Եսայիա մարգարեյի գիրք

2

ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆԸ

1Ամոսի որդի Եսայուն ուղղուած խօսքը Հրէաստանի եւ Երուսաղէմի մասին

2Վերջին օրերին պիտի յայտնուի Տիրոջ լեռը, Աստծու տունը՝ լեռների գագաթներին, պիտի բարձրանայ բլուրների վրայ, եւ բոլոր հեթանոսները պիտի շարժուեն դէպի նա։

3Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկէ՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Յակոբի Աստծու տունը։ Նա մեզ կը սովորեցնի իր ճանապարհները, որոնցով եւ կը գնանք»։ Օրէնքները Սիոնից են դուրս գալիս, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից։

4Նա պիտի տեսնի հեթանոսների մէջ ու պիտի յանդիմանի բազում ժողովուրդների։ Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն, եւ իրենց սուիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրայ սուր չպիտի բարձրացնի, եւ նրանք այլեւս չեն սովորելու պատերազմել։

ՏԻՐՈՋ ՕՐԸ

5Արդ, ո՛վ տունդ Յակոբի, եկէ՛ք քայլենք Տիրոջ լոյսի մէջ։

6Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Յակոբի տնից, որովհետեւ նրանց երկիրը, ինչպէս այլազգիներինը, առաջուայ պէս լցուեց կախարդներով, եւ նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։

7Նրանց երկիրը լցուեց ոսկով ու արծաթով, նրանց գանձերին թիւ չկար. նրանց երկիրը լցուեց երիվարներով, նրանց ռազմակառքերին թիւ չկար։

8Նրանց երկիրը լցուեց իրենց իսկ ձեռքերով կերուտած գարշելի կուռքերով, եւ նրանք երկրպագեցին նրա՛նց, որ իրենց մատներն էին ստեղծել։

9Ստորացաւ մարդը, գետնամած խոնարհուեց տղամարդը, ես չեմ ների նրանց։

10Արդ, Տիրոջ սարսափից ու նրա փառքի զօրութիւնից գնացէք քարերի տա՛կ մտէք, հողի մէ՛ջ թաքնեցուէք, երբ նա կը յառնի երկիրը պատուհասելու։

11Տէրը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, ու այդ օրը միայն Տէրը պիտի բարձրանայ,

12քանզի Զօրութիւնների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտաւանների վրայ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների վրայ, որոնք պիտի խոնարհուեն,

13նաեւ Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրիների վրայ եւ Բասանի բոլոր կաղնի ծառերի վրայ,

14բոլոր բարձր լեռների եւ բարձրիկ բլուրների վրայ,

15բոլոր վերասլաց աշտարակների եւ բարձր պարիսպների վրայ,

16ծովի բոլոր նաւերի վրայ, բոլոր վեհաշուք նաւերի վրայ։

17Ամէն մարդ պիտի խոնարհուի, մարդկանց հպարտութիւնը պիտի իջնի, եւ միայն Տէրը պիտի բարձրանայ այդ օրը։

18Նրանք իրենց բոլոր ձեռակերտ կուռքերը պիտի տանեն թաքցնեն

19քարայրներում, ժայռերի ծերպերում ու գետնի խոռոչներում՝ սարսափած Տիրոջից ու նրա փառքի զօրութիւնից, երբ նա կը յառնի՝ երկիրը պատուհասելու։

20Այն օրը մարդ իր արծաթէ ու ոսկէ գարշելի կուռքերը, որ պատրաստել էր սնոտի բաներին ու չղջիկներին երկրպագելու համար, պիտի հանի՝ 21Տիրոջ սարսափից եւ նրա փառքի զօրութիւնից մտնելով ամրակուռ ապառաժների խոռոչներն ու ծերպերը, երբ Տէրը կը յառնի՝ երկիրը պատուհասելու։

22Դադարեցէ՛ք յոյս դնել այն մարդու վրայ, որի շունչը ռունգերի մէջ է, որովհետեւ ի՞նչ վստահութիւն կարող է ներշնչել նա։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն