Եսայիա մարգարեյի գիրք
18
ՎԱ՜Յ ԵԹՈՎՊԱՑԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԻՆ
1Վա՜յ եթովպացիների գետի այն կողմում առագաստներին ապաւինած երկրին,
2որ ընծաներ էր ուղարկում ծովով եւ մագաղաթեայ հրովարտակներ՝ ջրերի կոհակների վրայով, որպէսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մօտ, ազգ, որ օտար է ու չար, եւ դրանից աւելին ոչ ոք չի կարող լինել, ազգ, որ անյոյս է ու ոտքի տակ տրուած։
3Եւ այժմ ամբողջ երկրի գետերը, ինչպէս աշխարհ, բնակեցուած են. պիտի բնակեցուի նրանց աշխարհը, երբ նշանը լերան վրայից վերանայ, եւ լսելի լինի փողի ձայնը,
4քանզի այսպէս ասաց ինձ Տէրը. «Զգոյշ պիտի լինեն իմ քաղաքում, ինչպէս միջօրէի տօթ արեւից կամ ամառային օրերի անձրեւաբեր ամպից»։
5Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի, երբ խաղողի ծաղիկը բացուի ու ազոխ դառնայ, մանր-մունր ողկոյզները պիտի կտրեն մանգաղով, ճիւղերը պիտի հատեն ու դէն նետեն։
6Ամէն ինչ պիտի թողնեն երկնքի թռչուններին 7եւ երկրի գազաններին. նրանց վրայ պիտի հաւաքուեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրայ։ Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում, գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լերան վրայ։