Եսայիա մարգարեյի գիրք

29

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

1Վա՜յ քեզ, Արիէ՛լ , Արիէլ, որը Դաւիթը պաշարեց, քանզի տօները խառնուեցին իրար։ Արմտի՛ք հաւաքեցէք եւ տարէցտարի կերէ՛ք, կերէ՛ք Մովաբի հետ միասին։

2Ես նեղը պիտի գցեմ Արիէլին, որ նրա զօրութիւնն ու մեծութիւնը իմը լինեն։

3Ես Դաւթի պէս պիտի պաշարեմ քեզ, պատնէշեմ քեզ շուրջանակի եւ քո շուրջբոլորը աշտարակներ պիտի կանգնեցնեմ։

4Եւ քո խօսքերը դէպի հողը պիտի խոնարհուեն, քո պատգամները գետնի մէջ մտնեն. քո կանչը պիտի լինի ինչպէս վհուկներինը, եւ հողի ընդերքում քո ձայնը պիտի տկարանայ։

5Ամբարիշտների մեծութիւնը պիտի դառնայ անուի փոշու նման, քեզ զրկողների բազմութիւնը՝ մաղուած խնկի պէս։

6Եւ մի ակնթարթում այցելութեան պիտի գայ Զօրութիւնների Տէրը՝ թնդիւնով, որոտումով ու բարձրաբարբառ կանչով, փոթորկուած մրրիկով եւ լափող կրակի բոցով։

7Ինչպէս գիշերուայ երազի մէջ յայտնուած տեսիլքում, բոլոր հեթանոսների բազմութիւնը յարձակուելու է Երուսաղէմի ու այնտեղ հաւաքուածների վրայ, նաեւ նրանց վրայ, որոնք նեղում են նրան։

8Բայց ինչպէս որ երազի մէջ քաղց են զգում եւ ուտում ու արթնանալով տեսնում, որ դա սին էր, եւ կամ ինչպէս մէկը, որ երազում ծարաւում է եւ խմում ու արթնանալով նորից ծարաւ է մնում, եւ իզուր է անցնում հոգու այդ ցանկութիւնը, -այդպէս պիտի լինի նաեւ բոլոր հեթանոսների մեծութիւնը, որոնք զօրքով հաւաքուեցին եւ ելան ընդդէմ Երուսաղէմի եւ լերան։

ԱՆԸՆԹԵՌՆԵԼԻ ՊԱՏԳԱՄ

9Ապշահար եղաք, յիմարացաք, թմրեցիք, է՛լ աւելի թմրեցիք, հարբեցիք, բայց ո՛չ գինուց եւ ո՛չ էլ օղուց.

10քանզի Տէրը ձեզ յիմարութեան խմեցրեց եւ խցանեց ձեր, ձեր մարգարէների, ձեր իշխանների ու ձեր տեսանողների աչքերը։

11Թող այս բոլոր պատգամները ձեզ համար լինեն ինչպէս կնքուած նամակի խօսքեր, որը երբ տան որեւէ գրագէտ մարդու եւ ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, պիտի ասի. «Չեմ կարող ընթերցել, որովհետեւ կնքուած է»։ 12Եւ նոյն գիրը պիտի տան մի մարդու ձեռքը, որը տառեր չի ճանաչում, ու ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, նա պիտի պատասխանի՝ կարդալ չգիտեմ։

13Տէրն ասում է. «Այս ժողովուրդը մօտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատուիրաններն ու վարդապետութիւններն է ուսուցանում։

14Դրա համար ես էլ պիտի փոխեմ այդ ժողովրդին, պիտի այլափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստութիւնը եւ արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։

ՍՏԵՂԾՈՂՆ ԻՄԱՍՏՈՒՆ Է ԻՐ ՍՏԵՂԾԱԾԻՑ

15Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում, ու նրանց գործերը խաւարի հետ են։ Նրանք ասում են. «Ո՞վ կը տեսնի մեզ, ո՞վ պիտի իմանայ, թէ ինչ ենք անում»։

16Բայց չէ՞ որ դուք բրուտի կաւ էք. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կ’ասի, թէ՝ դո՛ւ չես ինձ ստեղծել, կամ արարածն՝ Արարչին, թէ՝ իմաստութեամբ չես արարել ինձ։

17Շատ չէ՝ քիչ ժամանակ կ’անցնի, եւ Լիբանանը կը դառնայ ինչպէս Քերմէլ լեռը, իսկ Քերմէլն անտառ կը համարուի։

18Այն ժամանակ խուլերը պիտի լսեն այդ գրուածքի խօսքերը, եւ խաւարի ու մէգի մէջ գտնուող կոյրերի աչքերը պիտի տեսնեն.

19աղքատներն ուրախութեամբ պիտի ցնծան Տիրոջ համար, եւ յոյսը կորցրած մարդիկ պիտի լցուեն խնդութեամբ։

20Անօրէնը պիտի վերանայ, ամբարտաւանը պիտի անհետ կորչի, անիրաւները պիտի ոչնչանան չարիքների մէջ,

21նրանց հետ՝ նաեւ նրանք, ովքեր խօսքով ստիպում էին մարդկանց մեղանչել, իրենց յանդիմանողների բոլորի դռներին թակարդ էին լարում եւ անարդարութեամբ ծռում իրաւունքը։

22Ուստի եւ Տէրն այսպէս է ասում Յակոբի տան մասին, որ նա ընտրեց Աբրահամից. «Հիմա Յակոբը չի ամաչելու, Իսրայէլը հիմա երեսի գոյնը չի փոխելու,

23բայց երբ նրանց որդիները տեսնեն իմ գործերը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Յակոբի սրբին ու պիտի երկնչեն Իսրայէլի Աստծուց։

24Հոգով մոլորուածները պիտի ճանաչեն իմաստութիւնը, տրտնջացողները պիտի սովորեն հնազանդուել, թոթովախօս լեզուները պիտի սովորեն բարբառել խաղաղութիւն»։

Էջմիածին · HYEJB1994