Ովսէէ մարգարեյի գիրք
7
1«Իսրայէլին բժշկելիս ի յայտ կը գան Եփրեմի չարիքներն ու Սամարիայի չարիքները, քանի որ սխալ բաներ արեցին. գող կը մտնի նրա տուն, իսկ աւազակը կը թալանի նրա ճանապարհներին.
2նրանք միասին կը մրմնջեն, ինչպէս մրմնջում են մարդիկ իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները յիշեցի. նրանց խորհուրդները պաշարեցին նրանց, եւ նրանք յայտնուեցին իմ առաջ։
ԴԱՒԱԴՐՈՒԹԻՒՆ ՊԱԼԱՏՈՒՄ
3Իրենց չարիքներով ուրախացրին թագաւորին եւ իրենց ստերով՝ իշխաններին։
4Բոլորը շնացան, ինչպէս թոնիրն է վառւում հաց թխելու համար բորբոքուած կրակից եւ ճարպի զանգուածից, մինչեւ այն խմորուի.
5այդպէս ձեր թագաւորների օրերին իշխաններն սկսեցին վառուել գինուց եւ ձեռք մեկնեցին չարագործներին,
6որովհետեւ սրտերն իրենց հնոցի պէս բորբոքուեցին՝ անիծելու նրանց։ Գիշերն ամբողջ քնից յագեցաւ Եփրեմը. առաւօտ եղաւ, եւ բորբոքուեցին որպէս կրակի բոց։
7Բոլորը տաքացան ինչպէս վառուած հնոց, եւ կրակը կերաւ նրանց դատաւորներին. նրանց բոլոր թագաւորներն ընկան, եւ նրանց մէջ չկար մէկը, որ կանչէր ինձ։
ԻՍՐԱՅԷԼԸ ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ
8Եփրեմը խառնւում էր ժողովուրդներին, Եփրեմը նմանուեց շուռ չտուած հացիկի.
9օտարները կերան նրա զօրութիւնը, եւ նա չիմացաւ. սպիտակեցին նրա մազերը, եւ նա չզգաց։
10Իսրայէլի հպարտութիւնը կը խոնարհուի նրա առաջ. նրանք չվերադարձան իրենց Տէր Աստծուն եւ չփնտռեցին նրան այս բոլորի մէջ։
11Եփրեմը նման էր անմիտ աղաւնու, որ սիրտ չունի. Եգիպտոս էին կանչւում, բայց գնացին Ասորեստան։
12Ուր էլ որ գնան, նրանց վրայ կը գցեմ իմ ցանցը, երկնքի թռչունների նման ցած կը բերեմ նրանց եւ կը պատժեմ նրանց իրենց գլխին գալիք նեղութեան լուրով։
13Վա՛յ նրանց, քանի որ նրանք խոյս տուեցին ինձնից, ողորմելի են, քանի որ ամբարշտացան իմ դէմ։ Ես փրկեցի նրանց, իսկ նրանք ստութեամբ բամբասեցին ինձ։
14Նրանց սրտերը չկանչեցին ինձ, այլ ողբում էին իրենց անկողիններում. նրանք ցորենի ու գինու համար ծուատում էին իրենց։
15Ես խրատեցի նրանց եւ զօրացրի նրանց բազուկները, բայց նրանք չարիք խորհեցին իմ դէմ։
16Նրանք դարձան անգոյին եւ եղան ինչպէս լարուած աղեղ։ Սրով կ’ընկնեն նրանց իշխանները իրենց լեզուի անսանձ խստութեան պատճառով, եւ սա կը լինի նրանց նախատինքը Եգիպտոսում»։