Եսայիա մարգարեյի գիրք

40

ՄԽԻԹԱՐՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՄԱՐ

1«Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին, - ասում է , -

2դուք՝ քահանաներդ, Երուսաղէմի սրտո՛վ խօսեցէք եւ մխիթարեցէ՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողութիւն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացաւ։

3Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները։

4Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր։

5Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը, քանզի Տէ՛րը խօսեց»։

6Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Իմացի՛ր, ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։

7Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափւում, որովհետեւ նրա վրայ փչում է Տիրոջ շունչը։ Արդարեւ, իմ այս ժողովուրդը նման է խոտի։

8Խոտը չորանում է, ծաղիկը թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»։

9Ե՛լ այդ բարձր լերան վրայ, ո՛վ աւետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ աւետաբերդ Երուսաղէմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր եւ յայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին.

10«Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են։

11Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, է լինելու յղիներին»։

ԻՍՐԱՅԷԼԻ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԸ

12Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով։

13Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար։

14Կամ թէ ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, եւ կամ ո՞վ նրան ցոյց տուեց արդարադատութիւնն ու իմաստութեան ճանապարհը, կամ անցեալում ո՞վ փոխ տուեց իրեն, որ հատուցի նրան։

15Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը՝ կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը։

16Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն,

17եւ բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչութիւն են համարւում։

18Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։

19Միթէ կո՞ւռք է նա, որին կերտել է արուեստաւորը, եւ կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանութիւն ու կերպարանք տալով նրան։

20Հիւսնն էլ անփտելի փայտն է ընտրել եւ խելք ու հնարքի դիմել, թէ ինչպէս կանգնեցնի այն, որ չշարժուի։

21Միթէ չլսեցի՞ք ու չիմացա՞ք, ի սկզբանէ ձեզ չպատմուե՞ց, չհասկացա՞ք, թէ ով հաստատեց երկրի հիմքերը։

22Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերեւ, եւ բնակիչները նրան մորեխի չափ են երեւում։ Նա է կանգնեցրել երկինքն ինչպէս կամար, ձգել՝ ինչպէս վարագոյր եւ հիմնել երկիրը՝ նրա մէջ բնակուելու համար։

23Նա է, որ իշխաններին անիշխանութեան է դատապարտում եւ երկիրն ամայացնում,

24որպէսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, եւ նրանց արմատը հողի մէջ չհաստատուի։ Նա կը փչի նրանց վրայ, եւ կը չորանան, ու փոթորիկը խռիւի նման կը քշի դրանք։

25«Արդ, ո՞ւմ կ’ուզենայիք նմանեցնել ինձ, որին զուգահաւասար լինէի», “ ասում է Իսրայէլի սուրբը։

26Աչքներդ դէպի երկի՛նք բարձրացրէք եւ տեսէ՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամէնը, ո՞վ ստեղծեց նրա համակարգութիւնը՝ մեծ փառքով եւ անհնարին ուժով ամէն ինչի տալով իր անունը. ոչ մի բան ծածուկ չի մնում նրանից։

27Մի՛ ասա, Յակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խօսում, Իսրայէ՛լ, թէ՝ “Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, եւ իմ Աստուածը վերացրեց իմ իրաւունքներն ու հեռացաւ”։

28Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ յաւիտենական Աստուածը, երկրի սահմանները հաստատող Աստուածը ո՛չ քաղց է զգում եւ ո՛չ էլ յոգնում, նրա իմաստութիւնն անքննելի է։

29Նա քաղցածներին ուժ է տալիս, բայց ցաւ չունեցողներին էլ՝ տրտմութիւն։

30Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի յոգնեն, քաջընտիր մարդիկ անզօր պիտի դառնան,

31իսկ նրանք, որոնք Տիրոջն են ապաւինում, նոր ուժ պիտի ստանան եւ նոր փետուրներով զարդարուեն ինչպէս արծիւներ, պիտի վազեն, բայց չպիտի յոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։

Էջմիածին · HYEJB1994