Եսայիա մարգարեյի գիրք
25
ՓԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ
1Տէ՛ր Աստուած իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։
2Այո՛, Տէ՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը յաւիտենապէս չվերաշինուի։
3Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ, զրկուած մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ,
4որովհետեւ բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշուառութիւնից տանջուածին՝ ապաւինութեան յարկ, չար մարդկանցից փրկելով նրանց։
5Դու ծարաւածների համար ապաւէն ես եւ զրկուած մարդկանց համար՝ ոգի այն ամբարիշտների դէմ, որոնց ձեռքը մատնեցիր մեզ՝ իբրեւ Սիոնին ծարաւի տոչորուած մարդկանց։
ՏԷՐԸ ՍՐԲՈՒՄ Է ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ
6Զօրութիւնների Տէրն այնպէս պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախութիւն վայելեն, գինի խմեն, օծուեն մրուրից մաքրուած իւղով եւ հանգչեն այս լեռների վրայ։
7Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տէրն այս խորհուրդն ունի։
8Մահը զօրացաւ եւ կուլ տուեց, բայց Աստուած բոլորի երեսից արցունքն իսպառ պիտի կտրի, ժողովրդի նախատինքը պիտի վերացնի ամբողջ աշխարհից, քանզի սա Տիրոջ բերանը խօսեց. ինչպէս ամպի հովանին յաղթահարում է տապը, այնպէս էլ Նա պիտի ընկճի հզօրների բազուկները։
9Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Տէր Աստուածը, որի վրայ յոյս էինք դրել մենք, նա փրկեց մեզ, քանզի նա է Տէրը, որին սպասում էինք. եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք մեր փրկութեամբ»։
ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏԺՈՒՄ Է ՄՈՎԱԲԻՆ
10Աստուած մեզ հանգիստ է պարգեւելու այս լեռներում, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպէս որ օրանն է ճզմւում կամնասայլի տակ։
11Տէրն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղ եւ այդպէս նրան պիտի թշուառացնի ու կործանի, հողին պիտի հաւասարեցնի նրա հպարտութիւնը՝ նրա վրայ տարածելով իր ձեռքերը։
12Քո բարձր պարիսպների ամրութիւնը պիտի խոնարհեցնի՝ գետնին հաւասարեցնելով այն։
Էջմիածին · HYEJB1994