Եսայիա մարգարեյի գիրք
14
ՎԵՐԱԴԱՐՁ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ
1Պիտի գայ ժամանակը, շտապ հասնի, չի յապաղելու, օրերը երկար սպասել չեն տալու։ Տէրը գթալու է Յակոբին, Իսրայէլին դարձեալ իր ընտրեալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, եւ պանդուխտներն աւելանալու են Յակոբի տանը։
2Նրանց ընդունելու են հեթանոսները եւ բերելու են իրենց տեղերը, որ ժառանգեն եւ բազմանան Աստծու երկրում՝ ծառաներով ու աղախիններով։ Նրանց գերեվարողները գերիներ են դառնալու, նրանց տիրողները նրանց ծառայութեան տակ են ընկնելու։
ԲԱԲԵԼՈՆԻ ԱՆԿՄԱՆ ՅԱՂԹԱԿԱՆ ԵՐԳԸ
3Այն օրը Տէրը հանգստացնելու է քեզ քո ցաւերից ու նեղութիւններից եւ այն դաժան ծառայութիւնից, որ նրանց համար կատարեցիր։ 4Ու այս ողբը պիտի յօրինես Բաբելոնի թագաւորի վրայ եւ ասես այն օրը. «Ինչպէ՜ս այլեւս չկայ հարկապահանջը, ինչպէ՜ս լռեց կողոպտիչը։
5Տէրը խորտակեց մեղաւորների լուծը, իշխանների լուծը,
6զայրոյթով, սոսկալի հարուածներով ու անողոք բարկութեամբ ոչնչացրեց նրանց ցեղերին։
7Ողջ երկիրը յոյսով խաղաղուեց եւ կանչում է ցնծութեամբ։
8Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար, Լիբանանի մայրիներն ասում են. “ Այն օրից, երբ դու ընկար, անտառահատները մեզ չեն դիպել”»։
9Այդ բանը երբ պատահեց քեզ հետ, դժոխքն ալեկոծուեց ներքեւում, միանգամից ոտքի կանգնեցին բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին եղել, եւ բոլոր ազգերի թագաւորներին վերացրին իրենց գահերից։
10Ամէնքը դիմեցին քեզ՝ ասելով. “Դու էլ մեզ նման բռնուեցիր եւ դարձար մեզ պէս”։
11Քո փառքը, քո մեծ ուրախութիւնը դժոխք իջան. ցեցը պիտի տարածուի քո տակ, իսկ վրադ որդը պիտի պատի։
12Արդ, ինչպէ՜ս երկնքից ընկաւ արուսեակը, որ ծագում էր առաւօտեան. նա, որ ուղարկւում էր բոլոր ազգերին, ընկաւ գետին ու խորտակուեց։
13Մտքիդ մէջ ասում էիր. “Երկինք կը բարձրանամ, իմ գահը կը դնեմ երկնային աստղերից աւելի վեր. կը նստեմ բարձր լերան վրայ, հիւսիսի բարձր լեռների վրայ.
14կը բարձրանամ ամպերից էլ վեր, կը նմանուեմ Բարձրեալին”։
15Բայց ահաւասիկ դժոխք ես իջնելու եւ երկրի խորքերը։
16Ովքեր տեսնեն քեզ, պիտի զարմանան քեզ վրայ եւ ասեն. “Սա այն մարդն է, որ ահաբեկում էր երկիրը, ցնցում թագաւորներին,
17աւերակ էր դարձնում աշխարհներ, քանդում նրանց քաղաքները, գերիներին չէր թողնում վերադառնալ”։
18Բոլոր ազգերի թագաւորները պատուով ննջեցին՝ ամէն մէկն իր տանը,
19իսկ դու պիտի ընկնես լերան վրայ՝ իբրեւ մեռել գարշելի՝ սրակոտոր բազում դիակների մէջ, որոնք դժոխք են իջնելու։ Ինչպէս արնաթաթախ անմաքուր ձորձը, այնպէս էլ դու չպիտի մաքրուես,
20որովհետեւ ապականեցիր իմ երկիրը եւ կոտորեցիր իմ ժողովրդին. յաւիտեանս յաւիտենից դու չպիտի յիշուես։
21Չա՛ր զաւակ, պատրաստի՛ր քո որդիներին՝ իրենց հայրերի մեղքերի պատճառով սպանուելու համար, որպէսզի ոտքի չելնեն նրանք, չնուաճեն երկիրը եւ այն չլցնեն պատերազմներով»։
ԱՍՏՈՒԱԾ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ Է ԲԱԲԵԼՈՆԸ
22«Պիտի ելնեմ նրանց դէմ, -ասում է Զօրութիւնների Տէրը,- պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զարմն ու զաւակը»։
23որ այնտեղ ոզնիները բնակուեն, եւ նա ոչնչութեան վերածուի. այն պիտի դարձնեմ տիղմի ու կորստեան խորխորատ»։ 24Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Բաբելոնն աւերակ պիտի դարձնեմ,
ԱՍՏՈՒԱԾ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ Է ԱՍՈՐԵՍՏԱՆԸ
25եւ ինչպէս մտածել եմ, այնպէս էլ պիտի կատարուի. ասորեստանցիներին իմ երկրի մէջ եւ իմ լեռների վրայ պիտի կոտորեմ, թող նրանք ոտքի տակ գնան, եւ նրանց լուծն ընկնի ձեր վրայից, նրանց բռնութիւնը վերանայ ձեր պարանոցից»։
26Այս է այն խորհուրդը, որ խորհեց Տէրը համայն աշխարհի մասին, եւ այս ձեռքն է, որ բարձրացել է հանուր ազգերի վրայ։
27Արդարեւ, այն, ինչ սուրբ Աստուած խորհեց, ո՞վ կարող է խափանել, եւ ո՞վ կարող է նրա բարձրացած ձեռքը կասեցնել։
ԱՍՏՈՒԱԾ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ Է ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻՆ
28Այլազգիներին ուղղուած այս պատգամը եղաւ այն տարում, երբ մեռաւ Աքազ արքան.
29«Մի՛ ուրախացէք, ո՛վ դուք, բոլո՛ր այլազգիներ, թէ ձեզ հարուածողների լուծը խորտակուեց, որովհետեւ օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից էլ՝ թեւաւոր օձեր։
30Աղքատները պիտի կերակրուեն Տիրոջ շնորհիւ, տկար մարդիկ պիտի ապրեն խաղաղութեան մէջ, իսկ քո զաւակին Նա քաղցով պիտի սպանի, քո մնացորդներին էլ պիտի կոտորի։
31Ողբացէ՛ք, քաղաքների՛ դարպասներ, ձա՛յն բարձրացրէք, տագնապա՛ծ քաղաքներ եւ բոլո՛ր այլազգիներ, ծուխ ելաւ հիւսիսից, եւ այլեւս ոչ ոք չի լինի։
32Իսկ ի՞նչ պատասխան են տալու ազգերի թագաւորները, քանզի Տէրը հաստատեց Սիոնի հիմքերը, եւ նրա շնորհիւ պիտի փրկուեն ժողովրդի թշուառները»։
Էջմիածին · HYEJB1994