Եսայիա մարգարեյի գիրք

32

ԱՐԴԱՐԱԴԱՏ ԹԱԳԱՒՈՐԸ

1Ահա մի թագաւոր, որ արդարութեամբ պիտի թագաւորի, եւ իշխաններ, որոնք իրաւունքով պիտի իշխեն։

2Եւ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, այնպէս պիտի լինի, ինչպէս յորդ ջրերի մէջ թաքնուած մէկը։ Իսկ Սիոնը նմանուելու է մի փառաւոր գետի, որ յորդել է տոչորուած երկրում։

3Այլեւս յոյս չեն դնելու մարդկանց վրայ, այլ իրենց ականջները պահելու են լսելու համար.

4տկարների սրտերը պիտի անսան ու հնազանդուեն, թոթովախօս լեզուներն արագօրէն պիտի սովորեն բարբառել խաղաղութիւն։

5Էլ չեն դիմելու յիմարին, որ լինի իրենց , եւ ոչ էլ քո պաշտօնեաներն են ասելու, թէ՝ լո՛ւռ կաց.

6քանզի յիմարը յիմարութիւն դուրս կը տայ եւ իր սրտում փուչ բաներ կը մտածի՝ անօրէնութիւն անելով, Աստծու մասին մոլորութիւններ խօսելով, հալածելով քաղցած հոգիներին եւ ծարաւած մարդկանց դատարկ արձակելով։

7Չարագործերն անօրէն խորհուրդներ են խորհում՝ անիրաւ խօսքերով ապականելով խեղճերին եւ դատի ժամանակ արհամարհելով աղքատների խօսքը.

8իսկ արդարները իմաստուն բաներ են խորհում, եւ այդ խորհուրդը կայ ու կը մնայ։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԿԱՆԱՆՑ

9Ո՛վ բարեկեցիկ կանայք, եկէք ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ դուք, դուստրե՛ր, խոհե՛մ եղէք ու լսեցէ՛ք իմ խօսքերը։

10Ցաւով ու տագնապով պիտի յիշէք տարեկան տօների օրերը, քանզի այգեկութը նուազեց, ցանքսը դադարեց, եւ այլեւս յետ չեն գալու։

11Զարհուրեցէ՛ք, բարեկեցիկնե՛ր, տրտմեցէ՛ք, մեծամիտնե՛ր, հանուեցէ՛ք, մերկացէ՛ք, քո՛ւրձ հագէք,

12լա՛ց եղէք եւ կո՛ւրծք ծեծեցէք սիրելի հանդերի համար եւ այգիների բերքի համար։

13Իմ ժողովրդի հողում փուշ ու մոլախոտ պիտի բուսնի, եւ բոլոր ապարանքների միջից ուրախութիւնը պիտի վերանայ. փարթամ քաղաքի ապարանքները պիտի լքուեն։

14Պիտի լքեն այդ քաղաքի հարստութիւնը եւ ցանկալի տները, քո աւանները յաւիտենապէս քարանձաւների պիտի վերածուեն, ցիռերը պիտի զուարճանան այնտեղ, եւ հօտերը պիտի արածեն,

15մինչեւ որ բարձրից ձեզ վրայ գայ Հոգին, եւ դառնայ, Քերմէլ լեռն անտառ համարուի,

16եւ իրաւունքը հանգրուանի անապատում, արդարութիւնը բնակուի Քերմէլում։

17Արդարութեան գործերը խաղաղութեամբ պիտի կատարուեն, արդարութիւնը անդորրութիւն պիտի հաստատի, յոյս ունեցողները յաւիտեան պիտի մնան։

18Եւ իմ ժողովուրդը պիտի բնակուի խաղաղութեան քաղաքում, պիտի բնակուի յոյսով եւ լինի ապահով ու հանգիստ։

19Եթէ կարկուտ էլ թափուի, նրանց վրայ չի գալու։ Անտառում բնակուողները նոյնպէս պիտի լինեն այնպէս ապահով, ինչպէս նրանք, որոնք դաշտում են։

20Երանի՜ նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մօտ, ուր ոտք են դնում եզն ու էշը։

Էջմիածին · HYEJB1994