Եսայիա մարգարեյի գիրք
23
ՏԻՒՐՈՍԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
1Պատգամ Տիւրոսի մասին
2Ո՞ւմ են նման այդ կղզու բնակիչները. նման են փիւնիկեցի վաճառականներին, որոնք անցնում են ծովով ու մեծ ջրերով.
3վաճառականների սերունդ են. ինչպէս ամռանը հունձն է հաւաքւում, այդպէս են այդ վաճառականները ազգերի համար։
4«Ամաչի՛ր, Սիդո՛ն», -ասում է ծովը։ Ծովի զօրութիւնն էլ ասում է. «Միթէ ես երկունքի ցաւով չե՞մ բռնուել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կոյսեր չե՞մ մեծացրել»։
5Երբ լուրը Եգիպտոսի երկիրը հասնի, վիշտը պիտի պատի նրան Տիւրոսի համար։
6Գնացէ՛ք Կարքեդոն, դուք, որ այդ կղզու բնակիչներն էք, ողբացէ՛ք։
7Արդեօք սկզբից իսկ ձեր այդ ամբարտաւանութիւնը չէ՞ր, որ նրա մատնութեան պատճառ դարձաւ. նա իր իսկ ոտքերով հեռաւոր պանդխտութեան պիտի քշուի։
8Իսկ այդ բանն ո՞վ մտածեց Տիւրոսի մասին. միթէ նա յետին մէ՞կն էր կամ տկար մի ոք։ Նա, նրա վաճառականները քանանացիների պատուաւոր մարդիկ էին, նրա առեւտրականները երկրի իշխաններն էին։
9Զօրութիւնների Տէրը մտածեց վերջ տալ ականաւոր մարդկանց ողջ ամբարտաւանութեանը եւ երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատուաւորներին։
10Քո հո՛ղը մշակիր, որովհետեւ այսուհետեւ նաւերը չեն գալու Կարքեդոնից,
11քո ձեռքի զօրութիւնը այլեւս չի երեւալու ծովի վրայ, դու, որ սարսեցնում էիր թագաւորներին։ Զօրութիւնների Տէրը Քանանի համար հրամայեց՝ կործանե՛լ նրա հզօրութիւնը։
12Պիտի ասեն, թէ՝ «Էլ չշարունակենք թշնամանքը եւ չզրկենք Սիոնի կոյս դստերը»։ Ոտքի՛ կանգնիր եւ ծովո՛վ անցիր։ Սակայն թէկուզեւ դիմես դէպի Կիտիիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու։
13Եւ եթէ քաղդէացիների երկիրը գնաս, որը, սակայն, նոյնպէս աւերուած է ասորեստանցիներից, այնտեղ եւս քեզ համար դուլ ու դադար չի լինելու։ Սիհիմը նրա հիմքը գցեց, կանգնեցրեց նրա պարսպաբուրգերը, բարձրացրեց նրա աշտարակները, բայց ահա նրա պարիսպը տապալուեց ու կործանուեց։ 14Ողբացէ՛ք, Կարքեդոնի՛ նաւեր, քանզի կարքեդոնացիները կործանուեցին եւ այլեւս չեն վերադառնայ Կիտացիների երկրից, ուր գերութեան քշուեցին։
15Եւ պիտի գայ մի օր, երբ Տիւրոսը եօթանասուն տարի լքուած պիտի լինի, այնքան, որքան մի թագաւորի իշխանութեան ժամանակն է լինում, որքան մի մարդու կեանքի ժամանակը։ Ու եօթանասուն տարի յետոյ Տիւրոսը պիտի դառնայ այնպիսին, ինչպէս ասւում է պոռնիկի երգում.
16“Քնա՛ր վերցրու, շրջի՛ր ու կոծի՛ր, ո՛վ դու պոռնկութեան լքուա՛ծ քաղաք, լա՛ւ նուագիր, նորից ու նորից երգիր, որ քո յիշատակը մնայ։
17Ու եօթանասուն տարի յետոյ Տէրը պիտի այցելի Տիւրոսին, որը նորից նոյն կարգով պիտի վերահաստատուի, ինչպէս առաջ էր, եւ այնտեղ պիտի կատարուի աշխարհի երեսին գոյութիւն ունեցող բոլոր երկրների թագաւորների առեւտուրը։ 18Նրա վաճառքի շահը Տիրոջը պիտի նուիրաբերուի. ոչ թէ առանձին մարդկանց համար պիտի հաւաքեն, այլ նրա վաճառքի շահը պիտի պատկանի Տիրոջ առջեւ բնակուողներին, որպէսզի ուտեն, խմեն եւ, ի նշան Տիրոջ հանդէպ իրենց երախտագիտութեան, ուրախ լինեն։