Ովսէէ մարգարեյի գիրք

2

ԱՆՀԱՒԱՏԱՐԻՄ ԳՈՄԵՐԸ

ԵՒ ԱՆՀԱՒԱՏԱՐԻՄ ԻՍՐԱՅԷԼԸ

1«Ձեր եղբօրն ասացէ՛ք՝ “Իմ ժողովո՛ւրդ”, եւ ձեր քրոջը՝ “Ողորմած”։

2Դա՛տ արէք ձեր մօր հետ, դա՛տ արէք, քանի որ նա իմ կինը չէ, եւ ես նրա ամուսինը չեմ։ Ես կը վերացնեմ նրա պոռնկութիւնը իմ ներկայութիւնից եւ շնութիւնը՝ իր ստինքների միջից,

3որովհետեւ նրան կը մերկացնեմ եւ նրան կ’անեմ այնպէս, ինչպէս ծնուած օրը. նրան անբնակ կը դարձնեմ, կը վերածեմ անջուր հողի 4եւ կը սպանեմ նրան ծարաւից։ Նրա որդիներին չեմ գթայ, քանի որ պոռնկութեան որդիներ են,

5քանի որ չափից դուրս պոռնկացաւ նրանց մայրը եւ ամօթի մէջ թողեց ում որ ծնեց, քանի որ ասաց. “Կը գնամ իմ սիրածների յետեւից, որոնք կը տան ինձ իմ հացն ու ջուրը, իմ հագուստն ու ներքնազգեստը, իմ գինին ու իմ ձէթը եւ ամէն ինչ, որ պէտք է ինձ”։

6Դրա համար ես կը փակեմ նրա ճանապարհները, կը պատնէշեմ նրա ուղիները, եւ նա իր շաւիղները չի գտնի։

7Նա կը գնայ իր սիրածների յետեւից եւ չի հասնի նրանց, կը փնտռի, բայց չի գտնի նրանց եւ կ’ասի. “Կը գնամ եւ կը վերադառնամ իմ նախկին ամուսնու մօտ, որովհետեւ այն ժամանակ աւելի լաւ էր ինձ համար, քան հիմա”։

8Եւ նա չիմացաւ, որ ե՛ս տուեցի նրան ցորենը, գինին եւ ձէթը, բազմացրի նրա դրամը, իսկ նա շատ արծաթէ եւ ոսկէ արձաններ սարքեց Բահաղին։

9Դրա համար ես կը դառնամ եւ յետ կ’առնեմ իմ ցորենն իր ժամանակին, իմ գինին եւ իմ ձէթն իրենց ժամանակին եւ կը հանեմ նրա վրայից իմ հագուստն ու ներքնազգեստը, որ չծածկի իր մերկութիւնը։

10Եւ արդ, կը պարզեմ նրա պղծութիւնը իր սիրածների առաջ, եւ ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից։

11Կը խափանեմ նրա բոլոր ուրախութիւնները, նրա տօները, ամսագլուխներն ու շաբաթները եւ նրա բոլոր տօնախմբութիւնները։

12Կը կործանեմ նրա այգիներն ու թզենիները, որոնց համար մի անգամ ասաց, թէ՝ “Իմ վարձն են սրանք, որ տուեցին ինձ իմ սիրածները”. նրան որպէս վկայութիւն կը դնեմ, կ’ուտեն նրան անապատի գազանները, երկնքի թռչուններն ու երկրի սողունները։

13Կը պատժեմ նրան Բահաղիմի օրերի համար, երբ էր մատուցում նրանց, ականջօղեր էր դնում, իր քառամանեակներն էր գցում, գնում էր իր սիրածների հետ եւ մոռացել էր ինձ», - ասում է Տէրը։

ՏԻՐՈՋ ՍԷՐԸ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԷՊ

14«Դրա համար ահա կը մոլորեցնեմ նրան եւ կը դարձնեմ նրան ինչպէս , կը խօսեմ նրա սրտին,

15ապա կը տամ նրան իր ունեցուածքը եւ Աքորի հովիտը՝ բացելու նրա միտքը, եւ նա խոնարհ կը դառնայ այնտեղ, ինչպէս իր մանկութեան օրերին, եւ ինչպէս նրա՝ Եգիպտացիների երկրից ելնելու օրերին։

16Այն օրը, - ասում է Տէրը, - ինձ կ’անուանի՝ “Իմ ամուսին” եւ Բահաղիմ չի կոչի ինձ։

17Կը վերացնեմ Բահաղիմի անունները նրա բերանից, եւ այլեւս չեն յիշուի նրանց անունները։

18Այն օրը ուխտ կը կնքեմ նրանց հետ՝ անապատի գազաններով, երկնքի թռչուններով եւ երկրի սողուններով հանդերձ. եւ աղեղը, սուրն ու ճակատամարտը կը վերացնեմ երկրից եւ կը բնակեցնեմ քեզ յոյսով։

19Քեզ կը նշանեմ ինձ յաւիտեան, քեզ կը նշանեմ ինձ արդարութեամբ եւ իրաւունքով, ողորմութեամբ եւ գթութեամբ։

20Քեզ կը նշանեմ ինձ հաւատով, եւ դու կը ճանաչես Տիրոջը։

21Այն օրը, - ասում է Տէրը, - ես կ’ունկնդրեմ երկնքին, երկինքը կ’ունկնդրի երկրին,

22երկիրը կ’ունկնդրի ցորենին, գինուն ու ձէթին, եւ նրանք կ’ունկնդրեն Յեզրայէլին։

23Ես նրան կը սերմանեմ երկրի վրայ ինձ համար, կը գթամ Չողորմածին, կ’ասեմ ինձ օտար ժողովրդին՝

24“Իմ ժողովուրդն ես դու”, եւ նա կ’ասի՝ “իմ Տէր Աստուածն ես դու”»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն