Եսայիա մարգարեյի գիրք

35

ԾԱՂԿԱԾ ԱՆԱՊԱՏԸ

1Թող ուրախանայ ծարաւած անապատը, թող ցնծայ անապատը ու ծաղկի ինչպէս շուշանը։

2Թող ծաղկի ու ցնծայ Յորդանանի անապատը. նրան պիտի տրուի ե՛ւ փառքը Լիբանանի, ե՛ւ պատիւը Կարմելոսի, ու իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհութիւնը մեր Աստծու։

3Ո՛ւժ առէք, լքուա՛ծ ձեռքեր ու տկարացած ծնկներ,

4մխիթարուեցէ՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գօտեպնդուեցէ՛ք եւ մի՛ երկնչէք։ Ահաւասիկ մեր Աստուածը դատաստանով պիտի հատուցի եւ վրէժխնդիր լինի, նա ինքը պիտի գայ ու փրկի մեզ։

5Այն ժամանակ կոյրերի աչքերը պիտի բացուեն, եւ խուլերի ականջները լսեն։

6Այն ժամանակ կաղը եղջերուի պէս պիտի վազի, եւ ծանրախօսների լեզուն պարզ պիտի դառնայ, քանզի պիտի բխի անապատում, եւ գետ՝ ծարաւած հողում։

7Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածուեն, եւ տոչորուած հողում աղբիւրի ջրեր պիտի բխեն։ Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռուողեն, եւ հօտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու եւ ճահճուտներ։

8Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, եւ ճանապարհը սուրբ պիտի կոչուի, այդ տեղով պիղծը չպիտի անցնի, “ պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, - մտամոլոր մարդիկ անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորուեն։

9Այնտեղ առիւծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մէկն այնտեղով չի անցնելու եւ այնտեղ ամենեւին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկուածները եւ Տիրոջ համար հաւաքուածները։

10Պիտի վերադառնան ու ցնծութեամբ գան , եւ նրանց գլխի վրայ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի, օրհնութիւն ու ցնծութիւն պիտի լինի նրանց գլխի վրայ, ուրախութիւնը պիտի դիմաւորի նրանց, ցաւը, տրտմութիւնն ու հեծութիւնը պիտի անհետանան։

Էջմիածին · HYEJB1994