Ովսէէ մարգարեյի գիրք
6
ԺՈՂՈՎՐԴԻ ԿԵՂԾ ԶՂՋՈՒՄԸ
1«Իրենց նեղութիւնների մէջ կը շտապեն ինձ մօտ եւ կ’ասեն. “Գնանք եւ վերադառնանք մեր Տէր Աստծուն.
2որովհետեւ նա հարուածեց մեզ եւ ինքն էլ կը բժշկի, վիրաւորեց եւ կը կապի մեր վէրքերը։
3Երկու օր յետոյ նա կը կենդանացնի մեզ, եւ երրորդ օրը կ’ելնենք կը կանգնենք նրա առաջ, կը ճանաչենք Տիրոջը եւ հետամուտ կը լինենք ճանաչելու նրան։ Մենք նրան պատրաստ կը գտնենք ինչպէս առաւօտը, եւ նա կը գայ դէպի մեզ՝ ինչպէս վաղ եւ ուշացած անձրեւը՝ դէպի հողը”։
4Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Յուդա՛, որովհետեւ ձեր ողորմութիւնը վաղորդեան ամպի պէս է եւ առաւօտեան ցօղի պէս, որ անհետանում է։
5Դրա համար հնձեցի ձեր մարգարէներին եւ կոտորեցի նրանց իմ բերանի խօսքով. իմ արդարադատութիւնը իբրեւ լոյս կը ծագի։
6Քանզի ողորմութիւն եմ ցանկանում եւ ոչ թէ զոհաբերում, Աստծու ճանաչումն աւելի եմ ցանկանում, քան ողջակէզները.
7բայց նրանք եղան ինչպէս մի մարդ, որ դրժում է ուխտը։
8Գաղաադն այնտեղ արհամարհեց ինձ, քաղաք, որ սնոտի բաներ է անում եւ խառնում ջրերը։
9Քո զօրութիւնը աւազակ մարդու զօրութեան պէս է։ Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սիկիմը, որովհետեւ անօրէնութիւն գործեցին։
10Իսրայէլի տան մէջ տեսայ արհաւիրքներ. այնտեղ պոռնկացաւ Եփրեմը, եւ պղծուեց Իսրայէլը։
11Յուդան սկսեց այգեկութը, երբ ես գերութիւնից վերադարձրի իմ ժողովրդին»։
Էջմիածին · HYEJB1994