Եսայիա մարգարեյի գիրք

38

ԵԶԵԿԻԱՅԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՊԱՔԻՆՈՒՄԸ

(Դ Թագ., 20. 1-11, Բ Մնաց., 32. 24-26)

1Այն ժամանակ Եզեկիան հիւանդացաւ մահացու հիւանդութեամբ. Ամոսի որդի Եսային եկաւ նրա մօտ ու ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Պատուէ՛ր տուր տանդ համար, որովհետեւ մեռնելու ես, չես ապրելու”»։

2Եւ Եզեկիան երեսը շրջեց դէպի պատը, արեց ու ասաց. 3«Ո՛վ Տէր. յիշի՛ր ինձ, Տէ՜ր, քանզի քո առաջ արդարութեամբ ու ճշմարիտ սրտով ընթացայ եւ քեզ համար հաճելի գործեր կատարեցի»։ Ապա մեծ ցաւով լաց եղաւ Եզեկիան։

4Եւ Տէրը, խօսքն ուղղելով Եսայուն, ասաց. 5«Գնա՛ եւ ասա՛ Եզեկիային, թէ այսպէս է ասում քո հօր՝ Դաւթի Տէր Աստուածը. “Լսեցի քո աղօթքի ձայնը եւ տեսայ քո արցունքները. ահաւասիկ քո կեանքի ժամանակի վրայ աւելացնում եմ տասնհինգ տարի. 6Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու այս քաղաքը, պիտի պահապան լինեմ այս քաղաքին”։ 7Եւ Տիրոջ կողմից թող սա նշան լինի քեզ, թէ կատարելու է այն խօսքը, որ ասաց. 8“Ահաւասիկ ես յետ եմ դարձնելու քո աստիճաններին ընկած ստուերը. քո տան տասը աստիճաններով ներքեւ իջած շողքը ես տասը աստիճանով յետ եմ շրջելու”»։ Եւ շողքը բարձրացաւ տասը աստիճան, հասաւ այնտեղ, ուր ստուերն էր իջել։

9Հրէաստանի արքայ Եզեկիայի աղօթքը այն ժամանակ, երբ նա հիւանդացաւ եւ ապաքինուեց հիւանդութիւնից.

10«Ես ասում էի, թէ երբ իմ օրերն սպառուեն, մնացած տարիներս թողած՝ ընկնելու եմ գերեզմանի դռները։

11Ասում էի, թէ երկրի վրայ այլեւս չեմ տեսնի Աստծու փրկութիւնը, էլ չեմ տեսնի մարդ ու բնակիչ։

12Զրկուեցի ես իմ ազգատոհմից, թողի իմ մնացած կեանքը, որը ելաւ ու հեռացաւ ինձնից, ինչպէս քանդւում է կանգուն տաղաւարը։ Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատուի, ինչպէս ջուլհակի ոստայնը, որ մօտ է կտրուելու։

13Այն օրը դատապարտուած մնացի մինչեւ առաւօտ. ասես առիւծը ջարդէր իմ բոլոր ոսկորները, զօր ու գիշեր դատապարտուած մնացի։

14Ճչում էի ինչպէս ծիծեռնակը եւ աղաւնու նման մնչում, որովհետեւ աչքերս տկարացան նայելուց դէպի երկնքի բարձունքը՝ դէպի Տէրը, որը փրկեց ինձ, փարատեց իմ հոգու ցաւերը

15եւ ինքն էլ սահմանեց իմ բոլոր տարիները՝ ի դառնութիւն իմ անձի։

16Այդ մասին քեզ պատմուեց, Տէ՛ր, եւ դու արթնացրիր իմ հոգին, ես մխիթարուեցի եւ ապրեցի։

17Ահաւասիկ խաղաղութեան փոխուեց իմ դառնութիւնը. դու փրկեցիր իմ հոգին, որ չկործանուեմ, ինձնից յետ վանեցիր իմ բոլոր մեղքերը։

18Գերեզմանում գտնուողները չէ, որ պիտի խոստովանեն քեզ, մեռածները չեն, որ պիտի օրհնեն քեզ, եւ ոչ էլ քո ողորմութեանն են յուսալու նրանք, ովքեր գերեզման են իջնում։

19Ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպէս ես այժմ։ Այսուհետեւ մանուկներ պիտի ծնեմ, որ պատմեն քո արդարութեան մասին,

20ո՛վ փրկիչ իմ Տէր։ Եւ իմ կեանքի բոլոր օրերին քո աստուածային տաճարի առաջ չեմ դադարելու սաղմոսարանով օրհներգելու քեզ»։

21Ապա Եսային Եզեկիային ասաց. «Թզի չի՛ր վերցրու, մանրի՛ր եւ դի՛ր վէրքիդ վրայ, եւ պիտի առողջանաս»։ 22Իսկ նա պատասխանեց. «Դա նշան է, որ Աստծու տաճա՞րը պիտի մտնեմ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն