատուիրեց»։ 21Ապա արիւնը նոյնպէս ցանեց խորանի եւ պաշտամունքի ամբողջ սպասքի վրայ։ 22Եւ գրեթէ ամէն ինչ արիւնով էր մաքրւում ըստ օրէնքի, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէր լինում։

ՔՐԻՍՏՈՍԻ ՄՈՒՏՔԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՍՐԲԱՐԱՆ

23Եթէ պէտք էր, որ երկնաւոր բաների օրինակները այսպիսի ծէսերով մաքրուէին, ապա բուն իսկ երկնաւորները պէտք է մաքրուէին դրանցից էլ աւելի լաւ զոհերով. 24քանզի Քրիստոս ոչ թէ ճշմարտութեան օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտաւ, այլ՝ բուն իսկ երկինքը, որպէսզի մեզ համար ներկայանայ Աստծու առաջ։ 25Ոչ թէ նրա համար, որ շատ անգամ ինքն իրե՛ն պատարագ մատուցի, ինչպէս քահանայապետը, որ Սրբութիւնների Սրբութիւնն էր մտնում ամէն տարի իրը չեղած արիւնով. 26այլապէս նա բազում անգամ պէտք է չարչարուէր աշխարհի սկզբից ի վեր։ Բայց այժմ, դարերի վախճանին, նա մէկ անգամ ընդմիշտ յայտնուեց՝ իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար։ 27Եւ ինչպէս որ մարդկանց սահմանուած է մէ՛կ անգամ մեռնել եւ այնուհետեւ՝ , 28նոյնպէս եւ Քրիստոս մէ՛կ անգամ որպէս պատարագ մատուցուեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի յայտնուի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հաւատով փրկուելու համար։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն