Եսայիա մարգարեյի գիրք

24

ԱՄԲԱՐՏԱՒԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԻՏԻ ԽՈՆԱՐՀՈՒԻ

1Ահաւասիկ Տէրը ամայացնելու է աշխարհը, աւերելու է այն, խորտակելու է նրա հիմքերը եւ ցանուցիր է անելու նրա բնակիչներին։

2Նոյն բախտին պիտի արժանանան ժողովուրդը եւ քահանան, ծառան եւ տէրը, աղախինը եւ տիրուհին, միմեանցից չպիտի տարբերուեն գնողն ու վաճառողը, փոխատուն եւ փոխառուն, պարտապանը եւ պարտատէրը։

3Ամբողջովին պիտի աւերուի երկիրը, լրիւ պիտի կողոպտուի երկիրը, քանզի Տէրն իր բերանով ասաց այդ.

4«Սո՛ւգ արա, որովհետեւ երկիրը կործանուեց, աշխարհն աւերուեց ու ամայացաւ, երկրի բարձունքները սուգ մտան»։

5Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրէնքները, խեղաթիւրեցին նրա պատուիրանները եւ դրժեցին յաւիտենական ուխտը։

6Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետեւ նրա բնակիչները գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, եւ սակաւաթիւ մարդիկ են կենդանի մնալու։

ԱՆՄԽԻԹԱՐ ՔԱՂԱՔԸ

7Պիտի սգայ գինին, պիտի սգայ այգին, խրախճանքով տարուածները բոլորը հոգոց պիտի հանեն։

8Թմբուկների ցնծութիւնը դադարեց, ամբարիշտների հպարտութիւնն ու մեծութիւնը տեղի տուեցին, քնարների ձայները լռեցին։

9Խմողներն ամօթահար եղան ու այլեւս չէին խմում, օղին դառնութեան փոխուեց նրանց համար։

10Բոլոր քաղաքներն աւերակ դարձան, ապարանքների դռները գոց մնացին, որովհետեւ ներս մտնող չկար։

11Ամէն, ամէն տեղ գինու վրա՛յ ողբացէք. ամէն ուրախութիւն լռեց, վերացաւ ողջ երկրի ցնծութիւնը։

12Աւերակ քաղաքները պիտի լքուեն, կանգուն մնացած ապարանքները պիտի կործանուեն։ Այս ամէնը պիտի կատարուի երկրի վրայ, հեթանոսների մէջ։

13Ինչպէս վերջին պտուղը քաղելու համար ճռաքաղ են անում ձիթենին, այդպէս ճռաքաղ պիտի անեն եւ նրանց։ Եւ երբ այգեկութը դադարի, նրանք բարձրաձայն պիտի աղաղակեն։

ՏԻՐՈՋ ՓԱՌՔԻ ԵՐԳԸ

14Իսկ երկրի վրայ կենդանի մնացածները միահամուռ պիտի ուրախանան Տիրոջ փառքով, եւ ծովի ջրերը պիտի յուզուեն։

15Դրա համար էլ Տիրոջ փառքը պիտի պարուրի ծովի կղզիները, եւ Տիրոջ անունը պիտի փառաւորուի։ Ո՛վ Տէր Իսրայէլի,

16երկրի ծայրերից հրաշալի օրհնութիւն լսեցինք. «Յո՛յս բարեպաշտին». եւ թող ասեն. «Ինձ համար է իմ խորհուրդը, իմ խորհուրդն ինձ եւ իւրայիններիս համար է»։ Վա՜յ նրանց, որոնք արհամարհում են, արհամարհելով արհամարհում են օրէնքները։

17Ահը, գուբը եւ որոգայթը թող սպառնան ձեզ, ո՛վ երկրի բնակիչներ։

18Ով որ ահից փախչի՝ թող ընկնի գուբը, եւ ով որ ելնի գբից՝ թող բռնուի որոգայթի մէջ։ Ահա բացուեցին երկնքի պատուհանները, եւ երկրի հիմքերը ցնցուեցին։

19Երկիրը շփոթի ու խռովութեան մէջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի, տարակուսի եւ խոնարհուի։

20Երկիրը պիտի շարժուի ու ցնցուի ինչպէս այգու պահապանի տնակ, հարբածի ու երերուողի պէս պիտի գլորուի եւ պիտի չկարողանայ ոտքի կանգնել, որովհետեւ նրա վրայ ծանրացել է անօրէնութիւնը։

ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՎԱԽՃԱՆԸ ԵՒ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՍԿԻԶԲԸ

21Այն օրը Աստուած իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրայ, իսկ երկրում՝ երկրի թագաւորների վրայ։ 22Եւ պիտի հաւաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մէջ, պիտի պաշարեն ամրոցները եւ շատ սերունդներ անց պիտի պատժեն նրանց։

23Ու պիտի հալուի աղիւսը, կործանուի պարիսպը, քանզի Սիոնի լերան վրայ եւ Երուսաղէմում Տէրն է թագաւորելու եւ փառաւորուելու ծերերի առաջ։

Էջմիածին · HYEJB1994