Ովսէէ մարգարեյի գիրք

5

1Լսեցէ՛ք սա, ո՛վ քահանաներ, մտի՛կ արէք, ո՛վ Իսրայէլի , թագաւորի՛ տուն, ակա՛նջ դրէք, քանի որ ձերն է դատաստանը.

2կը լինէք ինչպէս թակարդ դիտանոցում եւ ինչպէս մի ցանց՝ ձգուած բարձրադիր վայրում, որ որսորդները դրեցին որսի համար։

3«Ես եմ ձեր ուղղիչը. ես ճանաչեցի Եփրեմին, եւ Իսրայէլը հեռու չէ ինձնից, քանի որ այժմ Եփրեմը պոռնկացաւ, եւ Իսրայէլը պղծուեց»։

4Նրանք չմտածեցին վերադառնալ իրենց Աստծուն, որովհետեւ պոռնկութեան չար ոգին նրանց մէջ է, եւ Տիրոջը չճանաչեցին։

5Իսրայէլի հպարտութիւնը կը խոնարհուի նրա առաջ. ե՛ւ Իսրայէլը, ե՛ւ Եփրեմը կը տկարանան իրենց անօրէնութեան մէջ, կը տկարանայ եւ Յուդան նրանց հետ։

6Նրանք ոչխարներով եւ զոհերով կը գնան Տիրոջը որոնելու եւ չեն գտնի նրան, որովհետեւ նա խուսափեց նրանցից։

7Նրանք Տիրոջը թողեցին, քանի որ օտար որդիներ ծնուեցին նրանց։ Ահա այժմ թրթուրը կ’ուտի նրանց, նրանց եւ նրանց երկիրը։

ՊԱՏԵՐԱԶՄ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԵՒ ԻՍՐԱՅԷԼԻ ՄԻՋԵՒ

8Փո՛ղ հնչեցրէք բլուրների վրայ, գոռացէ՛ք բարձունքների վրայ, յայտարարեցէ՛ք Ովնի տանը, թէ յիմարացաւ Բենիամինը,

9եւ Եփրեմը կործանուեց յանդիմանութեան օրերին. «Իսրայէլի ցեղերին հաւատարմութիւն ցոյց տուեցի։

10Յուդայի երկրի իշխանները նմանուեցին սահմանները փոփոխողների. նրանց վրայ ջրի պէս կը թափեմ իմ կատաղութիւնը։

11Եփրեմը զրկեց իր թշնամուն եւ ոտնակոխ արեց արդարադատութիւնը, քանի որ սկսեց սնոտի բաների յետեւից ։

12Ես Եփրեմի համար սարսափ կը լինեմ եւ Յուդայի տան համար՝ ինչպէս խայթոց։

13Եփրեմը տեսաւ իր ախտը, եւ Յուդան՝ իր ցաւերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մօտ եւ պատգամաւորներ ուղարկեց Յարիմի արքային, բայց նա չկարողացաւ փրկել ձեզ եւ ոչ էլ հանգստացնել ձեզ ցաւերից։

14Քանզի ես Եփրեմի համար յովազի պէս եմ եւ Յուդայի տան համար՝ առիւծի նման. կը յարձակուեմ, կը յափշտակեմ,

15կ’առնեմ նրանց, ու ոչ ոք չի լինի, որ փրկի. կը գնամ եւ կը վերադառնամ իմ տեղը, մինչեւ որ նրանք կործանուեն եւ փնտռեն ինձ»։

Էջմիածին · HYEJB1994