Եսայիա մարգարեյի գիրք

39

ԲԱԲԵԼՈՆԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԸ ԵԶԵԿԻԱՅԻ ՄՕՏ

(Դ Թագ., 20. 12-19)

1Այն ժամանակ Բաբելոնի արքան Մարոդաք Բաղդանը՝ Բաղդանի որդին, պատգամաւորներ ուղարկեց Եզեկիայի մօտ՝ հրովարտակներով ու նուէրներով, որովհետեւ լսել էր, թէ նա հիւանդացել է մերձիմահ եւ առողջացել։ 2Նրանք ուրախութիւն պատճառեցին Եզեկիային, որը ցոյց տուեց նրանց իր գանձերի տները, խնկերի ու օծանելիքների, ոսկու եւ արծաթի, զէնքերի բոլոր պահեստները, ամէն բան, ինչ կար իր գանձարաններում։ Իր տանը, իր ամբողջ տէրութեան սահմաններում բան չմնաց, որ Եզեկիան նրանց ցոյց չտար։

3Եւ ահա Եսայի մարգարէն ներկայացաւ Եզեկիա արքային եւ ասաց նրան. «Ի՞նչ են ասում այդ մարդիկ, ո՞ր կողմերից են եկել մօտդ»։ Իսկ Եզեկիան պատասխանեց. «Հեռաւոր աշխարհից են եկել մօտս, Բաբելոնից»։ 4Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տան մէջ»։ Եզեկիան պատասխանեց. «Ամէն բան, ինչ որ կայ իմ տանը, տեսան։ Բան չկայ իմ տան մէջ, որ չտեսնէին, տեսան նաեւ իմ գանձերը»։ 5Եսային ասաց նրան. «Հիմա դու լսի՛ր Զօրութիւնների Տիրոջ պատգամները. 6“Ահա գալու են օրեր, երբ պիտի խլեն ամէն բան, ինչ որ կայ քո տան մէջ, ինչ որ հաւաքել են քո հայրերը մինչեւ այսօր։ Դրանք Բաբելոն պիտի տարուեն, ոչ մի բան չեն թողնելու”։ ասաց, 7թէ պիտի տարուեն նաեւ քո որդիներից շատերը, որոնք քեզնից են լինելու, որոնց դու ես ծնելու, տանելու եւ ներքինիներ են դարձնելու Բաբելոնի թագաւորի պալատում»։ 8Իսկ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ այդ խօսքը, որ դու յայտնեցիր, է. թող արդարութիւն ու խաղաղութիւն լինի իմ օրերում»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն