Եսայիա մարգարեյի գիրք

19

ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏԺԵԼՈՒ Է ԵԳԻՊՏՈՍԸ

Տեսիլք եգիպտացիների վրայ

1Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է . եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի յուսալքուեն։

2Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դէմ, պատերազմելու են եղբայրը՝ եղբօր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, գաւառը՝ գաւառի դէմ։

3«Եգիպտացիների հոգիները պիտի խռովուեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, եւ նրանք հարցում պիտի անեն իրենց աստուածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։

4Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տէրերի ձեռքը, դաժան թագաւորները պիտի տիրեն նրանց», - այսպէս է ասում ահա Զօրութիւնների Տէրը։

5Եգիպտացիները ծովափնեայ ջրակոյտերից են խմելու, որովհետեւ գետը նուազելու է եւ ցամաքելու։

6Գետերն ու գետերի ջրադարձները քաշուելու են, հաւաքուած բոլոր ջրերը ցամաքելու են, եւ բոլոր մարգագետինները, եղէգի ու կնիւնի բոլոր խիտ թաւուտներն ու լոռամարգերը,

7գետի եզերքներին եղած ողջ կանաչը եւ բոլոր հերկերը, որոնք գետի ջրով են մշակւում, խորշակահար չորանալու են։

8Ձկնորսները տրտմելու են, գետի մէջ բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց եւ ուռկան գցողները սուգ են անելու։

9Ամաչելու են նաեւ բարակ կտաւ մանող կտաւագործները, եւ նրանք, որ բեհեզ են գործում։

10Բոլոր արհեստաւորները տրտմութեամբ են համակուելու, բոլոր տարազագործները տխրելու են, եւ նրանց սրտերը ցաւելու են։

11Տայանի իշխանները՝ թագաւորի իմաստուն խորհրդականները, յիմարանալու են, նրանց ժողովը դառնալու է անմիտ։ Էլ ինչպէ՞ս կ’ասէք արքային. «Իմաստունների զաւակներ ենք մենք, նախկին թագաւորների զաւակներ»։

12Արդ, ո՞ւր են քո իմաստունները, թող պատմեն քեզ եւ ասեն, թէ ինչ խորհուրդ խորհեց Զօրութիւնների Տէրը Եգիպտոսի մասին։

13Տայանի իշխանները յիմարացան, մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին՝ իրենց բոլոր ցեղերով։

14Տէրը մոլորութեան խառնեց նրանց, եւ նրանք Եգիպտոսն ամէն բանի մէջ մոլորեցրին այնպէս, ինչպէս մոլորւում է այն հարբածը, որ փսխում է։

15Եւ թող եգիպտացիներն այլեւս գործ չունենան՝ ո՛չ յետոյ եւ ո՛չ էլ , ո՛չ սկզբում եւ ո՛չ էլ վերջում։

ԵԳԻՊՏՈՍԸ ՊԱՇՏԵԼՈՒ Է ՏԻՐՈՋԸ

16Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով եւ զարհուրելով Զօրութիւնների տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրայ։ 17Իսկ Հրէաստան երկիրը պիտի ահի մատնի եգիպտացիներին, եւ ամէնքն էլ, ովքեր այդ երկրի անունը տալու լինեն նրանց մօտ, պիտի սարսափեն այն խորհրդից, որ Զօրութիւնների Տէրը խորհեց իրենց մասին։ 18Այն ժամանակ Եգիպտացիների երկրում պիտի լինի հինգ , որտեղ մարդիկ խօսելու են քանանացիների լեզուով եւ երդուելու են Զօրութիւնների Տիրոջ անունով։ Մի քաղաքը կոչուելու է Ասեդեկ քաղաք։ 19Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է Եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատուին կանգնեցուելու է յուշակոթող, 20որը Եգիպտացիների երկրում Տիրոջ համար յաւիտենական նշան է լինելու։ Իրենց նեղութիւնների պատճառով նրանք պիտի աղաղակեն Տիրոջը, եւ Տէրը նրանց մօտ պիտի ուղարկի մի մարդու, որը պիտի փրկի նրանց, դատաստանով է փրկելու նրանց։ 21Տէրը յայտնի պիտի դառնայ եգիպտացիներին, ու այն օրը եգիպտացիները պիտի ճանաչեն Տիրոջը եւ մատուցեն զոհեր ու ընծաներ, ուխտ պիտի դնեն Աստծուն եւ կատարեն այն։ 22Տէրը մեծամեծ հարուածներ պիտի հասցնի եգիպտացիներին, բայց եւ պիտի լսի ու բժշկի նրանց, ու նրանք պիտի դառնան դէպի Տէրը, որը պիտի լսի ու բժշկի նրանց։ 23Այն օրը Եգիպտոսից դէպի ճանապարհ պիտի լինի, ասորեստանցիները պիտի մտնեն Եգիպտոս, եգիպտացիներն էլ պիտի գնան ասորեստանցիների մօտ. եգիպտացիները պիտի ծառայեն ։ 24Այն օրն Իսրայէլը եգիպտացիների ու ասորեստանցիների շարքում երրորդը պիտի լինի՝ 25օրհնութեան արժանանալով այն երկրում, որն օրհնելու է Զօրութիւնների Տէրը՝ ասելով. «Օրհնեալ լինի իմ ժողովուրդը, որը Եգիպտոսում է եւ Ասորեստանում, օրհնեալ լինի իմ ժառանգութիւնը՝ Իսրայէլը»։

Էջմիածին · HYEJB1994