Ովսէէ մարգարեյի գիրք
8
ՏԷՐԸ ՅԱՆԴԻՄԱՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
1«Կ’իջնի նա նրանց կենտրոնում ինչպէս հողը եւ ինչպէս արծիւ՝ Տիրոջ տան վրայ, որովհետեւ անտեսեցին իմ ուխտը եւ իմ օրէնքի դէմ ամբարշտացան։
2Կ’աղաղակեն դէպի ինձ. “Աստուա՛ծ, ճանաչեցինք քեզ”.
3քանի որ Իսրայէլը հեռացաւ բարիքներից նրանք հալածեցին թշնամուն։
4Անձամբ թագաւորներ կարգեցին, բայց ոչ իմ միջոցով. տիրեցին, բայց ցոյց չտուեցին ինձ, իրենց արծաթից ու ոսկուց կուռքեր շինեցին իրենց, որպէսզի կործանուեն։
5Խորտակի՛ր քո հորթը, Սամարիա՛. իմ բարկութիւնը բորբոքուեց նրանց դէմ. մինչեւ ե՞րբ պիտի չկարողանան մաքրուել Իսրայէլում։
6Արհեստաւորը պատրաստեց այն, եւ նա Աստուած չէ, քանի որ քո հորթը մոլորեցուցիչ է, Սամարիա՛,
7որովհետեւ խորշակահար սերմ սերմանեցին, եւ նա էլ կը կործանուի նրանց նման. նրանց ցորենի խուրձը ուժ չի ունենայ խիւս դառնալու. եթէ նոյնիսկ դառնայ, օտարները կ’ուտեն այն։
8Իսրայէլն ընկղմուեց. այժմ նա ազգերի մէջ դարձաւ ինչպէս անպիտան անօթ։
9Քանի որ գնացին դէպի ասորեստանցիները, ուրախացաւ Եփրեմն առանձին, սիրեց կաշառքը.
10դրա համար էլ կը մատնուի ազգերին։ Բայց այժմ կ’ընդունեմ նրանց, եւ մի փոքր կը դադարեն թագաւորներ եւ իշխաններ օծելուց։
11Եփրեմն առատացրեց զոհասեղանները, եւ նրա սիրելի զոհասեղանները մեղք դարձան նրան։
12Բազմաթիւ պատգամներ կը գրեմ նրանց, բայց նրա կուռքերը օտարոտի կը համարուեն, նաեւ նրա սիրելի զոհասեղանները։
13Թէպէտ եւ զոհեր կը մատուցեն եւ դրանց միսը կ’ուտեն, Տէրը չի ընդունի այն։ Այժմ կը յիշի նրանց անիրաւութիւնները եւ վրէժ կը լուծի նրանց անօրէնութիւնների համար, քանի որ նրանք վերադարձան Եգիպտոս եւ պիղծ բաներ պիտի ուտեն ասորեստանցիների մէջ։
14Իսրայէլը մոռացաւ իր Արարչին, եւ մեհեաններ շինեցին. Յուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց ես կրակ կ’ուղարկեմ նրա քաղաքների վրայ, եւ այն կ’ուտի դրանց հիմքերը»։
Էջմիածին · HYEJB1994