Եսայիա մարգարեյի գիրք

28

ՈՒՐՈՒԱԿԱՆ ՍԱՄԱՐԻԱՅԻ ՎՐԱՅ

1Վա՜յ Եփրեմի վարձկաններիդ հպարտութեան պսակին, փառքից թառամած մի ծաղիկ՝ փարթամ լերան գագաթին. դուք հարբած էք, բայց ոչ գինուց։

2Ահաւասիկ Տիրոջ ահաւոր ու խիստ բարկութիւնը, որ թափւում է ինչպէս կարկուտ, եւ ապաստանելու ոչ մի տեղ չկայ. նա նման է բուռն հեղեղներին ու յորդառատ ջրերին, որ ողողում են երկիրը, եւ երկրին հանգստութիւն է բերելու։

3Եփրեմի վարձկաններիդ հպարտութեան պսակը ոտքի կոխան պիտի լինի,

4եւ բարձր լերան գագաթին յուսոյ ծաղիկը փառքից պիտի թառամի ինչպէս վաղահաս թուզ, որ, երբ որեւէ մէկը նկատում է, դեռ ձեռքը չառած՝ ուզում է կուլ տալ։

5Այն օրը Զօրութիւնների Տէրը յոյսի նրբահիւս պիտի դառնայ՝ պատրաստուած ի փառս ժողովրդի մնացորդների, 6որպէսզի նրանք լինեն հոգով արդար ու դատաստանի երկիւղով յետ կանգնեն ծուլութիւնից։

7Արդարեւ, նրանք մոլորուած են գինիով, նրանք իրենց կորցրին օղու համար. քահանան ու մարգարէն օղու համար յիմարացան, գինու համար ցնորուեցին. օղով հարբած՝ նրանք դանդաչեցին ու մոլորուեցին, որովհետեւ դա ինքնին յիմարութիւն է։

8Թող այդ մոլութիւնն անէծքի բաժին դառնայ, որովհետեւ այդ մոլութիւնը ագահութիւնից է։

9Ո՞ւմ պատմենք չարիքների մասին, ո՞ւմ գուժենք այդ, կաթից բաժանուածների՞ն, կրծքից կտրուածների՞ն։

10Ո՛չ, ընդունի՛ր նեղութիւններ նեղութիւնների վրայ. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրայ։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր շրթունքներիդ անզգամութեան համար.

11այդ ժողովրդի հետ խորթ լեզուով պիտի խօսեն

12եւ ասեն դրանց, թէ քաղցածի հանգիստը դա է, եւ դա է աղէտը. բայց նրանք չեն կամենում լսել։

13Հետեւապէս նրանց է ուղղուած Տիրոջ խօսքը. «Ընդունի՛ր նեղութիւններ նեղութիւնների վրայ. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրայ։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր, մինչեւ որ գնան, թիկունքի վրայ տապալուեն, խորտակուեն, տանջուեն ու մեռնեն»։

ԸՆՏԻՐ ԱՆԿԻՒՆԱՔԱՐ ՍԻՈՆԻ ՀԱՄԱՐ

14Ուրեմն լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ նեղուած մարդիկ եւ Երուսաղէմի ժողովրդի իշխաննե՛ր։

15Դուք ասացիք. «Ուխտ կնքեցինք դժոխքի հետ եւ դաշինք կռեցինք մահուան հետ. եթէ փոթորկուող մրրիկ էլ բարձրանայ, մեզ վրայ չի գայ, քանզի սուտը մեզ համար յոյս դարձրինք, ուրեմն ստութեամբ էլ կը պաշտպանուենք»։

16Դրա համար էլ այսպէս է ասում Տէր . «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատուական ու ազնիւ անկիւնաքար՝ նրա հիմքում, եւ ով որ հաւատայ նրան՝ չի ամաչի։

17Յոյսով պիտի հաստատեմ իմ իրաւունքը եւ կշեռքով՝ իմ ողորմութիւնը, եւ իզուր իրենց յոյսը պիտի դնեն ստութեան վրայ՝ ասելով, թէ՝ “Մեզ չի հասնի մրրիկը,

18չի վերացնի մահուան հետ կնքած մեր ուխտը”»։ Ձեր յոյսը, որ դժոխքի վրայ է, չի հաստատուելու, որովհետեւ եթէ փոթորկուող մրրիկը սպառնայ, ոտքի տակ պիտի գնաք։

19Իսկ երբ այն գայ անցնի, պիտի վերցնի ու տանի ձեզ, առաւօտից առաւօտ, օր ու գիշեր պիտի անցնի, եւ դուք պիտի լինէք չարիքների կասկածի մէջ։ Ո՛վ դուք նեղեալներ, սովորեցէ՛ք լսել։

20Մարտնչել եւս չենք կարող, որովհետեւ երբ հաւաքուեցինք, տկարացանք ինչպէս ամբարիշտների լեռը։

21Տէրը, բարկութեամբ լի, յառնելու է Գաբաւոնացիների հովտում եւ կատարելու է իր գործը, դառն գործը, քանզի նրա բարկութիւնը օտարի պէս է դատելու, եւ օտարի պէս է վրայ հասնելու նրա դառնութիւնը։

22Իսկ դուք մի՛ ցնծացէք, որ չամրանան ձեր կապանքները, քանզի Տիրոջից, Զօրութիւնների Տիրոջից լսեցի այնպիսի հաստատուն ու կտրուկ բաներ, որ Նա կատարելու է ողջ երկրի վրայ։

ԱՍՏԾՈՒ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ

23Ունկնդի՛ր եղէք եւ անսացէ՛ք իմ ձայնին, ո՛ւշ դրէք եւ լսեցէ՛ք իմ խօսքերը։

24Մի՞թէ հերկուորն ամբողջ օրը կը հերկի, կամ մի՞թէ սերմը նախապէս կը ցանի, քանի դեռ նա հողը չի հերկել։

25Մի՞թէ նախ նրա երեսը չի փխրեցնի, յետոյ մի փոքր արջնդեղ եւ չաման չի ցանի, ապա սահմանուած տեղում ցորեն ու գարի, կորեկ ու հաճար չի սերմանի։

26Իսկ դու պիտի սովորես դա քո Աստծու արդարութեամբ, որով եւ ուրախ ես լինելու։

27Արջնդեղը կալսելով չի մաքրուի, եւ կամնասայլի անիւը չամանի վրայ չեն պտտեցնի. արջնդեղը թակիչով է ծեծւում-անջատւում, իսկ չամանը հացով է ուտւում։

28Բայց ես ձեզ վրայ յաւիտեան չպիտի բարկանամ, եւ ոչ էլ իմ դառնութեան ձայնն է ձեզ ճնշելու։

29Այս իմաստուն գործերը եղան Զօրութիւնների Տիրոջից։ Արդ, մտածեցէ՛ք, վերացրէ՛ք ձեզնից ձեր ունայն մխիթարութիւնը։

Էջմիածին · HYEJB1994