Եսայիա մարգարեյի գիրք
41
ԱՍՏՈՒԱԾ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԱՐԴԱՐԻՆ
1Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի իշխանները նորոգուելու են զօրութեամբ, մօտենալու են ու միասին խօսելու եւ պատմելու են արդար դատաստանի մասին։
2Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը,
3նրանց փախստական է դարձնելու եւ խաղաղութեամբ անցնելու է այն ճանապարհները, որոնք իր ոտքերի համար են։
4Արդ, կ’ասէ՞ք, թէ Նա չի գալու. ո՞վ արեց ու կատարեց այս ամէնը, ո՞վ կանչեց նրան, որ կանչւում էր առաջին ցեղերից։ Ես եմ Տէրն առաջին, նոյնն եմ լինելու եւ յաւիտեան։
5Տեսան ինձ հեթանոսները եւ վախեցան, երկրի բոլոր ծագերը սարսափեցին. իրար մօտեցան եւ միասին եկան։
6Ամէն մէկը մտքում դրեց ընկերոջն ու եղբօրն օգնական լինել՝ ասելով.
7«Թող հիւսնը քաջալերի դարբնին՝ կռելու, կոփելու եւ մուրճով հարուածելու, եւ ասի՝ ինձ համար լաւ օգնութիւն եղաւ»։ Գամերով գամում են կուռքերը, դնում գետնի վրայ, որպէսզի չշարժուեն։
8Բայց դու, ո՛վ իմ ծառայ Իսրայէլ, ո՛վ Յակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զաւակ, որին սիրեցի,
9որին օգնական եղայ՝ երկրի ծայրերից ու նրա եզերքներից կանչելով նրան եւ ասելով, թէ՝ «Դու իմ ծառան ես, քեզ ընտրեցի ես եւ չեմ լքի քեզ», -
10դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբուիր, քանզի ես եմ քո Աստուածը, ես, որ զօրացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
11Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, եւ բոլոր քեզ ամբաստանողները պիտի կորչեն։
12Եթէ փնտռես էլ, չես գտնելու այն մարդկանց, որոնք քո դէմ թշնամութիւն էին անում, քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան։
13Արդարեւ, ես եմ քո Տէր Աստուածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ, թէ՝ «Մի՛ վախեցիր, ես կ’օգնեմ քեզ»։
14«Չվախենաս, Յակո՛բ, որ որդ ես հիմա, եւ դու, Իսրայէ՛լ, որ սակաւամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ», - ասում է Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որը փրկելու է քեզ։ -
15Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես։
16Հողմերը պիտի տանեն դրանք, եւ մրրիկները պիտի ցրեն։ Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի սրբով։
17Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները, որոնք ջուր էին փնտռում ու չէին գտնում, եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին։ Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս, կը լսեմ նրանց եւ չեմ լքի նրանց։
18Գետեր կը բխեցնեմ լեռների վրայ եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ, անապատը կը վերածեմ ջրերի լճակների եւ տոչորուած երկիրը՝ վտակների։
19Անջրդի հողում մայրի ու տօսախ, մրտենի ու նոճի, սօսի ու դափնի, սոճի ու կաղամախի, գիհի ու ձիթենի կ’աճեցնեմ,
20որպէսզի տեսնեն ու գիտենան, ճանաչեն ու իմանան բոլորը, թէ Տիրո՛ջ ձեռքը կատարեց այդ ամէնը, եւ Իսրայէլի սո՛ւրբը հաստատեց»։
ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐ ԿՈՒՌՔԵՐԻՆ
21«Մօտեցել է ձեր արդար դատաստանը, - ասում է Տէր Աստուած, - «Մօտեցել է ձեր արդար դատաստանը», - ասում է Յակոբի թագաւորը։
22Թող մօտենան ու պատմեն ձեզ, թէ ի՛նչ դէպքեր են կատարուելու։ Եւ կամ առաջներում կատարուածներն էլ թող մեզ պատմեն, որպէսզի մտքներս պահենք եւ գիտենանք, թէ ի՛նչ եղաւ առաջ, եւ ի՛նչ է լինելու յետոյ։
23Ասացէ՛ք, պատմեցէ՛ք մեզ, թէ վերջում ի՛նչ է լինելու, որ իմանանք. եթէ աստուածներ էք՝ բա՛րին կատարեցէք, չարը կատարեցէք, որպէսզի տեղնուտեղը տեսնենք ու զարմանանք, թէ ո՛րտեղից էք դուք, եւ ո՛րտեղից է գալիս ձեր արածը,
24որովհետեւ պիղծ են նրանք, որ երկրից ընտրել են ձեզ։
25Բայց ես պիտի արթնացնեմ հիւսիսային մարդուն եւ արեւելեանին, նրանք պիտի կանչուեն իմ անունից, պիտի գան իշխանները, եւ բրուտի կաւի նման դուք պիտի տրորուէք այնպէս, ինչպէս բրուտն է տրորում։
26Ո՞վ կը պատմի սկզբում եղածի մասին, որ գիտենանք, եւ կամ աւելի առաջ կատարուածի մասին, որ ասենք, թէ ճշմարիտ է. ո՛չ առաջներում եղածի մասին պատմող կայ, եւ ո՛չ էլ մէկը, որ լսի ձեր խօսքերը։
27Սկսեմ Սիոնից եւ ճանապարհին մխիթարեմ Երուսաղէմին։
28Ահաւասիկ ոչ մի հեթանոս չկայ, չկայ նաեւ նրանց կուռքերից ոչ մէկը, որ պատմի, ու եթէ հարցնեմ իսկ նրանց, թէ՝ որտեղի՞ց էք, ինձ պատասխան չեն տայ։
29Ունայն են նրանք, որ կերտել են ձեզ, սնոտի են նրանք, որ ստեղծել են ձեզ։
Էջմիածին · HYEJB1994