Ովսէէ մարգարեյի գիրք
10
1Ճիւղառատ պտղալից որթատունկ է Իսրայէլը. նա իր պտուղների առատութեան չափ բազմացրեց իր զոհասեղանները, իր պարարտութեան չափ արձաններ կանգնեցրեց։
2Նրանք բաժանեցին իրենց սրտերը, նրանք կ’ապականուեն։ Նա կը կործանի նրանց զոհասեղանները, 3ողբալի կը դառնան նրանց արձանները, քանի որ հիմա կ’ասեն. «Թագաւոր չունենք, որովհետեւ Տիրոջից չվախեցանք, բայց թագաւորը ի՞նչ կարող է անել մեզ համար»։
4Եթէ խօսքեր ասի՝ ստայօդ են. ուխտ կը կնքի, եւ արդարադատութիւնը որպէս սէզ կ’աճի ագարակի անմշակ հողում։
5Ովնի տան հորթի պէս պանդուխտ կը դառնան Սամարիայի բնակիչները, որովհետեւ նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրայ. եւ ինչպէս որ դառնացրին նրան, ոտնակոխ կը լինեն նրա փառքի համար, քանի որ գերուեցին նրա կողմից։
6Եւ նրան կապկպած Ասորեստան կը տանեն որպէս նուէր Յարիմ արքային։ Նա կաշառքով կ’ընդունի Եփրեմին. Իսրայէլը կ’ամաչի իր խորհուրդներից։
7Սամարիան մերժեց իր թագաւորին, ինչպէս տաշեղ ջրի երեսին։
8Կը վերանան Ովնի մեհեանները՝ Իսրայէլի մեղքերը, փուշ ու տատասկ կը բուսնեն նրանց զոհասեղաններին, եւ լեռներին կ’ասեն, թէ՝ «Ընկէ՛ք մեզ վրայ» եւ բլուրներին, թէ՝ «Ծածկեցէ՛ք մեզ»։
ԱՍՏՈՒԱԾ ՅԱՅՏՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻ ՎՃԻՌԸ
9«Այն օրից, երբ բարձունքները գոյութիւն ունեն, Իսրայէլը մեղք գործեց։ Այնտեղ տեղաւորուեցին նրանք։ Եւ բարձունքի վրայ չի հասնի նրանց պատերազմը,
10որ եկաւ խրատելու նրանց անօրէնութեան որդիների դէմ. ազգերը կը հաւաքուեն նրանց դէմ՝ խրատելու նրանց իրենց կրկնակի անիրաւութիւնների համար։
11Եփրեմը մարզուած երինջ է, որ սիրում է հակառակութիւնը, բայց ես կը նետուեմ նրա գեղեցիկ պարանոցի վրայ, կը բարձրանամ Եփրեմի վրայ, կ’անտեսեմ Յուդային, եւ Յակոբը կը յաղթի նրան։
12Ձեզ համար արդարութեան սերմեր ցանեցէ՛ք եւ կենաց պտուղ քաղեցէ՛ք. վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը, փնտռեցէ՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարութեան պտուղները հասնեն ձեզ։
13Ինչո՞ւ էք փորփրում ամբարշտութիւնը, փխրեցնում նրա անօրէնութիւնները եւ ուտում ստութեան պտուղը. որովհետեւ յոյս դրեցիր քո կառքերի վրայ, քո զօրքի բազմութեան վրայ։
14Քո ժողովուրդը կորստեան կը մատնուի, եւ քո բոլոր պարսպապատ ամրոցները կը կործանուեն։ Ինչպէս Յերոբովաղի տնից Սաղաման իշխանի պատերազմի ժամանակ, երբ մայրերին սպանեցին որդիների կողքին,
15այդպէս էլ կ’անեն ձեզ, ո՛վ Իսրայէլի տուն, ձեր չարիքների պատճառով»։