Եսայիա մարգարեյի գիրք
17
ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏԺԵԼՈՒ Է ԴԱՄԱՍԿՈՍՆ ՈՒ ԻՍՐԱՅԷԼԸ
1Պատգամ Դամասկոսի մասին։ «Դամասկոսն ահաւասիկ պիտի վերանայ քաղաքների միջից, պիտի կործանուի.
2յաւիտեան լքուած՝ պիտի դառնայ հօտերի մակաղատեղի եւ նախիրների հանգրուան, եւ ոչ ոք չի լինելու, որ քշի նրանց։
3Այլեւս Եփրեմի համար այն չի դառնալու ամուր ապաստան, այլեւս թագաւորութիւն չի մնալու Դամասկոսում, եւ ոչ էլ ասորիներից կենդանի մնացածներն են այնտեղ ապրելու, որովհետեւ նա աւելի լաւ չէ, քան իսրայէլացիներն ու նրանց փառքը»,- այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը։
4«Այն օրը Յակոբի փառքը պիտի նսեմանայ, նրա փառքի մեծութիւնը պիտի սասանուի։
5Այնպէս պիտի լինի, ինչպէս եթէ մէկը կանգնած ցորենը խուրձ-խուրձ հաւաքի իր գիրկը, ապա նրա յետեւից ընթանայ հասկաքաղը, կամ եթէ մէկը Հաստատութեան հովտում հասկ քաղի, ապա այնտեղ մնայ խոզանը.
6կամ էլ նմանուելու է այն ձիթենուն, որի բարձր ճիւղերին մնացել է երկու-երեք պտուղ, չորս-հինգ հատ էլ՝ նրա ոստերին», - այսպէս է ասում Տէր Աստուած։
7Այն օրը մարդն իր յոյսը դնելու է իր Արարչի վրայ, եւ նրա աչքերը պիտի նայեն Իսրայէլի սրբին։ 8Այլեւս չպիտի ապաւինեն մեհեաններին եւ ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց իսկ մատները պատրաստեցին, այլ ապաւինելու են Իսրայէլի սրբին. ո՛չ իրենց սրբազան կոթողներին են նայելու, ո՛չ էլ իրենց գարշելի կուռքերին։ 9Այն օրը քո քաղաքները պիտի լքուեն ու աւերակ դառնան, ինչպէս որ Իսրայէլի զաւակների երեսից անհետացան ամորհացիներն ու խեւացիները։
10Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն եւ չյիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհաւատ տունկ եւ անհաւատ սերմ պիտի տնկես։
11Այն օրը, երբ տնկես, պիտի մոլորուես։ Եթէ անգամ կանուխ սերմանես, պիտի ծաղկի ամռանը, այն օրը, 12երբ կտակելու ես, ինչպէս հայրն է ժառանգութիւն թողնում իր որդիներին։ Վա՜յ ձեզ, բիւրաւոր ազգերի բազմութիւննե՛ր, այնպէս պիտի խռովուէք, ինչպէս ալեկուտակ ծովը. բիւրաւոր ազգերի ալիքները պիտի շառաչեն ջրերի նման։
ԱՍՏՈՒԱԾ ՅԱՆԴԻՄԱՆՈՒՄ Է ԱԶԳԵՐԻՆ
13Բիւրաւոր ազգերը նման են յորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տէրը նրանց պիտի խեղճացնի եւ հալածի հեռու, հեռու։ Յարդի մղեղի պէս նրանք պիտի քշուեն քամուց, անիւի փոշու նման փոթորկից հողմացրիւ պիտի արուեն։
14Երեկոյեան դէմ սուգ պիտի անեն, առաւօտը չբացուած այլեւս գոյութիւն չեն ունենալու։ Այս է ձեր աւարառուների բաժինը, եւ ժառանգութիւնը նրանց, որոնք կողոպտում էին ձեզ։
Էջմիածին · HYEJB1994