Ովսէէ մարգարեյի գիրք
13
ԻՍՐԱՅԷԼԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՎՃԻՌԸ
1Ըստ Եփրեմի խօսքի, նա ստացաւ Իսրայէլի Աստծու վճիռը, նրան հաստատեց Բահաղի համար ու մեռաւ։
2Այժմ դարձեալ շարունակեցին մեղանչել եւ իրենց համար կուռքերի պատկերների նման ձուլածոյ արձաններ պատրաստեցին իրենց արծաթից՝ ճարտար արհեստաւորների գործ տալու նրանց։ Նրանք ասացին. «Մարդի՛կ, զո՛հ մատուցեցէք, որովհետեւ հորթերը նուազեցին»։
3Դրա համար կը լինեն ինչպէս առաւօտեան ամպ եւ վաղորդեան ցօղ, որ անցնում է, ինչպէս փոշի՝ կալից քշուած, եւ ինչպէս ծուխ՝ պատուհանից դուրս եկող։
4«Ես եմ քո Տէր Աստուածը, որ հաստատեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը, ես, որի ձեռքերը հաստատեցին երկնքի բոլոր զօրքերը, բայց քեզ ցոյց չեմ տայ, որ գնաս նրանց յետեւից. ես հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, ինձնից բացի Աստուած չես ճանաչի, եւ ինձնից բացի փրկիչ չկայ։
5Ես էի քեզ հովւում անապատում՝ անշէն երկրում։
6Նրանք իրենց արօտավայրերի չափ յագեցան եւ զմայլուեցին, գոռոզացան իրենց սրտերով, դրա համար էլ մոռացան ինձ։
7Ես նրանց համար կը լինեմ ինչպէս յովազ եւ ինչպէս ընձառիւծ Ասորեստանի ճանապարհին։
8Կը պատահեմ նրանց ինչպէս սոված արջ, կը պատառոտեմ նրանց սրտերի վարագոյրը. անտառի կորիւնները կ’ուտեն նրանց, եւ վայրի գազանները կը յօշոտեն նրանց։
9Քո ապականութեան մէջ, Իսրայէ՛լ, ո՞վ է, որ պիտի օգնի քեզ։
10Ո՞ւր է քո թագաւորը, որ փրկի քեզ քո բոլոր քաղաքներում, որ դատի քեզ, եւ որի մասին ասացիր, թէ՝ “Տո՛ւր ինձ թագաւոր եւ իշխան”։
11Ես քեզ թագաւոր տուեցի իմ բարկութեամբ եւ յետ վերցրի նրան իմ սրտմտութեամբ։
12Եփրեմը անիրաւութիւնների կծիկ է, եւ նրա մեղքերը թաքնուած են։
13Ծննդկանի պէս երկունք կը պատահի նրան. դա է քո իմաստուն որդին. դրա համար այժմ նա չի կարող տոկալ քո որդիների կործանմանը։
14Ես դժոխքից կ’ազատեմ նրանց եւ մահից կը փրկեմ նրանց։ Որտե՞ղ է քո յաղթանակը, մա՛հ, որտե՞ղ է քո խայթոցը, դժո՛խք։
15Մխիթարութիւնը ծածկուած է իմ աչքերից, քանի որ նա խտրութիւն է դնում եղբայրների միջեւ»։ Տէրը նրա վրայ կը բերի խորշակի հողմ անապատից, կը ցամաքեցնի նրա երակները եւ կ’աւերի նրա աղբիւրները։ Նա կը չորացնի նրա երկիրը եւ նրա բոլոր թանկագին անօթները։
Էջմիածին · HYEJB1994