Եսայիա մարգարեյի գիրք

26

ՏԻՐՈՋՆ ԱՊԱՒԻՆԱԾ ՔԱՂԱՔԻ ԵՐԳԸ

1Այն օրը Հրէաստան երկրում այս երգն են երգելու. «Ահա մեր զօրաւոր քաղաքը եւ մեր փրկութիւնը, որ կանգնելու է ինչպէս պարիսպ ու պատուար։

2Բացէ՛ք ձեր դռները. թող մտնի ժողովուրդը, որ յարգում է արդարութիւնը, պահպանում ճշմարտութիւնը,

3որ հոգում է ճշմարտութեան մասին եւ ապահովում խաղաղութիւնը։

4Յոյսով ապաւինեցինք քեզ յաւիտենապէս, ո՛վ Տէր։

5Դու, որ խոնարհեցրիր եւ ներքեւ իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզօր քաղաքներն ես կործանում եւ գետնին հաւասարեցնում դրանք։

6Հեզ ու խոնարհ մարդիկ՝ կոխոտում, եւ աղքատները ոտքի տակ են տալիս դրանք»։

7Բարեպաշտների ճանապարհներն ուղիղ են, հարթ ու դիւրին են աստուածապաշտների ճանապարհները։

8Տիրոջ ճանապարհներն արդար են։ Քո անուանն ենք ապաւինել մենք եւ քո յիշատակին, որին տենչում է մեր հոգին։

9Գիշերով իմ հոգին դէպի քեզ է շտապում, Աստուա՛ծ, քանզի քո հրամանները լոյս են երկրի վրայ։ Արդարութի՛ւն սովորեցէք, ո՛վ երկրի բնակիչներ,

10որովհետեւ ամբարիշտը պապանձուեց։ Ով երկրի վրայ արդարութիւն չի ուսանում, նա ճշմարիտ բան չի կատարի։ Թող կորչի ամբարիշտը, որպէսզի չտեսնի փառքը Տիրոջ։

11Տէ՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չգիտեն. պիտի գիտենան ու ամաչեն, վրէժխնդրութիւնը պիտի սպառնայ չխրատուող ժողովրդին, եւ այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։

12Տէ՛ր մեր, տո՛ւր մեզ խաղաղութիւն, դու, որ ամէն ինչով վարձատրել ես մեզ։

13Տէ՛ր Աստուած մեր, թող քոնը լինենք մենք. քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չգիտենք, ո՛վ Տէր, եւ քո անունն ենք տալիս։

14Իսկ մեռածները կեանքը չեն տեսնելու. բժիշկները յարութիւն չեն կարող տալ։ Դրա համար էլ ոչնչացրիր ու կորստեան մատնեցիր նրանց բոլոր արուներին.

15դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տէր, չարիք աւելացրիր երկրի փառաւորուածների վրայ, տարածեցիր աշխարհի բոլոր կողմերում։

16Տէ՛ր, նեղութեան մէջ յիշեցինք քեզ, որովհետեւ քո տուած փոքր նեղութիւնը խրատ է մեզ համար։

17Ինչպէս որ երկունքի մէջ գտնուողը, որ մօտ է ծննդաբերելու, ճչում է իր ցաւերից, այդպէս եղանք նաեւ մենք քո երկիւղից, Տէ՛ր, մենք, որ քո սիրելին ենք.

18յղիացանք, երկունքով բռնուեցինք, ծնեցինք ու երկրի վրայ ստեղծեցինք փրկութեան քո ոգին։ Այլեւս մենք չենք կործանուի, կը կործանուեն աշխարհի բնակիչները։

19Պիտի յառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, եւ ուրախանալու են երկրի վրայ, որովհետեւ այն ցօղը, որ քեզնից է, բժշկութիւն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանուի։

20Գնա՛, ո՛վ իմ , մտի՛ր քո շտեմարանները, փակի՛ր քո դռները, թաքնուի՛ր միառժամանակ, մինչեւ որ անցնի Տիրոջ բարկութիւնը, 21քանզի Տէրն ահաւասիկ իր սրբարանից բարկութիւն է բերում երկրի բնակիչների վրայ, իսկ երկիրը պիտի ցոյց տայ իր արիւնը եւ չպիտի թաքցնի սպանուածներին։

Էջմիածին · HYEJB1994