Եսայիա մարգարեյի գիրք
22
ՊԱՇԱՐՈՂՆԵՐԸ ՄՕՏԵՆՈՒՄ ԵՆ
1Պատգամ Սիոնի հովտի մասին Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ ինչո՞ւ դուք բոլորդ իզուր տանիք բարձրացաք։
2Ձեր քաղաքը լցուեց գուժկաններով։ Ո՛վ պերճացեալ քաղաք, քո վիրաւորները սուսերով վիրաւորուածներ չեն, եւ քո դիակներն էլ պատերազմում ընկած դիակներ չեն։
3Բոլոր իշխաններդ փախստական են դարձել, գերեալներդ խստօրէն կալանաւորուած են, քո հզօրները, որոնք հեռու էին փախել, անխտիր կապանքների մէջ են։
4Դրա համար էլ ասացի. «Թո՛յլ տուէք ինձ՝ դառնօրէն լաց լինեմ, մի՛ աշխատէք ինձ մխիթարել իմ ժողովրդի դստեր կործանման առիթով»։
5Արդարեւ, Սիոնի հովտում Զօրութիւնների Տիրոջ կողմից խռովութեան, ոտնատակ տալու եւ շփոթութեան օր է. մեծ ու փոքր առհասարակ մոլորուած՝ տարուբերւում են լեռների վրայ։
6Իսկ էլամացիները, կապարճներ առած, ձի հեծած եւ յարձակուող գնդերով պիտի գան,
7եւ քո ընտիր-ընտիր հովիտները պիտի լցուեն կառքերով, հեծեալները երիվարներով պիտի խցանեն քո դռները։
8Նրանք պիտի կործանեն Յուդայի երկրի դարպասները եւ այն ժամանակ պիտի տեսնեն քաղաքի ընտիր-ընտիր ապարանքները,
9ի յայտ պիտի բերեն Դաւթի բարձր ապարանքի գաղտնի անցքերը։ Եւ պիտի տեսնեն, որ դրանք շատ են։ Հին ջրմուղը պիտի շուռ տան դէպի քաղաք,
10պիտի քանդեն Երուսաղէմի ապարանքները՝ քաղաքի պարիսպներն ամրացնելու նպատակով։
11Իսկ դուք երկու պարիսպների մէջտեղը, հին ջրմուղից աւելի ներս, պիտի ջուր հանէք ձեզ համար, առանց ձեր հայեացքն ուղղելու նրան, որ առաջուց շինել էր այն, առանց նրա հիմնադրողին հեռուից-հեռու ճանաչելու։
12Այն օրը Զօրութիւնների Տէրը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու եւ քուրձ հագնելու։
13Իսկ նրանք ուրախութիւն ու ցնծութիւն արեցին. արջառներ էին սպանում, ոչխարներ էին մորթում, որպէսզի միս ուտեն, գինի խմեն եւ ասեն. «Ուտենք ու խմենք, որովհետեւ վաղը մեռնելու ենք»։
14Բայց դա հասնելու է Զօրութիւնների Տիրոջ ականջին։ «Եւ ձեր այդ մեղքերին մինչեւ ձեր մահը թողութիւն չի տրուելու», - ասում է Զօրութիւնների Տէրը։
ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՍՈՄՆԱՍԻ ՄԱՍԻՆ
15Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Դու գնա՛, մտի՛ր դիւան, Սոմնաս հանդերձապետի մօտ, եւ ասա՛ նրան.
16“Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է բերել քեզ այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մէջ քեզ համար օթեւան ես շինել”»։
17Ահաւասիկ Զօրութիւնների Տէրը դուրս պիտի հանի ու սպանի քեզ, ո՛վ մարդ, պիտի մերկացնի քեզ քո պատմուճանից եւ փառապսակից։
18Քեզ պիտի նետի մեծ ու անսահման երկիրը, եւ այնտեղ դու պիտի մեռնես. քո շքեղ կառքերը անարգանքի առարկայ պիտի դարձնի, քո իշխանական տունը ոտնատակ պիտի տայ։
19Քո դիրքից ու աստիճանից պիտի զրկուես։
20Այն օրը պիտի կանչեմ իմ ծառայ Եղիակիմին՝ Քեղկիայի որդուն,
21նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, պիտի տամ նրան քո պսակն իր ճոխութեամբ, քո հազարապետութիւնը նրա ձեռքը պիտի տամ, եւ թող նա հայր դառնայ Երուսաղէմի ու Յուդայի երկրի բնակիչների համար։
22Դաւթի բանալիները պիտի տամ նրան. նա պիտի իշխի, եւ ոչ ոք չի կարողանալու նրան հակառակ կանգնել։
23Նրան իշխան պիտի կարգեմ հաստատուն մի տեղ, եւ թող նա բազմի իր հօր տան փառքի աթոռին։
24Թող նրան ապաւինեն իր հօր տան բոլոր պատուաւոր մարդիկ՝ փոքրից մինչեւ մեծը։ Բոլոր անօթները, մանր թէ մեծ, մինչեւ կարասները, նա պիտի բացի, եւ ոչ ոք չի կարողանալու փակել, պիտի փակի, եւ ոչ ոք չի կարողանալու բացել։ Այն ժամանակ ամէն ինչ կախուած է լինելու նրանից։ 25Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Աներեր մարդը պիտի շարժուի իր հաստատուն տեղից, պիտի ընկնի ու կործանուի, եւ նրա փառքը պիտի վերանայ նրանից», - քանզի Տէ՛րը խօսեց։
Էջմիածին · HYEJB1994