Եսայիա մարգարեյի գիրք

36

ԱՍՈՐԵՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԻՆ

(Դ Թագ., 18. 13-27, Բ Մնաց., 32. 1-19)

1Այնպէս պատահեց, որ Եզեկիայի թագաւորութեան տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան յարձակուեց Հրէաստանի ամուր քաղաքների վրայ եւ գրաւեց։ 2Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զօրքով , Եզեկիա արքայի մօտ ուղարկեց Ռափսակին, որը եկաւ կանգ առաւ Կտաւ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերեւի աւազանի ջրմուղի մօտ։ 3Նրան ներկայացան Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապետն էր, գրագիր Սոմնասը, որ հրովարտակներ էր գրում, եւ Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր։ 4Ռափսակը նրանց ասաց. «Գնացէք յայտնեցէ՛ք Եզեկիային, որ այսպէս է ասում Ասորեստանի մեծ արքան. “Ո՞ւմ վրայ ես յոյս դրել. 5խորհրդով կամ բերանի խօսքերով պատերազմի հարց կը լուծուի՞. իսկ հիմա ո՞ւմ վրայ ես յոյս դրել, որ չես հնազանդւում ինձ։ 6Ահա դու յոյսդ դրել ես ջախջախուած եղեգնեայ ցուպի՝ եգիպտացու վրայ, որին եթէ որեւէ մէկը յենուի՝ պիտի խորտակուի, եւ այն պիտի ընկնի ձեռքից. ահա այդպիսին է Եգիպտոսի Փարաւոն արքան ամենքի համար, որոնք ապաւինել են նրան։ 7Իսկ եթէ ասէք, թէ՝ մեր Տէր Աստծուն ենք ապաւինել, ապա մի՞թէ դա նա չէ, որի բարձրադիր մեհեաններն ու զոհասեղանները Եզեկիան քանդեց եւ Հրէաստանին ու Երուսաղէմին հրաման տուեց, որ միայն իր առջեւ գտնուող զոհասեղանին երկրպագութիւն մատուցեն։ 8Դէ ուրեմն եկէք միացէ՛ք իմ տիրոջը՝ Ասորեստանի արքային, եւ ես ձեզ երկու հազար երիվար կը տամ, եթէ դուք կարողանաք դրանց համար հեծեալներ տալ։ 9Եւ դուք, որ յոյս էք դրել Եգիպտոսի վրայ, նրանց հեծեալների ու երիվարների վրայ, ինչպէ՞ս պիտի կարողանաք կռուել իմ տիրոջ աշխարհակալ զօրապետներից որեւէ մէկի հետ։ 10Արդ, ի՛նչ է, առանց Տիրոջ հրամանի՞ ենք եկել այս երկիրը՝ նրա հետ պատերազմելու համար։ Տէրն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկիրը եւ աւերի՛ր այն”»։

11Ապա Եղիակիմը, Սոմնասը եւ Յովաքը ասացին նրան. «Մեզ՝ քո ծառաների հետ խօսի՛ր ասորերէն, որովհետեւ մենք այն հասկանում ենք, մեզ հետ հրէերէն մի՛ խօսիր. ինչո՞ւ ես այդպէս խօսում, որ հասնի այն մարդկանց ականջին, որոնք պարիսպների վրայ են»։

12Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թէ միայն ձեր տիրոջ մօտ կամ ձեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը, որ խօսեմ այս բաները, եւ ո՞չ արդեօք այն մարդկանց մօտ, որոնք նստում են այդ պարսպի վրայ, որպէսզի ձեզ հետ միասին չուտեն իրենց աղբը եւ չխմեն իրենց մէզը»։

13Ռափսակը ոտքի ելաւ եւ բարձր ձայնով հրէերէն կանչեց ու ասաց. «Լսեցէ՜ք Ասորեստանի մեծ արքայի թագաւորական պատգամները։ 14Այսպէս է ասում արքան. “Թող Եզեկիան ձեզ չմոլորեցնի այնպիսի խօսքերով, որոնցով չի կարող փրկել ձեզ։ 15Եւ թող չխաբի ձեզ Եզեկիան, թէ փրկելու է ձեզ, եւ այս քաղաքը Ասորեստանի թագաւորի ձեռքը չի մատնուելու։ Մի՛ լսէք Եզեկիային”։ 16Այսպէս է ասում Ասորեստանի արքան. “Եթէ դուք ձեր բարին էք կամենում, եկէք ի՛նձ յանձնուէք, եւ իւրաքանչիւրդ կ’ուտէք ձեր այգու եւ թզենու պտուղը ու կը խմէք ձեր ջրհորի ջուրը, 17մինչեւ որ գամ եւ տանեմ ձեզ մի , որ նման է ձեր երկրին, երկիր ցորենի ու գինու, հացառատ ու այգեշատ։ 18Թող ձեզ չխաբի Եզեկիան՝ ասելով, թէ՝ “Աստուած պիտի փրկի ձեզ”. արդեօք ազգերի աստուածները կարողացա՞ն Ասորեստանի արքայի ձեռքից փրկել իրենց այս կամ այն երկիրը։ 19Ո՞ւր են Եմաթի ու Արփաթի աստուածները, ո՞ւր է Սեփարուիմ քաղաքի աստուածը. միթէ իմ ձեռքից կարողացա՞ն փրկել Սամարիան։ 20Այդ բոլոր ազգերի աստուածներից արդեօք ո՞ր մէկն էր, որ կարողացաւ իմ ձեռքից փրկել իր երկիրը, որ ձեր Աստուածն էլ կարողանայ իմ ձեռքից փրկել Երուսաղէմը”»։

21Լուռ մնացին նրանք եւ ոչ մի պատասխան չտուին, որովհետեւ թագաւորը հրամայել էր պատասխան չտալ։ 22Ապա Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապետն էր, գրագիր Սոմնասը, որը հրովարտակներ էր գրում, Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր, օձիքները պատռելով, վերադարձան Եզեկիայի մօտ եւ նրան հաղորդեցին Ռափսակի խօսքերը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն